Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երկխոսություն և թշնամության մթնոլորտի հաղթահարում. Փաշինյանը ՀԱՊԿ-ում խոսեց խաղաղ զարգացման նոր դարաշրջանի բացման մասին

Երկխոսություն և թշնամության մթնոլորտի հաղթահարում. Փաշինյանը ՀԱՊԿ-ում խոսեց 
խաղաղ զարգացման նոր դարաշրջանի բացման մասին

ԴՈՒՇԱՆԲԵ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նեղ կազմով նիստին անդրադարձավ Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վարչապետն իր խոսքում նշել է, որ ՀԱՊԿ հավաքական պատասխանատվության գոտու պարագծով արձանագրվում են մարտահրավերների և սպառնալիքների նոր դրսևորումներ: «Մեր տարածաշրջանն այսօր կանգնած է շատ կարևոր փոխակերպումների շեմին: Քաղաքական կամքի և իմաստության դրսևորման պարագայում դրանք կարող են փոխել ներկայիս պատկերը և բերել տարածաշրջանում իրական խաղաղության պայմանների ձևավորմանը: Մեր կառավարությունն իր գործունեության ծրագրում նպատակ է դրել բացել երկրի և տարածաշրջանի խաղաղ զարգացման նոր դարաշրջան: Եվ մենք, հաղթելով այս տարվա հունիսին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում, ստացանք այս հիմնարար նպատակին հասնելու մանդատ»,- ընդգծեց Փաշինյանը։

Վարչապետը ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին ներկայացրեց, թե ինչպես է պատկերացնում խաղաղ զարգացման նոր դարաշրջանի նպատակին հասնելը. «Երկխոսության ճանապարհով, թշնամության մթնոլորտի աստիճանաբար հաղթահարման ճանապարհով, ինչը, ցավոք, գոյություն ունի մեր տարածաշրջանում, տարածաշրջանային բոլոր տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների բացման ճանապարհով: Այս համատեքստում շատ կարևոր է այն պայմանավորվածությունների իրականացումը, որոնք ամրագրվել են Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի` 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով»։

Վարչապետը պետությունների ղեկավարների ուշադրությանը հրավիրեց մի շատ կարևոր նրբերանգի վրա. տնտեսական և քաղաքական հարցերի լուծման համար խիստ կարևոր է մթնոլորտը, որում դրանք քննարկվում են: «Ցավոք, պետք է տեղեկացնեմ, որ Ադրբեջանը մինչ այժմ չի վերադարձրել բոլոր հայ ռազմագերիներին, ձերբակալվածներին և պահվող այլ անձանց` չնայած 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետին և չնայած մեր գործընկերների ջանքերին, այդ թվում` Ռուսաստանի Դաշնության և նախագահ Պուտինի ջանքերին: Այդ զուտ մարդասիրական հարցը պետք է լուծվի առանց հետաձգման և այդ հարցում ես ակնկալում եմ ձեր աջակցությունը»,- եզրափակեց Փաշինյանը

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am