Հասարակական

Ադրբեջանի կողմից նոր մարդասիրական հրադադարի խախտումը միջազգային ԶԼՄ-ների էջերում է

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանի կողմից նոր մարդասիրական հրադադարի խախտումը միջազգային ԶԼՄ-ների էջերում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները ակտիվորեն լուսաբանում են Ադրբեջանի կողմից նոր մարդասիրական հրադադարի խախտման փաստը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հեղինակավոր BBC-ն մասնավորապես գրել է՝ Հայաստանը Ադրբեջանին մեղադրում է նոր զինադադարը խախտելու մեջ՝ պայմանավորվածությունն ուժի մեջ մտնելուց ընդամենը րոպեներ անց: Նշվում է, որ Ադրբեջանը դեռ պետք է պատասխանի մեղադրանքներին:

AlJazeera-ն, հղում կատարելով ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանին, գրել է, որ Ադրբեջանը կրկին հրետանային և հրթիռային կրակ է վարել: Լրատվամիջոցը նկատել է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ավելի ուշ է մեղադրել հայկական կողմին հրադադարի պայմանավորվածությունը խախտելու մեջ:

France 24-ը ևս տեղեկացրել է՝ մարտերը Լեռնային Ղարաբաղում շարունակվում են, Հայաստանը մեղադրում է Ադրբեջանին զինադադարը խախտելու մեջ:

Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման մասին գրել են նաև ռուսական հեղինակավոր գրեթե բոլոր լրատվամիջոցները:

Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել էին հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար: Ադրբեջանական կողմը, հերթական անգամ խախտելով պայմանավորվածությունը, հյուսիսային ուղղությամբ ժամը 00:04-02:45-ն ընկած ժամանակահատվածում վարել է հրետանային և հրաձգային կրակ, իսկ հարավային ուղղությամբ ժամը 02:20-02:45-ն ընկած ժամանակահատվածում հասցրել է հրթիռային հարվածներ։

Հոկտեմբերի 18-ի առավոտյան՝ 07:20-ի սահմաններում, հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը Արցախի առաջնագծի հարավային ուղղությամբ անցել է հարձակման, երկուստեք կան զոհեր: Վաղ առավոտյան հակառակորդը հարձակումն իրականացրել է հարավային ուղղությամբ (Խուդաֆերինի ջրամբար)` բարենպաստ դիրքեր գրավելու նպատակով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում