Նիկոլ Փաշինյանը կարևոր է համարում արցախյան վերջին պատերազմի մասին ամբողջ ճշմարտությունը հայտնի դարձնելը
3 րոպեի ընթերցում
![Նիկոլ Փաշինյանը կարևոր է համարում արցախյան վերջին պատերազմի մասին ամբողջ ճշմարտությունը հայտնի դարձնելը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/12/1039117.jpg)
ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևոր է համարում այն, որ արցախյան վերջին պատերազմի մասին ամբողջ ճշմարտությունը հայտնի դառնա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հանրային Հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պատերազմի հետ կապված ամեն անգամ ի հայտ են գալիս դրվագներ, որոնք մանրամասն պարզաբանման անհրաժեշտություն ունեն:
«Ընդ որում, ես հիմա չեմ կարող դատավճիռ կայացնել։ Հնարավոր է՝ ինչ-որ բան այնպես չի ասվում, հնարավոր է՝ իրականությունը մի փոքր այլ է եղել: Բայց այս ամեն ինչը պետք է պարզաբանվի: Օրինակ, երկու օր առաջ ես հանդիպում էի առաջնագծից վերադարձած, զորացրված քաղաքացիների հետ, և նրանք պատմում են դրվագներ, որոնց էությունը պետք է պարզաբանվի: Օրինակ, պատմում են մի այսպիսի դրվագ՝ թե ինչպես ջոկատը կամ միավորումը գնացել և փորձել է սպառված զենք-զինամթերքը համալրել։ Եվ տալիս են կոնկրետ անձի անուն, ով իրենց հրաժարվել է զենք տալ, և իրենք ստիպված են եղել կոտրել զինամթերքի պահեստի դռները զինվելու համար՝ տեսնելով, որ այդ պահեստն ամբողջությամբ լիքն է բոլոր անհրաժեշտ զենքով և զինամթերքով: Սա, եթե հաստատվի, պարտության պատճառների դրվագներից մեկն է: Մենք պետք է հասկանանք, թե ինչու է այսպես տեղի ունեցել: Ես կարող եմ վստահ լինել մի բանում, որ, առաջինը, նախ այդ վկայությունն այն մասին է, որ այդ պահեստը լեփ-լեցուն է եղել անհրաժեշտ զինամթերքով, և կոնկրետ անձ կողպել է պահեստի դռները նրանց առաջ և հրաժարվել զենք տրամադրել: Այս դրվագը պետք է պարզաբանվի»,-նշել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ի վերջո, կան տասնյակ վկայություններ այն մասին, թե ինչպես մարդիկ, այդ թվում՝ բարձրաստիճան, դեռևս հայկական վերահսկողության ներքո գտնվող բնակավայրերից ընդհուպ հանել են փողոցի լուսավորությունը՝ ասելով, որ սա պետք է հավաքել, տանել: Եվ հնչում են կոնկրետ անուններ:
«Ես չգիտեմ, կարող է, սուտ են ասում, զրպարտում են, բայց այս ամեն ինչը պետք է պարզաբանվի: Եվ, իմիջիայլոց, այդպիսի մարդիկ կան, ովքեր կապ ունեն նաև ընդդիմության հետ: Ի վերջո, պետք է հասկանա՞նք այս ամեն ինչը, թե՞ չհասկանանք: Ի վերջո, նախընտրական քարոզարշավը նաև հնարավորություն է, որպեսզի բոլորը կանգնեն ժողովրդի առաջ, մեղադրանքները բարձրաձայնեն, ապացույցները ներկայացնեն, և մարդիկ էլ, ի վերջո, կատարեն իշխանության տնօրինողի իրենց դերը»,-նշել է ՀՀ վարչապետը՝ հավելելով, որ բոլոր հարցերը պետք է ստանան իրենց պատասխանները, դա կենսական անհրաժեշտություն է բոլորիս համար: