1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Նոր գիրք»-10/21. Նորույթներ՝ գրապահարանները համալրելու համար

«Նոր գիրք»-10/21. Նորույթներ՝ գրապահարանները համալրելու համար

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2021 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների չորս ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:


Հայ հեղինակ 
Ագաթանգեղոս, «Հայոց դարձի պատմությունը»

Ագաթանգեղոսի «Հայոց դարձի պատմությունը» հինգերորդ դարի ոսկեդարյան մատենագրության դասական երկերից է, որը դեռ միջնադարում համաշխարհային տարածում է ունեցել։ Մինչ օրս հայտնի են մոտ երկու տասնյակ խմբագրություններ միջնադարի 9 լեզուներով՝ հայերեն, հունարեն, ասորերեն, արաբերեն, լատիներեն, եթովպերեն, վրացերեն, ղպտերեն (պատառիկ) և սլավոնական տարբերակներ։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:


Թարգմանական գրականություն 
Ֆլորիան Զելլեր, Պիեսներ


Ֆլորիան Զելլերի թատրոնը ժամանակակից եվրոպական կենցաղի ու նրա անժխտելի պարադոքսի միասնության թատրոնն է: Գրեթե բոլոր պիեսներում ամուսնական զույգի գոյությունն անհնարին է, բայց՝ պարտադիր, իսկ մենակությունը հավասարազոր է գոյություն չունենալուն: Ամուսնական զույգը ոչ թե իր երջանկության մեջ է ներկայացվում, այլ՝ ճգնաժամի, ընտանեկան հարաբերությունները հյուսված են սարդոստայնի և լաբիրինթի տեսքով:

Ֆ.Զելլերի պիեսների հայերեն ժողովածուում տեղ են գտել «Հայրը», «Մայրը», «Որդին», «Ճշմարտությունը», «Սուտը» և «Ուրիշը» ստեղծագործությունները: Իրարից թեմատիկ և երբեմն նաև ոճային առումներով այնքան տարբեր այս վեց պիեսներում կարմիր թելի պես անցնում է պատրանքի կառուցման և ապակառուցման դրաման՝ ներկայանալով իբրև մարդ անհատի գոյության հիմք ու գրավական: Ֆրանսերենից թարգմանեց Սաթէ Խաչատրյանը: Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը:

Մանկապատանեկան գրականություն 
Նունե Սարգսյան, «Քաչալ ոզնին»

Փոքրիկ ոզնու ծնունդը երջանիկ իրադարձություն է ընտանիքում, բայց մայրիկն ու հայրիկը շատ զարմացած են ու տխուր. ախր փափլիկ նորածինը ոչ մի փուշ չունի: Տատիկ ոզնին փաթաթում է ձագուկին տերևներով ու գնում բժիշկ Փորսուղի մոտ՝ պարզելու առեղծվածը: Նկարազարդումները` Ռուբեն Գրիգորյանի: Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը:


Փաստավավերագրական գրականություն 
 Չարլզ Դահիգ, «Սովորության ուժը» 

Ի՞նչ ընդհանրություն կարող են ունենալ ծխելը թողած երիտասարդ կինը, Procter & Gamble ընկերության մարկետոլոգները, ամերիկյան ամենախոշոր ընկերության գործադիր տնօրենը։ Նրանք բոլորը հաջողության են հասել՝ փոխելով իրենց սովորությունները:

Չարլզ Դահիգը մեզ տանում է գիտական ցնցող բացահայտումների միջով, որոնք բացատրում են, թե մեր սովորություններն ինչպես են գոյատեւում ու ինչպես են փոխվում: Մենք պարզում ենք, թե ինչու են որոշ մարդիկ եւ ընկերություններ դժվարանում փոփոխություն սկսելիս, թեպետ տարիներով ձգտում են դրան, մինչդեռ մյուսներն այդ փոփոխությունը կարծես անում են մեկ օրում:

Մենք այցելում ենք լաբորատորիաներ, որտեղ նյարդաբաններն ուսումնասիրում են սովորությունների մեխանիկան եւ ուղեղի աշխատանքը:

Մենք բացահայտում ենք, թե ճիշտ սովորությունները որքան կարեւոր են եղել, օրինակ, օլիմպիական չեմպիոն Մայքլ Ֆելպսի, Starbucks-ի գործադիր տնօրենի եւ Մարտին Լյութեր Քինգի հաջողությունների շղթայում: Մենք ներթափանցում ենք Procter & Gamble ընկերություն, Target-ի մեգամոլեր, Ռիք Ուորենի Սեդլբեք եկեղեցի, ֆուտբոլի ազգային լիգայի հանդերձարաններ, խոշորագույն հոսպիտալներ եւ տեսնում, թե ինչպես են «առանցքային» սովորությունները միլիարդների շահույթ պարգեւում եւ որոշում ձախողման ու հաջողության, կյանքի ու մահվան սահմանագիծը: «Սովորության ուժը» գրքի հիմքում ոգևորիչ փաստ է. պարբերաբար մարզվելու, ավելորդ քաշից ազատվելու, բացառիկ երեխաներ դաստիարակելու, ավելի արդյունավետ դառնալու, նորարարական ընկերություններ հիմնելու, քաղաքացիական շարժումներ սկսելու եւ հաջողության հասնելու բանալին սովորությունների մեխանիզմը հասկանալն է: Սովորությունները ճակատագիր չեն: Չարլզ Դահիգը ցույց է տալիս, որ, այս նոր գիտելիքով զինվելով, կարող ենք վերափոխել մեր աշխատանքը, հասարակությունը եւ կյանքն ընդհանրապես: Թարգմանիչ՝ Լիլիթ Գրիգորյան, խմբագիր՝ Գնել Նալբանդյան: Գիրքը լույս է ընծայել Newmag-ը:


«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]