Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մեր նոր գրականության վերջին մարգարեն

Մեր նոր գրականության վերջին մարգարեն

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լեզուներն ի սկզբանե ունեն մի անօտարելի պատվախնդրություն, որ իրենք ամուլ չմնան, որ իրենք իրենց պսակեն մշակույթով: Լեզուն չպետք է լռի, լեզուն պետք է գեղարվեստականանա, մի բան դառնա, որպեսզի մյուս լեզուների մեջ կարողանա բլբլալ, խոսել, ասել, իմաստավորել…

Եթե Չարենցը, եթե Սարյանը, եթե մեր մյուս արժանավոր անունները ելել են թումանյանական ժամանակների ընդերքից, ուրեմն նաեւ եկող ժամանակներում, իմ ժամանակի ընդերքից նույնպես կբարձրանան մարդիկ, ովքեր կողմնակի վկայությունը կլինեն իմ ժամանակի ու նաեւ իմ ժամանակի պսակը կլինեն…

Շատ-շատ կուզենայի, որ իմ հովիտը մեծ ու արեւոտ լիներ, կուզենայի, որ նրա բնակիչները միայն լավ մարդիկ լինեին, եւ վատերի համար իմ հովտում տեղ չլիներ, որ իմ մարդկանց կյանքը ծաղկեր լավ ժամանակներում, եւ պատերազմն ու թշնամանքը իմ հովիտ ներխուժելու միջոց չունենային: Բայց ստիպված եմ լինել իմ ժամանակի տարեգիրը…»:

Հրանտ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

Եվ եկավ նա իր ժամանակի ընդերքից, որ իր վրանը խփեր հայ գրականության խտաբնակ անդաստանում: Եկավ ասելիքի թարմությամբ, աշխարհընկալման իր օրենքներով, հայրենի բնաշխարհի սահյանական գույների շքեղությամբ: Նա իր առաջին իսկ գործով՝«Ահնիձոր» ակնարկով կնիքեց գեղագետի իր հավատամքը՝ չսարսել ժամանակի գաղափարական կեղեքիչ շղթաներից եւ մարմնավորել իրականության ճշմարիտ պատկերը: Վաթսունականների սկզբին հրապարակված ակնարկը, որ աներեւակայելի աղմուկ բարձրացրեց եւ ունեցավ անկանխատեսելի հետեւանքներ, այդ հավատամքի հավաստիքն էր:

Մտորելով կյանքի, կեցության, համամարդկային արժեքների, իրողությունների ու իրադարձությունների՝ դրանց հանդեպ գրողի, արվեստագետի աշխարհընկալման ու արարման կարողությունների շուրջ, մաթեւոսյանական հանճարեղ միտքը վկայելու էր. «Իրականությունը. մեր թույլ գրիչների, կարճատեսի մեր հայացքները, մեր թույլ վրձինները չեն կարողանում ընդգրկել էն ողբերգականը, խորը, մեծը, համաշխարհայինը, խորքայինը, կոսմիկականը, որ իրականությունում կա: Իրականությունը մեր մշակույթից խուսափում է մեր թուլության պատճառով: Մեր թեւերը չեն կարողանում ընդգրկել կյանքը իր ամբողջությամբ, իր խորությամբ, իր ընթացքի արագությամբ, իր հեղափոխականությամբ: Դա անպայման կպատժի մեզ եւ կկործանի այն բոլոր խեղճուկրակ փորձերը, որոնք մշակույթ են ձեւացնում, բայց մշակույթ չեն…»:

Իսկ ինքը առաքելությամբ էր եկել՝ ստեղծելու իր առինքնող՝ չասված, չծեծված, ժամանակի քմայքներին չտրվող, հայ մարդու հոգեբանության ծալքերը նորովի բացող-բացահայտող, համաշխարհային գրականության դռները ետփեղկելու իրավունքով ու զորությամբ օժտված մշակույթը:

Իսկ ի՞նչ է ուզում գրողն աշխարհից: Ո՞վ է գրողը, ինչի՞ է ձգտում նա եւ ինչի՞ է ունակ: Մի կողմ թողնելով մեր «թույլ գրչի» մեկնաբանությունները՝ վերստին լսենք Հրանտ Մաթեւոսյան հանճարին. «Այս սիրելի-սարսափելի, խելացի-խելագար, հասկանալի-խճճված աշխարհում դաժան բան է մերկ լինել, լինել աշխարհի մեկուսացած մարդը՝ ԳՐՈՂ: Սպիտակ թղթի առջեւ ամեն վայրկյան կարելի է կաթվածահար լինել: Գրողն ի՞նչ է ասում. աշխարհն իր ուզածի պես չէ, ուզում է՝ աշխարհն իր ուզածի պես լինի: Դա վեր է ֆաշիզմի ուժից: Բոլոր հանճարներն ու շիզոֆրենիկները իրենց գլուխը կոտրել են դրա վրա: Իսկ ահա մի խեղճ ու կրակ կերպարանք՝ անունը գրող, ունեցածը՝ թանաք, նստել եւ ուզում է իր տեսքին բերել այս քաոսային աշխարհը: Եվ մինչեւ հիմա այն է արել, որ փշուր-փշուր, ինչպես գրանիտից, կերտել է Քրիստոս, սոսկական ծննդաբերողից կնոջը դարձրել է կուռք, սիրելի է դարձրել Հունաստանը, Պարսկաստանը, Իսպանիան, հին կանեփի դաշտ Ռուսաստանը դարձրել է աշխարհին գրականություն տվող Ռուսաստան: Առանց Աբու-Լալա Մահարու անապատը կլիներ միայն ավազուտ, մարդատյաց աշխարհը մարդասիրացրել է: Գրականությունը մարդկության կարոտն է կյանքին: Մոնումենտալացնելով՝ գրականությունը մեզ կարոտել է տալիս մեր կողքին իսկ գտնվող կյանքին: 30 կամ 50 կոպեկ արժեցող վարդը դարձնում է քնարական… Աստծուն հավասար արարիչ է գրականությունը, չնայած ամեն մի Գարսիա Լորկայի կարող էր շանսատակ անել ամեն մի լեյտենանտիկ, ամեն մի Սարոյանի սողալ կհրամայի ամեն մի վաշտապետ…»:

Արարիչ գրականության ասպետը, որ ծնվել էր 1935 թվականի փետրվարի 12-ին Լոռվա չքնաղ Ահնիձոր գյուղում, նա, որ արդեն իր սրբատաշ քարն էր դրել մայր գրականության տաճարին՝ վերհիշելով, որ 140 տարի առաջ Ծմակուտ-Ահնիձոր գյուղն իր Օհանես պապն է հիմնադրել, մեծերին բնորոշ համեստությամբ, հուսալով Աստծո բարեխնամությունը, ակնկալում էր, որ աշխարհի քարտեզի վրա մի բնակավայր էլ ինքն ավելացնի: «Ծմակուտն այժմ իմ հայրենի գյուղն է, ես այդ գյուղի արձակագիրն եմ,- գրում է դասականը,-  իրական այդ գյուղը կվերաճի՞ գրական Ծմակուտի, կկարողանա՞ վերաճեցնել՝ չգիտեմ…»: Բայց նա իրականում գերազանց գիտեր իր բառ ու բանի արժեքը: Գիտեին հայրենիքում ու նրա սահմաններից դուրս: Գիտեր միութենական ընթերցողը, գիտեին օվկիանոսից այն կողմ: Գրքապաշտների սեղանի գիրքն էին դարձել գրողի տասնյակ գործեր՝ «Բեռնաձին», «Արջը», «Մենք ենք, մեր սարերը», «Ծառերը», «Աշնան արեւ», «Գոմեշը», «Խումհար», «Բաց երկնքի տակ՝ հին լեռներ», «Կանաչ դաշտը», «Այս կանաչ, կարմիր աշխարհը», «Չեզոք գոտի», «Տերը», այլ զմայլելի գործեր:

Պատահական չէին հայ եւ գրչակիցների, գրականագետների մեծարանքի խոսքերը: Իսկ մեծն Վիլյամ Սարոյանը պարզապես հպարտանալու էր՝ գրելով. «Այստեղ դուք ունիք մեկը, որ մեծ անձնավորություն է համաշխարհային գրականության մեջ: Ան Հրանտ Մաթեւոսյանն է: Որեւէ ազգի մեջ իրմե լավ պատմություն գրող չկա: Անոր գրությունները խորունկ ձեւով ցույց կուտան հայոց մասնակցություն մարդկության պատմության: Ուրիշ ազգության մեջ ուրիշ գրող Հրանտ Մաթեւոսյանի պես չի կրնար գրել: Ես կարդացած եմ իր գործերը թարգմանությամբ: Ինքը հայության մասին կգրե, եւ այդ հայությունը այնքան ճիշտ է, որ ես կզարմանամ, կուրախանամ եւ հպարտ կզգամ: Շատ գրողներ, բանաստեղծներ ունիք, բայց պետք է ներեք ինձի, եթե ըսեմ, որ ան ուժը, որ անհրաժեշտ է, հսկայական՝ Հրանտ Մաթեւոսյանի մեջ է: Եվ կուրախանամ, որովհետեւ ազգ մը, պիտի ընդունիք աս, աշխարհին կճանչցվի իր արվեստով: Եվ որ արվեստը այդքան ահագին ըլլա, օտարին միտքին մեջ ազգն ալ կմեծնա»:

Ահռելի վաստակով գրական իր աշխարհն ստեղծած գրողը, այդուհանդերձ, չէր գոհանալու իր արածով: «Քիչ եմ գրել, եւ դրանում մեղքի իմ բաժինն այնքան էլ մեծ չէ,-դառնանում էր դարի հայ գրողը,- «Ահնիձորի» չափազանցված արձագանքը, «Մենք ենք, մեր սարերը» վիպակի եւ ապա կինոսցենարի վիճարկումն ինչքա՛ն ուժ խլեցին ինձանից, որ կարող էր դառնալ գրական վաստակ, գեղարվեստական արժեք»:

1988 թ. երկրաշարժը, սումգայիթյան կոտորածները, դրանց հաջորդած արյունալի պատերազմը, արժեհամակարգի կտրուկ փոփոխությունները շատ բան խաթարեցին հանճարեղ գրողի ներաշխարհում: Կյանքի վերջին տարիներին սկսած «Տախը» վեպը կիսատ էր մնալու: Աշխարհը շուռ էր եկել, մարդկությունը նոր դարաշրջան էր մտնում: Նա տագնապում էր՝ «կարողանալո՞ւ ենք մեզ պարտադրել նոր՝ անբարյացակամ դարաշրջանում…»: Եվ երազում էր. «Կուզենայի տեսած լինել սրա-նրա երեսից աղերսանքով չկախված հայրենիք, իր կարծիքի, իր կարծիքի մեջ վստահ եւ աջուձախ չնայող՝ արեւմուտքի համակրանքը չհայցող կամ հյուսիսի…»:

Նա ցավագին էր տանում այն իրողությունը, որ ժամանակին ծառուղում իր գիրքը ծնկին ընթերցող աղջիկը չկա, որ ժամանակին 60 հազար տպաքանակով հրատարակված Սեւակի՝ մեկ օրում սպառվող գրքերի վեց հատորյակն այսօր վեց հազար դրամով չեն առնում, որ…

Որերը շատ էին ու ցավագին: Բայցեւայնպես, մեծերի բնույթն է թելադրում լավատեսության խոսք թողնել իր ժողովրդին. «…Սպասենք, եւ մեր փրկությունը կգա, մեր լավ օրերը կգան, կվերագտնենք մեր ժպիտները, մեր ուրախությունը, մեր վստահությունը միմյանց նկատմամբ եւ դարձյալ բոլորս միմյանց կպատկանենք, ինչպես որ երեկ էինք պատկանում..»:

Հավատանք մեծին:

                                                                                            Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]