Հայանիստի` փլուզման եզրին գտնվող դպրոց երեխաները վախով են հաճախում. կառավարությունը ելքեր է փնտրում
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արարատի մարզի Հայանիստ համայնքի դպրոցն արդեն մեկ շաբաթից ավելի է փլուզման եզրին է։ Ապրիլի 10-ին ուժգին քամին էլ ավելի վթարային է դարձրել՝ հիմնանորոգման կարիք ունեցող շենքը։ Տնօրեն Արմինե Ավետիսյանի խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել դասապրոցեսն ավարտվելուց անմիջապես հետո. քամու հետևանքով դպրոցի տանիքն ամբողջությամբ փլուզվել է, ավերվել է նաև կրթական հաստատության պատը։
Հաջորդող հորդառատ անձրևն էլ լցվել է դասասենյակներն ու էլ ավելի վթարային դարձրել դպրոցը։ «Դեպքից անմիջապես հետո մենք դիմել ենք մարզպետարանի համապատասխան վարչություն»,- նշեց Ավետիսյանը։
Արարատի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ խնդրի մասին տեղեկացրել են պատկան մարմիններին։
Կրթության բաժնի պետ Ալբերտ Մկրտչյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դպրոցի շենքը, անկախ քամու հասցրած վնասից, վթարային էր համարվում և այնտեղ նախատեսում էին լուրջ աշխատանքներ իրականացնել։
«Մարզպետարանի քաղաքաշինության վարչությունը դիմել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն և որպեսզի ավելորդ գումարներ չծախսվեն, քննարկվում է հարցը դիտարկել այն տեսանկյունից, որ միգուցե որոշակի գումարների հատկացում արվի և սկսվի շենքի կապիտալ վերանորոգման աշխատանքները։ Խնդիրը բարձրացված է, և փորձում ենք կառավարության հետ համագործակցված լուծում տալ»,-նշեց Մկրտչյանը։
Այն հարցին՝ հնարավոր է դպրոցում դասերը հետաձգվեն կամ այլ վայր տեղափոխվեն, Մկրտչյանն ասաց, որ պայմանավորված ընթացքից՝ որոշակի լուծում կգտնեն։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից էլ մեզ տեղեկացրին, որ դպրոցը 47 դպրոցների հետ ներառված է սեյսմակայունության ապահովման ցանկում, և կախված ընթացքից՝ կորոշվի նաև կրթական հաստատության հիմնանորոգմանն առաջնահերթություն տալու հարցը։
Ապրիլի 10-ին գրանված ավերածությունից հետո երեխաները, անվտանգության նկատառումներից ելնելով, երեք օր հեռավար են անցկացրել դասերը, սակայն ոչ արդյունավետ լինելու հետևանքով՝ հաստատությունը նորից անցել է առկա ուսուցման։
Համայնքի միակ դպրոցում՝ «անվտանգ» դասասենյակների սուղ լինելու պատճառով, դասերն անցկացվում են երկու հերթով։ Ծնողները նշում են, որ ամեն օր իրենց երեխաներին վախով են ուղարկում հաստատություն, իսկ 21-րդ դարում նման դպրոց ունենալն ուղղակի խայտառակություն են համարում։
Նրանք անհանգստացած են ոչ միայն դպրոցի վթարային վիճակով, այլև դեպի դպրոց տանող միակ ճանապարհով՝ որը, մայթի բացակայության պատճառով, բառացիորեն ձգվում է մայրուղու երկայնքով։ 2017 թվականին հենց այդտեղ են վրաերթի ենթարկվել ու մահացել դպրոցի տնօրենն ու գյուղի մի բնակչուհի։
Հայանիստ համայնքի միակ դպրոցը կառուցվել է 1971 թվականին։ 2019 թվականին՝ երրորդ կարգի վթարային համարվելով՝ հաստատությունը ներառվել է Կառավարության՝ դպրոցների վերանորոգման ցանկում։ Կրթական հաստատություն մոտ 400 երեխա է հաճախում՝ ինչպես համայնքից՝ այնպես էլ հարակից գյուղերից, այժմ նաև Արցախից։