1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գնել Սանոսյանն ու Չինաստանի դեսպանը քննարկել են երկկողմ գործակցությանն առնչվող հարցեր

Գնել Սանոսյանն ու Չինաստանի դեսպանը քննարկել են երկկողմ գործակցությանն 
առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն օգոստոսի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարությունից հայտնում են, որ քննարկվել են ենթակառուցվածքների ոլորտում հայ-չինական գործակցությանն առնչվող հարցեր։

«Հայ-չինական բարեկամական հարաբերությունների համատեքստում առկա են ենթակառուցվածքային տարբեր՝ հատկապես ճանապարհաշինության, էներգետիկայի, տրանսպորտի ոլորտներում համագործակցությունը զարգացնելու լավ հեռանկարներ», - իր խոսքում նշել է Գնել Սանոսյանը:

ՏԿԵ նախարարը կարևորել է ճանապարհաշինության ոլորտում երկկողմ գործակցության զարգացման և առկա հարցերի կարգավորման ուղղությամբ համատեղ աշխատանքների շարունակումը։ Դեսպան Ֆան Յոնն էլ հաստատել է, որ չինական կողմը նույնպես հետաքրքրված է զարգացնելու Հայաստանի հետ ենթակառուցվածքային համագործակցությունը։

Նշվում է, որ անդրադառնալով Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 3-ի Թալին-Գյումրի ճանապարհահատվածի վերակառուցման աշխատանքներին և ծրագրի իրականացման ընթացքում ի հայտ եկած որոշակի խնդիրներին՝ դեսպանը տեղեկացրել է, որ դրանք իր ուշադրության կենտրոնում են, և վստահեցրել է, որ երկկողմ ակտիվ աշխատանքների և համատեղ ջանքերի միջոցով հնարավոր կլինի ընթացիկ հարցերը կարգավորել և ապահովել նախանշված արդյունքները։

Նախարար Գնել Սանոսյանը, Չինաստանի դեսպանին տեղեկացնելով Հյուսիս-հարավ ծրագրի Տրանշ 4-ի Սիսիան-Քաջարան նոր հատվածի կառուցման նախագծի և նախատեսվող մեծածավալ աշխատանքների մասին, առաջարկել է աջակցել շինարարության և տեխնիկական վերահսկողության համար հայտարարվելիք մրցութային գործընթացներում չինական ընկերություններին ներգրավելու գործում։ Ընդգծելով կառուցվելիք ճանապարհի ռազմավարական մեծ նշանակությունը Հայաստանի համար՝ ՏԿԵ նախարարը կարևորել է չինական խոշոր և մեծ հզորություններ ունեցող ընկերությունների մասնակցության հնարավորությունները։

Քննարկել են նաև էներգետիկ ոլորտում երկկողմ գործակցությանն ու առկա նախագծերի իրականացման ընթացքին առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ պղնձաձուլարանի կառուցման ծրագիր իրականացնելու նպատակով չինական ընկերությունների կողմից ներդրումներ կատարելու հետաքրքրվածության և այդ ուղղությամբ հնարավոր համագործակցության հարցերին։

«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցության համատեքստում հայ-չինական համագործակցության ընդլայնման հնարավորությունները, և դեսպան Ֆան Յոնը նշել է տարածաշրջանային համագործակցության զարգացմանը նպաստելու Չինաստանի պատրաստակամությունը»,- հավելում են ՏԿԵ նախարարությունից:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]