Քաղաքականություն

Լավրովը պայմաններ է տեսնում Հարավային Կովկասը կայունության և բարգավաճման տարածաշրջան դարձնելու համար

3 րոպեի ընթերցում

Լավրովը պայմաններ է տեսնում Հարավային Կովկասը կայունության և բարգավաճման տարածաշրջան դարձնելու համար

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նախադրյալներ է տեսնում Հարավային Կովկասի տարածաշրջանը հակասությունների գոտուց կայունության և բարգավաճման տարածաշրջանի վերածելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Լավրովն ասաց ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ Մոսկվայում կայացած ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում:

«Մենք նոր ենք դուրս գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեժ փուլից: Ուզում եմ նշել կարևորությունը այն համատեղ հայտարարության, որը ստորագրվեց Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Ռուսաստանի նախագահի միջև նոյեմբերի 9-ին և դադարեցրեց պատերազմը, ապահովեց պայմանավորվածություններ, որոնք թույլ են տալիս փախստականներին վերադառնալ իրենց օջախները, ապաշրջափակել բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Մենք կարող ենք Հարավային Կովկասը հակասությունների տարածաշրջանից վերածել կայունության և բարգավաճման տարածաշրջանի այնտեղ ապրող բոլոր ազգերի համար: Մենք ամեն կերպ կաջակցենք այս ուղությամբ ընթանալուն»,- ասաց Լավրովը:

Նա Հայաստանի ԱԳ նախարարին իր ցավակցությունները փոխանցեց նաև Սպիտակի երկրաշարժի տարելիցի կապակցությամբ:

«Այս մակարդակով իմ առաջին այցի ընտրությունն ամբողջովին համապատասխանում է հայ-ռուսական հարաբերությունների ոգուն, որը հիմնված է խորը կապերի, բազմադարյա բարեկամության և մեր եղբայրական ժողովուրդների ավանդույթների վրա: Ուզում եմ Ռուսաստանին և անձամբ ձեզ շնորհակալություն հայտնել այս տարվա սեպտեմբերի վերջին Ադրբեջանի կողմից` Թուրքիայի և Մերձավոր Արևելքից վարձկան ահաբեկիչների մասնակցությամբ, Արցախի նկատմամբ սանձազերծված լայնամասշտաբ պատերազմում կրակի դադարեցման ձեր ջանքերի համար»,- նշեց Այվազյանը:

ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձավ նաև Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական կրոնական կոթողների պահպանման կարևորությանը:

Նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված եռակողմ հայտարարության իրագործման շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձևավորվում են նոր սահմաններ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում