Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Նոյեմբեր

ՄԽ համանախագահների հետ հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել չթիրախավորել խաղաղ բնակչությանն ու ոչ ռազմական օբյեկտները

ՄԽ համանախագահների հետ հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է 
ձեռք բերվել չթիրախավորել խաղաղ բնակչությանն ու ոչ ռազմական օբյեկտները

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել խաղաղ բնակչության և ոչ ռազմական օբյեկտները չթիրախավորելու վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Իգոր Պոպով`ՌԴ, Ստեֆան Վիսկոնտի` Ֆրանսիա, Էնդրյու Շոֆեր` ԱՄՆ) տարածած հաղորդագրությունում:

«Համանախագահները կրկին կոչ են արել կողմերին՝ ամբողջությամբ կատարել իրենց պարտավորությունները, ներառյալ հումանիտար հրադադարի անհապաղ հաստատումը, Մոսկվայի հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության համաձայն, որը կողմերը հաստատել են հոկտեմբերի 17-ին Փարիզում և հոկտեմբերի 25-ին Վաշինգտոնում»,- ասված է հայտարարության մեջ:

Ինչպես նշվում է համանախագահների համատեղ հայտարարությունում՝ առանց կրակի դադարեցման կամ այլ պարտավորությունների կատարմանը վնասելու, կողմերը պայմանավորվել են շտապ կարգով մի շարք քայլեր ձեռնարկել.

  1. Կողմերը, միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան, դիտավորյալ հարձակում չեն գործի քաղաքացիական բնակչության կամ ոչ ռազմական օբյեկտների վրա,
  2. Կողմերն ակտիվորեն մասնակցելու են ռազմի դաշտում զոհվածների աճյունների փոխանակման իրականացմանը՝ ԿԽՄԿ-ին և գործող նախագահի մշտական ներկայացուցչին (PRCiO) տրամադրելով անվտանգության անհրաժեշտ երաշխիքներ,
  3. Կողմերը ԿԽՄԿ-ին և PRCiO-ին մեկ շաբաթվա ընթացքում փոխանցելու են ներկայումս պահպանության տակ գտնվող ռազմագերիների ցուցակը՝ հետագա փոխանակումն ապահովելու նպատակով,
  4. Կողմերը գրավոր ներկայացնելու են հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության 2-րդ կետին համապատասխան հրադադարի ստուգման հնարավոր մեխանիզմների հետ կապված մեկնաբանությունները և հարցերը։

«Կողմերը մտքերի բաց և առարկայական փոխանակում են անցկացրել՝ ուղղված համապարփակ կարգավորման առանցքային տարրերի շուրջ իրենց բանակցային դիրքորոշումների հստակեցմանը՝ հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության 3-րդ կետին համապատասխան։ Համանախագահները շարունակելու են ինտենսիվ աշխատանքը կողմերի հետ՝ հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու ուղղությամբ»,- նշված է հայտարարության մեջ:

Հոկտեմբերի 30-ին Ժնևում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները առանձին հանդիպումներ են ունեցել ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, այնուհետև կայացել է համանախագահների և նախարարների համատեղ հանդիպումը: Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը: Նրանք նաև խորհրդակցություններ են անցկացրել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի և ԿԽՄԿ-ի նախագահ Փեթեր Մաուրերի հետ:

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է դրանք, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ