Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Կրթության և գիտության զարգացման պետական ծրագիրը հանրային քննարկումից առաջ լրամշակվում է

Կրթության և գիտության զարգացման պետական ծրագիրը հանրային քննարկումից 
առաջ լրամշակվում է

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրթության և գիտության զարգացման պետական ծրագիրը ներկայում գտնվում է ակտիվ ներքին լրամշակման փուլում, առաջիկա շաբաթների ընթացքում այն կդրվի հանրային քննարկման:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը:

«Կրթության և գիտության զարգացման պետական ծրագիրը կամ կրթության ռազմավարությունը նախնական տարբերակով Կառավարություն էր ներկայացվել դեռ անցյալ տարվա օգոստոսին ու մտել ակտիվ քննարկումների փուլ: Ակնհայտ է, որ պատերազմական և հետպատերազմական իրողությունները որոշակի նոր շեշտադրումների կարիք են առաջացնում: Ծրագիրն այժմ ակտիվ ներքին լրամշակման փուլում է: Կարծում եմ, որ առաջիկա շաբաթների ընթացքում այն կդառնա քննարկման առարկա»,- նշեց Կարաբեկյանը:

Անդրադառնալով «ՀՀ բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքին՝ ԿԳՄՍ նախարարի խորհրդականը նշեց, որ այն ընդամենը սահմանում է ոլորտի իրավահարաբերությունները:

«Օրենքի խնդիրը մի քիչ այլ է, այն չի քննարկում այն կարգի հարցեր, որոնք քննարկում է ռազմավարությունը, այն սահմանում է ոլորտի շահառուների, սուբյեկտների իրավունքներն ու պարտավորությունները», - ասաց Կարաբեկյանը:

Սամվել Կարաբեկյանի պնդմամբ՝ «ՀՀ բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի» նախագիծն ամենաքննարկվածներից է, ինչը լավ է:

«Մեր նախարարությունը ընդհանրապես ակտիվ է հանրային քննարկումների առումով, որովհետև եթե նայեք վիճակագրությունը e-draft հանրային քննարկումների հարթակի, ապա արդարադատության նախարարության ներկայացրած նախագծերի առումով՝ ամենաակտիվը ԿԳՄՍ նախարարությունն է»,- ասաց նախարարի խորհրդականը:

2021 թվականի մարտի 24-ին ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և կից ներկայացված օրենքներում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթը:

Օրենքի նախագծով կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով բուհերի կառավարման խորհրդի կազմը կսահմանափակվի 9 անդամով: Անդամներից 5-ին կնշանակի պետական լիազոր մարմինը, իսկ 4-ը կլինեն բուհից: Կարգելվի պետական կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց անդամությունը:

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկմանը նախագծում կատարվել էին փոփոխություններ: Ռեկտորների ընտրության և նշանակման մասում կատարվել են էական փոփոխութուններ. կառավարման խորհուրդն է ընտրում ռեկտոր, որը հրամանագրվում է լիազոր մարմնի ղեկավարի կողմից՝ 5 տարի ժամկետով: Եթե նախկինում ռեկտորի թեկնածուի համար օրենքով պահանջվում էր միայն գիտական աստիճանի առկայություն, ապա նախագծով ավելացել է նաև առնվազն 5 տարվա գիտամանկավարժական, գիտական և ակադեմիական գործունեության ստաժի պահանջը: Բուհում կարող են գործել ուսանողական միավորումներ:

Նախագծի հիմնական նպատակներից է նաև բարձրագույն կրթության և գիտության ոլորտում իրավահավասարության, թափանցիկության ապահովումը և խտրականության բացառումը, բուհերի և գիտական կազմակերպությունների ինքնավարության, ակադեմիական ու հետազոտությունների ազատության ապահովումը, ակադեմիական շարժունությունը, հայագիտական հետազոտությունների գերակայությունը, Եվրոպական բարձրագույն կրթության և հետազոտական տարածքին ՀՀ ինտեգրվածության շարունակական ընդլայնումը և այլն:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]