Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

Ազգային գրադարանի երգչախումբը կհանրահռչակի հայ և օտար գրողների ստեղծագործությունները

Ազգային գրադարանի երգչախումբը կհանրահռչակի հայ և օտար 
գրողների ստեղծագործությունները

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի ազգային գրադարանի և «Արար» երգչախմբի համագործակցության արդյունքում գրադարանը կունենա երգչախումբ, որը կկատարի հայ և համաշխարհային գրականության մեծերի ստեղծագործությունների հիման վրա գրված երգչախմբային գործեր: Երգչախմբում կընդգրկվեն գրադարանի աշխատակիցներն ու ընթերցողները:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «ԱՐԱՐ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար Գոռ Մելքումյանը, որը ղեկավարելու է նաև Ազգային գրադարանի երգչախումբը, պատմել է նոր երգչախմբի ստեղծման գաղափարի և կարևորության, կազմի, առաջիկա անելիքների մասին:

«Տասը տարի ղեկավարում եմ «ԱՐԱՐ» երգչախումբը և երկար տարիներ Ազգային գրադարանի ընթերցող եմ: Երգը, երաժշտությունը, հատկապես երգչախմբային արվեստն այս օրերին չափազանց կարևոր գործոն կարող են լինել մեր հասարակության, պետության վերականգնման, առողջացման, հասարակական, մարդկային շփումների հաստատման համար: Այդ մասին տարբեր հարթակներում հոդվածներ եմ հրապարակել և դրանց կիրառական բնույթ տալու համար փորձում եմ իրականացնել ծրագրեր, որոնցում շատ մարդիկ կներգրավվեն և կսկսեն զբաղվել երգչախմբային արվեստով: Մեզ համար և՛ քանակապես, և՛ որակապես լավ լսարան է Հայաստանի ազգային գրադարանն իր աշխատակազմով ու ընթերցողներով»,-պատմեց Մելքումյանն ու հավելեց, որ, խոսելով Ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանի հետ, որոշել են հիմնել Ազգային գրադարանի երգչախումբ և կազմակերպել երգչախմբի բնույթից բխող տարբեր միջոցառումներ:

Ըստ Մելքումյանի՝ շատ կարևոր է, որ երգչախումբը, հատկապես դասական երաժշտություն կատարելու նպատակ ունեցող երգչախումբը, որը հիմնելու են, ժամանցային չլինի: Նա կարծում է, որ մեր օրերում երաժշտությունը մեծապես կապում են ժամանցի հետ. մարդիկ երաժշտության միջոցով վայելքների են տրվում, իսկ իրենք ասում են, որ բարձրարժեք երաժշտությունը և առհասարակ մշակույթը ժամանցի համար չեն: «Փորձելու ենք ունենալ մի երգչախումբ, որն իր գործունեությամբ մարդկանց վեհացնելու է և փոխանցելու  է լիցքեր, որոնք այսօր դժվար է ստանալ: Մենք մշակույթից դուրս ենք եկել ու ապրում ենք քաղաքակրթական տարբեր վայրիվերումներում, որտեղ մշակույթը պարզապես ամենացածր նիշի վրա է: Երգչախմբում երգելով՝ մարդիկ մշակույթի սպառողից վերածվելու են մշակույթ վերարտադրողների, որոնք ստեղծելու են այն: Ավա՜ղ, մեր հասարակությունը վերջին հարյուրամյակում դարձել է մշակույթ սպառող, որը ձևավորում է առևտրական մարդու տեսակը: Մենք ասում ենք, որ պետք է ետ գանք մշակույթ արտադրող տեսակին»,- ընդգծեց  Գոռ Մելքումյանը:

Խմբավարը վստահեցնում է, որ երգչախումբը մարդկային ամենանուրբ գործոններն է հաշվի առնում, որովհետև երգչախմբում երգում են միասին շնչելով, միասին մտածելով, նույն զգացմունքներով ու զգացողությամբ, և դա շատ նուրբ միջավայր է: Նման միջավայրեր երաժշտությունից դուրս հազվադեպ կարելի է գտնել:

Անդրադառնալով երգչախմբի անդամների քանակին՝ Մելքումյանը նշեց, որ դեռ հստակ չի կարող ասել, թե քանիսը կլինեն, քանի որ Հայաստանում երգողների լուրջ խնդիր կա: «Մենք սկսել ենք չերգել, դառնալ չերգող ազգ, և երգչախումբ հավաքելը ծանր ու բարդագույն գործ է դարձել: Տարբեր ձևաչափերով լուսաբանում ենք այս երևույթը: Պետք է ներգրավվեն այն մարդիկ, որոնք առաջին հերթին երգելու ցանկություն ունեն: Նրանց մեջ, հավանաբար, կլինեն երաժշտական կրթություն ունեցողներ, որոնց շուրջ կձևավորվի երգչախումբը, որը պետք է անպայման պրոֆեսիոնալ լինի՝ հաշվի առնելով երգողների առավելագույն կարողությունները»,-տեղեկացրեց խմբավարը:

Փորձելու են ընդգրկել և՛ կանանց, և՛ տղամարդկանց, և՛ տարեցների, և՛ երիտասարդների: Խտրականություն չեն դնելու, բայց անդամները պետք է անցնեն լսումների փուլը, որպեսզի հասկանան, թե ինչ մակարդակի պետք է լինեն երգչախմբի առաջին քայլերը, և որտեղից պետք է սկսեն, որովհետև երաժշտական կրթություն ունեցողների հետ պետք է այլ կերպ աշխատել, չունեցողների հետ՝ այլ:

Բոլոր նրանք, ովքեր կցանկանան ընդգրկվել երգչախմբում, բայց չեն լինի Ազգային գրադարանի ընթերցողներ, կարող են պարզապես դառնալ ընթերցող և հայտ ներկայացնել երգչախմբում երգելու համար:

Խոսելով այն երաժշտության մասին, որը հնչեցնելու է երգչախումբը՝ Գոռ Մելքումյանը շեշտեց, որ նուրբ թելեր են անցնում Ազգային գրադարանի, գրքի, գրականության և երգչախմբի միջև: «Մենք ունենք բազմաթիվ գրողներ, որոնց տեքստերի, բանաստեղծությունների հիման վրա ստեղծվել են երգչախմբային գործեր: Սա առիթ է, որ Ազգային գրադարանի երգչախումբը հնչեցնի այդ կոմպոզիտորների ու բանաստեղծների ստեղծագործությունները, որոնք կլինեն և՛ հայ, և՛ համաշխարհային գրականության ներկայացուցիչներ: Իհարկե, միշտ կշեշտադրվի հայկականը»,- հայտնեց նա:

Երգչախումբը գործելու է գրադարանի շենքում: Գրադարանում կա երկու դահլիճ՝ մեկը մեծ, որտեղ միջոցառումներ են անցկացվում, մյուսը՝ փոքր: Փոքր դահլիճում նախատեսվում են փորձերը, իսկ  մեծ դահլիճում՝ համերգային ծրագրերը:

«Երգչախմբի համար դեռ հատուկ անուն չենք ընտրել: Ասում ենք՝ Ազգային գրադարանի երգչախումբ, ինչը բավականին ճոխ է հնչում: Աշխարհում կան հայտնի երգչախմբեր, որոնք կոչվում են, օրինակ, այսինչ երկրի հանրային ռադիոյի երգչախումբ և այլն: Մեզ համար, պետության և բոլորի համար պատիվ է, եթե Ազգային գրադարանն ունենա երգչախումբ ու հենց այդ անվամբ հանդես գա»,- շեշտեց Գոռ Մելքումյանը:

Խմբավարը հայտնեց, որ «Արար» երգչախումբը այլ գրադարանների հետ համագործակցության փորձ արդեն ունի: Երկար ժամանակ փորձերն իրականացրել է Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում, ինչի համար շնորհակալ են տնօրինությանն ու բոլոր նրանց, ովքեր ունեն այն գիտակցումը, որ գրադարանները և գրադարանի միջավայրը կարող են նպաստել նման վեհ գաղափարների իրագործմանը, ինչը համահունչ է գրադարանի գաղափարախոսությանը:

Զրուցեց Անժելա Համբարձումյանը

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]