Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Շառլ Ազնավուրի հրապարակը համալրվեց կինոօպերատոր Ռուդոլֆ Վաթինյանի աստղով

Շառլ Ազնավուրի հրապարակը համալրվեց կինոօպերատոր Ռուդոլֆ Վաթինյանի աստղով

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի և Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախաձեռնությամբ նոյեմբերի 5-ին Շառլ Ազնավուրի անվան հրապարակում բացվեց  անվանի կինոօպերատոր Ռուդոլֆ Վաթինյանի աստղը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրերի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը հիշեցրեց, որ 2021-ին կյանքից հեռացան Ռուդոլֆ Վաթինյանն ու Լևոն Աթոյանցը, որոնց կորուստը ցավալի է ոլորտի բոլոր ներկայացուցիչների համար:

«Ռուդոլֆ Վաթինյանը ժամանակին  փնտրտուքների, որոնումների մեջ է եղել, հետո եկել է այն ձեռագրին, որը կա, իսկ ավելի ուշ այդ ձեռագիրը ևս փոփոխությունների է ենթարկվել: Եվ երբ համեմատում ենք դասական ու ներկայիս կինոդպրոցները, անպայման չէ, որ ներկայիս դպրոցը պարտվի: Ժամանակն առաջ է գնում, մոտեցումներն են փոխվում: Հիմա էլ կան օպերատորներ, որոնք հեռանկարային են, փնտրտուքների մեջ են, ինչպես և ժամանակին Վաթինյանը»,-ասաց Ավետիսյանը:

Նա տեղեկացրեց, որ օրեր անց պատրաստվում են ցուցադրել Վիգեն Չալդրանյանի  «Տեր, ողորմյա» ֆիլմը, որում մասնակցություն է ունեցել Ռուդոլֆ Վաթինյանը: «Այն մեր անկախության շրջանի ֆիլմերից է, իսկ այս տարի Երրորդ Հանրապետության 30-ամյակն է, ինչը այս կինոնկարին անդրադառնալու լավ առիթ է»,-նշեց Ավետիսյանը:

Միջոցառումից հետո Միրզոյան գրադարանի ցուցասրահում  Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ էլ բացվեց Ռուդոլֆ Վաթինյանի  ծննդյան 80- ամյակին նվիրված «Վերջին արդիները. Ռուդոլֆ Վաթինյան ֆոտո-դիմանկարները՝ 1960-80թթ.» ցուցահանդեսը։

Ռուդոլֆ Վաթինյանը ծնվել է 1941 թվականին Դիլիջանում: 1959-ին ավարտել է Դիլիջանի թիվ 1 միջնակարգ դպրոցը։ Փոքր տարիքից զբաղվել է նկարչությամբ, քանդակագործությամբ և մոդելագործությամբ։ Ընկերներով ակտիվորեն հետևել են  Վանիկ Շահաբյանի գործունեությանը։ Հետագայում սկսել է զբաղվել լուսանկարչությամբ և ընդունվել աշխատանքի տեղական թերթի խմբագրություն։ 1965-ին ընդունվել է և 1970-ին ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիստների համամիութենական ինստիտուտի օպերատորական բաժինը (ՎԳԻԿ)։ 1970 թվականից աշխատել «Հայֆիլմ»  կինոստուդիայում որպես օպերատոր։ Ավարտելուց հետո աշխատել է որպես երկրորդ օպերատոր Սերգեյ Իսրայելյանի մոտ «Խաթաբալա» ֆիլմում, որի ռեժիսորն էր Յուրի Երզնկյանը, որի հետ միասին աշխատել են «Այս կանաչ, կարմիր աշխարհը» ֆիլմում, որը շատ բարձր էր գնահատել Սերգեյ Փարաջանովը: Շատ ֆիլմերում են աշխատել ռեժիսոր Կարեն Գևորգյանի հետ, որը նախկինում եղել էր օպերատոր։ Այդ ֆիլմերից են «Օգոստոս» և «Պուտիկավոր շունը, որը վազում է ծովի եզրով»՝ հիմնված է Չինգիզ Այթմատովի պատմվածքի վրա։ Կրկնակի պարգևատրվել է պետական մրցանակով։ Աշխատել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության քարտուղարն է եղել: Լավագույն օպերատոր է ճանաչվել և մրցանակի արժանացել «Սիրով և երախտագիտությամբ», «Օգոստոս», «Տեր, ողորմյա» ֆիլմերի համար։

Մահացել է 2021 թվականի հունվարի 2-ին։

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]