Շուշին հայկական մշակութային կենտրոն է. ՀՀ Արտաքին գործերի նախարար
16:45, 20 Հունվար 2021
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունը չի համաձայնելու ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ Շուշի քաղաքը թուրքական մշակութային կենտրոն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հարցին:
«Շուշին հայկական մշակութային կենտրոն է: Մենք չենք համաձայնելու այն պնդումներին, որ Շուշին թուրքական մշակութային կենտրոն է: Վստահ ենք, որ այս հարցում կստանանք միջազգային հանրության աջակցությունը»,- ասաց Այվազյանը:
Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են, որ ցանկանում են Շուշին վերածել թուրքական մշակութային կենտրոնի:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում