Քաղաքականություն

Վալենտինա Մատվիենկոն և Արարատ Միրզոյանը քննարկել են Հայաստանում վերջին իրադարձությունները

2 րոպեի ընթերցում

Վալենտինա Մատվիենկոն և Արարատ Միրզոյանը քննարկել են Հայաստանում վերջին իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույցում քննարկել են Հայաստանում տեղի ունեցած վերջին քաղաքական իրադարձությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է Դաշնային խորհրդի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:

«Դաշնության խորհրդի նախագահը նշել է, որ Ռուսաստանն ընթացիկ իրադարձությունները համարում է ներքին և հույս ունի, որ իրավիճակը կլուծվի բացառապես խաղաղ ճանապարհով», - ասված է հաղորդագրությունում:

Նշվում է, որ զրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը փետրվարի 25-ին հայտարարություն էր տարածել՝ վճռական բողոք արտահայտելով Տիրան Խաչատրյանին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու առնչությամբ: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջել են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով ուղիղ հեռարձակմամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ որոշել է պաշտոնից ազատել ՀՀ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին և պատրաստել է համապատասխան փաստաթղթերը: Հանրապետության Հրապարակում փետրվարի 25-ին Նիկոլ Փաշինյանը հրավիրել էր հանրահավաք, որին հաջորդել է երթ: Ազատության հրապարակում էլ անցկացվել էր ընդդիմության հանրահավաք: Ընդդիմադիր քաղաքական նախաձեռնության՝ «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչների մի մասը փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերն անցկացրել է Երևանի Բաղրամյան պողոտայում: Ազգային ժողովի շենքի դիմաց, տեղադրվել են վրաններ, որտեղ էլ շարժման անդամները գիշերել են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում