Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Օգոստոս

Ադրբեջանից բռնագաղթած հայերի հարցի լուծումը մտել է նոր փուլ

Ադրբեջանից բռնագաղթած հայերի հարցի լուծումը մտել է նոր փուլ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ղարաբաղյան շարժման մեկնարկին՝ երեք տարվա ընթացքում Ադրբեջանից բռնագաղթեց 450000 հայ։ 1988 թ. Սումգայիթի ցեղասպանությանը հաջորդեցին հայաշատ Կիրովաբադից (Գանձակ), Շամխորից, Խանլարից, Դաշքեսանից, Շաքիից եւ հայաշատ այլ բնակավայրերից հայ բնակչության թալանը եւ բռնի արտաքսումը։ 250000 հայ թողնելով իրենց հազարամյա բնօրրանը, եկեղեցիները, նախնիների գերեզմանները՝ տեղափոխվեցին Հայաստան կամ սփռվեցին աշխարհով մեկ։ Բռնագաղթվածների երկրորդ ալիքն սկսվեց 1990 թ. հունվարի Բաքվի ջարդերից հետո, երբ հարյուրավոր հայեր սպանվեցին Ադրբեջանի մայրաքաղաքում, եւ եւս 200000—ը ստիպված եղան թողնել իրենց տներն ու ունեցվածքը, բռնել գաղթի ճանապարհը։

Հայաստան տեղափոխված հայերի զգալի մասը դեռեւս չունեն սեփական կացարան եւ շարունակում են բարձրաձայնել ու պայքարել իրենց իրավունքների ոտնահարման հետեւանքների վերացման դեմ։ Հայաստանի կառավարությունը դեռեւս չի կարողացել վերջնականապես լուծել Ադրբեջանից բռնագաղթած մեծաթիվ ընտանիքների բնակարանային ապահովության եւ ինտեգրման խնդիրները։ Նրանց հիմնահարցերին համալիր լուծում տալու առաջին գործընթացը սկսվեց 2004 թ.՝ կառավարության ընդունած 1988—1992 թթ. Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակարանային ապահովության առաջնահերթ ծրագրով։

Որոշմամբ բռնագաղթված 1065 ընտանիք ստացան բնակարան գնելու վկայագրեր։ Նրանցից 718—ը կարողացան ծրագրի միջոցներով դրանք ձեռք բերել։

2009—ից պետական բյուջեից այդ նպատակով գումարներ տրամադրելու գործընթացը դադարեցվեց։ Անհրաժեշտություն առաջացավ նոր հաշվառում իրականացնել բռնագաղթածների ընտանիքների թիվը վերագնահատելու համար։ 2013 թ. իրականացված աշխատանքների արդյունքում պարզվեց, որ Հայաստանում դեռ կան բռնագաղթված առաջնահերթ կարիքավոր 895 ընտանիք։ Նրանցից 641—ը բնակվում են մայրաքաղաքում, իսկ 254—ը՝ մարզերում։

Բռնագաղթվածների թիվը վերջնական ճշգրտելու եւ բնակարանային խնդիրները լուծելու նոր գործընթացները մեկնարկել են 2019 թ.։ Դրանց արդյունքում գործադիրը որոշեց, որ ավելի արդյունավետ կլինի, եթե փախստականների խնդիրը լուծվի ոչ թե մեկ ընդհանուր ծրագրի միջոցով, այլ ենթածրագրերի։

Այս եղանակի կիրառման արդյունքում հնարավոր եղավ կարիքավոր ընտանիքներին խմբավորել ըստ առաջնահերթությունների։ Խնդրի լուծումը բաժանվեց փուլերի, որոնց համար մշակվեցին ենթածրագրեր։

Իրականացված բազմակողմ աշխատանքների արդյունքում 2019 թ. նոյեմբերին կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի մասին» թիվ 1666 որոշումը։ Գործադիրը փաստաթղթով լուծումներ սահմանեց Երեւանի 5 վարչական շրջաններում բնակվող՝ ծրագրի առաջնահերթ շահառու հանդիսացող Ադրբեջանից բռնագաղթած 112 ընտանիքի խնդիրների համար, ինչը ներկայում ընթացքի մեջ է։

Հիմնական ծրագրերին զուգահեռ կառավարությունը ձեռնարկում է նաեւ այլ միջոցներ բռնագաղթվածների բնակարանային հարցերը ժամանակավոր լուծելու եւ ինտեգրման հնարավորություններն ընդլայնելու համար։ Այս նպատակով 2018 թ. տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունում ստեղծվել է հանձնաժողով, որը զբաղվում է փախստականներին հանրակացարաններում բնակեցնելու եւ ոչ բնակելի տարածքներ հատկացնելու հարցերով։ Այդ ընթացքում հանձնաժողովը ստացել է 62 դիմում եւ հասցրել է հատկացնել 5 հանրակացարանային սենյակ եւ 3 ոչ բնակելի տարածք։ Եվս 21 ընտանիքի ուղեգրեր են հատկացվել Նորքի հանրակացարաններում բնակվելու համար, իսկ 5 ընտանիքի սոցիալական բնակարաններ են հատկացվել Արարատի մարզի Դարբնիկ համայնքի նախկին գյուղատնտեսական քոլեջի շենքում։

Կառավարությունը մշակել եւ իրականացնում է բռնագաղթվածների ինտեգրման քաղաքականության հայեցակարգ, որով ոչ միայն սահմանվում է բնակարանային ապահովման խնդիրը, այլեւ սոցիալ—տնտեսական միջավայրին ինտեգրման հարցերը։ Չնայած գործադիրի կողմից իրականացվող լայնածավալ միջոցառումներին՝ բռնագաղթածների խնդիրը շարունակում է մնալ իրենց իրավունքների նկատմամբ գործադրված բռնության մասին բարձրաձայնելը եւ Ադրբեջանի իրականացրած ոճրագործությունների միջազգային ճանաչումը։ Վերջիններս միջազգային հանրությունից ակնկալում են համապատասխան գնահատականներ եւ պատմական արդարության վերականգնում։

Արմեն Վարդանյան

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ