Քաղաքականություն

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները

3 րոպեի ընթերցում

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության հրապարակում մայիսի 12-ին կայացավ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքը, որը մեկնարկեց ՀՀ օրհներգով ու Տերունական աղոթքով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ ներկայացնելով առաջիկա ծրագրերը, հայտարարեց, որ այն օրակարգը, որ որդեգրել են, հստակ քայլերով առաջ է ընթանում:

«Հանդիպումներ եմ ունենալու քաղաքական հանրային շրջանակների հետ, անհատների հետ, հասարակական կազմակեպությունների հետ: Մենք մեր խնդիրը դրել ենք, նպատակը սահմանել ենք, որոշել ենք՝ մեզ պետք է նոր կառավարություն, ժողովրդի կառավարություն, ցավող կառավարություն, տառապող կառավարություն, հաշտության կառավարություն», - ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ հայտնելով, որ վաղն առավոտյան այցելելու է ստեղծագործական միություններ, Գիտությունների ակադեմիա, պատմության ինստիտուտ և այլն:

Շարժման շրջանակում ստեղծված Դիվանագետների համահայկական խորհրդի անդամ Վահագն Մելիքյանն էլ հանրահավաքի ընթացքում հայտնեց, որ Ամենայն հայոց կաթողիկոսի հանձնարարությամբ պատրաստվել է մի հակիրճ փաստաթուղթ՝ կապված ՀՀ սահմաններին զարգացումների հետ և խաղաղության օրակարգի, մարտահրավերների և ձեռնարկելիք քայլերի մասին:

Մելիքյանի համոզմամբ՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է Հայաստանի արտաքին քաղաքական նշանակետ դարձնել աներկբայորեն կայուն և տևական խաղաղության շուրջ չընդհատվող և համապարփակ բանակցությունները՝ բոլոր առաջնահերթ հարցերի օրակարգով:

Նա ավելացրեց, որ պետք է իրականացնել արտաքին քաղաքականության սկզբունքային փոփոխություն՝ բացառելով հակառուսականությունը կամ հակաարևմտականությունը՝ զսպման ճկուն քաղաքականություն որդեգրելով: Բացառել արտաքին քաղաքական կտրուկ շրջադարձերն ու դիրքավորումները աշխարհակարգի սըրընթաց փոփոխությունների և անորոշության պայմաններում:

«Պետք է հստակեցնենք ազգային շահերը, դրանք հավասարակշռենք նոր իրողությունների պայմաններում՝ չզիջելով մեր հիմնարար իրավունքները, չփոխելով մեր ինքնության աղբյուրները և չթուլացնելով մեր պետականության հիմքերը: Մենք պետք է հնարավորինս արագ վերականգնենք մեր ռազմավարական հարաբերությունները դաշնակիցների, ինչպես նաև խորացնենք մեր գործընկերությունը և համագործակցությունը ուժային այլ կենտրոնների հետ»,-ընդհանրացրեց Մելիքյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում