Բաքվում ահաբեկչության վտանգ կա. Նիդերլանդները ճամփորդական նախազգուշացում է արել
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդները ճանապարհորդողներին նախզգուշացրել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ահաբեկչության վտանգի մասին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիդերլանդների ճամփորդական նախազգուշացման մեջ, մասնավորապես, նշվում է Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում ռմբակոծությունների, մարտերի մասին:
Շեշտվում է, որ Բաքվում հնարավոր ահաբեկչության վտանգ կա: «Լավ մտածեք, թե արդյոք այս պահին Ադրբեջանում ձեր մնալն իսկապես անհրաժե՞շտ է»,- ասված է հայտարարությունում:
Նաև հորդորում են Ադրբեջանում մնալուց հետո Նիդերլանդներ վերադառնալուն պես 10 օր տնային կարանտին անցնել:
Նախազգուշացմամբ Նիդերլանդները հորդորում է նաև չայցելել Ադրբեջանի Բարդա, Թարթառ, Եվլախ, Մինգեչաուր, Գերանբոյ, Գյանջա, Գոյգոլ, Աղստաֆա և մի շարք այլ շրջաններ, բնակավայրեր:
Ադրբեջանը Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից պատերազմ է սանձազերծել՝ Թուրքիայի աջակցությամբ: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից, Լիբիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկան-ահաբեկիչներ: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հաստատել է, որ տիրապետում է լուրջ փաստերի այդ մասին. ջիհադիստները կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Վարձկանների ներգրավվածության մասին փաստերի է տիրապետում նաև Ռուսաստանը: Այդ մասին հայտարարել են բազմաթիվ երկրներ: Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը նշել է, որ Դամասկոսը կարող է հաստատել՝ Թուրքիան Սիրիայից Ղարաբաղ է ուղարկել ջիհադականների: