Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Հայաստանում ԱՄԷ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը նվերներ հանձնեց Գավառի մանկատան սաներին

Հայաստանում ԱՄԷ դեսպանության  գործերի ժամանակավոր հավատարմատարը 
նվերներ հանձնեց Գավառի մանկատան սաներին

ԳԱՎԱՌ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանում ԱՄԷ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ Ռաշիդ Ալ Սալամին  Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի եւ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի ուղեկցությամբ այցելեց Գավառի մանկատուն եւ  նվերներ հանձնեց  մանկատան սաներին:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Գավառի մանկատան տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նաիրա Խանդանյանը եւ փոխտնօրեն Նիկոլայ Նալբանդյանը հյուրերին ծանոթացրին մանկատան սաների կեցության, կրթության ու ժամանցի պայմաններին: Դեսպանության ժամանակավոր հավատարմատարը, նախարարը եւ մարզպետը եղան մանկատան կարի,  գորգագործական, թատերական եւ համակարգչային խմբակներում, ճաշարանում, ննջասենյակներում ու դասասենյակներում, զրուցեցին մանկատան  սաների եւ դաստիարակների հետ: Մանկատան ղեկավարների ներկայացմամբ՝ 2021 թվականի դեկտեմբերի դրությամբ Գավառի մանկատանը խնամվում են 56 սան, որոնցից 44-ը դպրոցական տարիք ունեն, մի մասն էլ հադիսանում են բուհերի ուսանողներ: Գորգագործության ու կարի խմբակների սաների աշխատանքներն իրացվում են տարեվերջին կազմակերպվող տոնավաճառներում, իսկ խմբակների սաները հիանալի են տիրապետում գորգագործությանն ու կարուձեւին, աշխատակցում  մասնագիտացված ընկերություններին: «Մանկատան չափահաս դարձած սաների համար գործում են բնակարաններ ձեռք բերելու, բարձրագույն կամ մասնագիտական կրթություն ստանալու  տարբեր ծրագրեր, արվում է հնարավորը, որպեսզի նրանք գտնեն իրենց տեղը կյանքում »,-հավաստիացրեց մանկատան տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը:

Շրջայցի ավարտին մանկատան սաներին եւ դաստիարակներին ողջունեցին ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար  Նարեկ Մկրտչյանը եւ Հայաստանում ԱՄԷ դեսպանության ժամանակավոր հավատարմատար    Ահլամ Ռաշիդ Ալ Սալամին: «Ուզում եմ հավատացնել ձեզ, որ դուք գտնվում եք մեր ուշադրության ներքո: Մենք բոլորս  ունենք պարտավորություն, միշտ պատրաստ ենք՝ այցելելու եւ լսելու ձեզ, համատեղ  քննարկելու ի հայտ եկած խնդիրները եւ առաջարկությունները, անելու հնարավորը, որպեսզի ավելի հետաքրքիր ու բովանդակալից անցնի ձեր կյանքն այստեղ »,-նշեց նախարարը:

 «Ես շատ ուրախ եմ ջերմ ընդունելության համար: Ամեն ինչ պարզապես տպավորիչ է: Նկատելի է այն հոգածությունը, որ պետական մարմինները եւ տնօրինությունը ցուցաբերում են մանկատան սաների հանդեպ: Ինչ խոսք, նման բարձրակարգ խնամքի, կրթության ու դաստիարակության պայմաններում այստեղից դուրս են գալիս ապագայի ձեւավորված մասնագետներն ու հասարակության համար միանգամայն պիտանի մարդիկ: Արաբական Միացյալ Էմիրություններն այսօր լայն աջակցություն է ցուցաբերում տարբեր երկրների խնամքի հաստատություններին, այդ թվում՝ Գավառի մանկատանը: Մարդասիրական ձեռնարկները դարձնելով ռազմավարական հիմնական ուղղություն ու նպատակ:  Այս անգամ տարեմուտից առաջ մեր նվերները ձմեռային հագուստների տեսքով են, սակայն  մենք շարունակելու ենք մեր հետագա առաքելությունը այլ կարգի օժանդակությունների տեսքով՝ համագործակցությունը պահպանելով նախարարության եւ Գեղարքունիքի մարզպետարանի հետ»,-նշեց Ահլամ Ռաշիդ Ալ Սալամին :

Այցի ավարտին պատվավոր հյուրերին գրական-երաժշտական կատարումներով ողջունեցին Գավառի մանկատան թատերական խմբակի սաները:

Խոսրով Խլղաթյան  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am