Հայաստանում և Արցախում ապաստանած շուշեցիները կացարանի խնդիր ունեն
ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուշեցի 9 հոգուց բաղկացած ընտանիքը Երևանում տեղավորվել է 1 սենյականոց բնակարանում: «Արմենպրես»-ի հետ զրույցում Շուշիի բնակչուհի Ստելլա Միրզոյանը, ով մի խումբ շուշեցիների հետ այսօր դիմել էր ՀՀ-ում Արցախի ներկայացուցչություն՝ պարզաբանումներ ստանալու իրենց հուզող խնդիրների վերաբերյալ, տեղեկացրեց, որ Շուշիում իրենց ընտանիքը թողել է մեծ բնակարանը, ամբողջ ունեցվածքն ու խանութը, որով վաստակում էին իրենց 11 հոգանոց ընտանիքի հիմնական ապրուստը:
«Այժմ մեր ընտանիքի տղամարդիկ Արցախում են, իսկ մենք 9 հոգով ապաստանել ենք մեր սրտացավ, անծանոթ հայրենակցի 1 սենյականոց բնակարանում: Չունենք աշխատանք և այլ եկամուտներ: Առայժմ վարձ չենք վճարում, սակայն չգիտենք դա որքան կտևի: Ապագան խիստ անորոշ է, ուստի դիմել էինք մեր ներկայացուցչին՝ հստակեցնելու թե ինչ քայլեր են նախատեսվում Շուշիից տարհանված բնակչության խնդիրների լուծման ուղղությամբ: Գրեթե բոլոր շուշեցիները, որոնք ապաստանել են թե այստեղ, թե Ստեփանակերտում, ունեն բնակարանային ապահովման խնդիր: Արցախի ներկայացուցիչը վստահեցրեց, որ առաջիկա օրերին լուծումներ կտրվեն»,-ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ առայժմ որևէ պետական աջակցությունից չեն օգտվել:
Վան Նովիկով
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում