Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Նկարիչների միությունը խոստանում է ցուցահանդեսներով և այլ միջոցառումներով հարուստ ամիսներ

Նկարիչների միությունը խոստանում է ցուցահանդեսներով և այլ միջոցառումներով 
հարուստ ամիսներ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նկարիչների միությունն ամբողջ ամառվա ընթացքում խոստանում է հետաքրքիր ու բովանդակային ցուցահանդեսներ, որոնցում կներկայացվեն ինչպես արդեն իսկ կշիռ ունեցող և ականավոր, այնպես էլ երիտասարդ ստեղծագործողների աշխատանքներ:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում միության նախագահ Սուրեն Սաֆարյանը կարևորեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության հետ նախաձեռնած  «Իրանը հայ արվեստագետների աչքերով» ցուցահանդես-մրցույթը, որի առաջին փուլն արդեն ավարտվել է: «Ընտրվել են նկարիչները և նրանց գործերը: Ցուցահանդեսը նախատեսվում  է կազմակերպել աշնանը: Ժյուրին ընտրելու է հինգ մասնակցի, որոնք կմեկնեն Իրան՝ ծանոթանալու տեղի մշակույթին և ստեղծագործելու, իսկ հաջորդ տարի նախատեսվում է պարսիկ նկարիչների այցը Հայաստան: Կգործի նույն ձևաչափը, և կտեսնենք Հայաստանը նրանց աչքերով»,-պատմեց Սաֆարյանը:

Նա նշեց, որ ծրագրի նկատմամբ հետաքրքրությունը շատ մեծ է եղել: Նկարիչների միության «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում պարբերաբար թարմացվել է ինֆորմացիան, և մասնակիցների թիվը մեծ է եղել: Առաջիկա ցուցահանդեսում ներկայացվելու է մոտ 70 գործ, որոնց մեծ մասն արվել է 2021 թվականին հատուկ  նախագծի համար: Սաֆարյանի խոսքով՝ մասնակիցները հիմնականում անդրադարձել են Իրանի ճարտարապետական կառույցներին, ստեղծագործել պեյզաժ, նատյուրմորտ, աբստրակցիա և այլ ժանրերում:

Հուլիսի 2-ին էլ միության «Արա Սարգսյան» սրահում և երկրորդ հարկի ցուցասրահում հետաքրքիր ցուցադրություններ են բացվել: «Առաջին հարկի ցուցադրությունը կրում է «Սև» խորագիրը: Նպատակն է բացառել սևը որպես վատ գույն: Շատ յուրատիպ ցուցահանդես է, որում ներառվել են ժամանակակից հայ նկարիչների գործեր, նկարիչների, որոնք ժամանել են տարբեր երկրներից, իսկ մյուսը Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի նորավարտ նկարչուհի Մարինե Ստեփանյանի անհատական ցուցահանդեսն է, որում ընդգրկվել են նրա գրաֆիկական աշխատանքները»,-ընդգծեց միության նախագահը:

Սաֆարյանը նշանակալի իրադարձություն է համարում նաև «Արվեստանոց» պարբերականի՝ միության կողմից լույս ընծայումը, որը թերթելով կարելի է ծանոթանալ միության գործունեությանը, ցուցահանդեսներին, միջազգային անդրադարձերին, հյուրերին նվիրված և այլ բաժինների:  Այն լույս է տեսնելու երեք ամիսը մեկ անգամ:

Հուլիսին, օգոստոսին և մինչև տարեվերջ անընդհատ ցուցահանդեսներ են  կազմակերպվելու, իսկ աշնան կարևոր միջոցառումներից է ավանդական դարձած «Աշնանային սալոն» ցուցահանդեսը, որում ներկայացվում են միայն միության անդամների բազմաժանր և բազմաբովանդակ ստեղծագործությունները:

Խոսելով երիտասարդ նկարիչների, քանդակագործների մասին՝ Սաֆարյանն ասաց, որ կասկած անգամ չկա՝ հիանալի սերունդ է մեծանում: «Դասավանդում եմ Գեղարվեստի պետական ակադեմիայում որպես գծանկարի դասախոս և շատ լավ գիտեմ մեր ուսանողներին: Հրաշալի սերունդ է. ակտիվ մասնակցում են մեր ցուցահանդեսներին: Օրեր առաջ ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի սաները ստեղծագործական հավաքի շրջանակում մեկնել էին Շողակաթ համայնքի միության ստեղծագործական տուն, որը Սևանի ափին է: Նրանք այնտեղ ստեղծագործել են»,-պատմեց Սաֆարյանն ու շեշտեց, որ ստեղծագործական տունը ժառանգություն են ստացել բազում խնդիրներով, բայց ամեն տարի ներդրում են արել, և այս տարի առաջին մասնաշենքի առաջին  հարկի վեց  սենյակ ամբողջությամբ վերանորոգվել է:

Անժելա Համբարձումյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]