Կլուծի՞ արդյոք PKK-ի ինքնալուծարումը քրդական հարցը. փորձագետների գնահատականը
6 րոպեի ընթերցում

ԲՐՅՈՒՍԵԼ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանի՝ Թուրքիայի հետ խաղաղության հասնելու համար զենքերը վայր դնելու, լուծարվելու կոչից հետո շատ փորձագետներ լավատես են, շատերն էլ կարծում են, որ էական փոփոխություններ ակնկալելը միամտություն կլինի: Ոմանք էլ զգուշավոր են, քանի որ խոսքը Մերձավոր Արևելքին է վերաբերում։
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում փորձագետները համակարծիք են՝ գործընթացի կայունության վերաբերյալ մտահոգություններն իրական են, որոնք աչքաթող անել չի կարելի։ Հույն քաղաքագետ, Անկարայի Բիլքենթ համալասարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսոր Իոանիս Գրիգորիադիսի խոսքով՝ Օջալանի հայտարարությունը իսկապես շրջադարձային պահ է քրդական հարցում և արտահայտում է ինչպես ներքին, այնպես էլ տարածաշրջանային քաղաքական դինամիկաները:
«Նախ մերժվելով, իսկ հետո դիտարկվելով ոչ թե որպես քաղաքական խնդիր, այլ որպես տնտեսական անկում ունեցող խնդրի լուծում՝ քրդական հարցը կապված է եղել Թուրքիայի ժողովրդավարացման գործընթացի հետ: Այլ կերպ ասած՝ Թուրքիայի ժողովրդավարության ամրապնդումը թույլ կտա ճանաչել և հաջողությամբ պաշտպանել քրդական փոքրամասնության իրավունքները: Սա առաջին անգամն է, որ փորձ է արվում տարանջատել: Այլ կերպ ասած՝ քրդերի քաղաքական իրավունքների բարելավումը կդառնա ավելի մեծ քաղաքական ազատականացման արշավի մի մասը, բայց փոխարենը կօգնի ամրապնդել Թուրքիայի դեմոկրատական հետընթացը: Սա առաջացնում է մտահոգություններ գործընթացի կայունության վերաբերյալ, հատկապես եթե այն որևէ քաղաքական օգուտ չտա կառավարող կոալիցիային. դա հատկապես վերաբերում է քրդական ծագում ունեցող ընտրողների աջակցությանը», - ասել է Գրիգորիադիսը։
Լրագրող, հրապարակախոս Իրֆան Աքթանն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Աբդուլլահ Օջալանի հայտարարությանն ի պատասխան՝ PKK-ն շատ կարճ ժամանակահատվածում դրական պատասխան տվեց:
«PKK-ն ցանկանում է, որ անհրաժեշտ պայմաններ ապահովվեն իր վերջին կոնգրեսը անցկացնելու համար, ինչը համարվում է կազմակերպության փակումը: Այդ նպատակով նրանք միակողմանի հրադադար հայտարարեցին: Սա նաև կարելի է համարել հրադադարի կոչ կառավարությանը, որպեսզի վերջինս չիրականացնի ռազմական գործողություններ այս գործընթացում, այսինքն՝ միակողմանի հրադադարը փոխարինվելու է երկուստեք հրադադարի: Բոլոր այս ընթացիկ զարգացումները կարելի է դիտարկել որպես քրդական հարցի լուծման համար պայմանների պատրաստման գործընթաց: Սակայն կառավարությունը դեռ չի բացահայտել, թե ինչպիսի ճանապարհային քարտեզ է սահմանել այս հարցում, առնվազն հասարակությանը չի հայտնել այդ մասին: Միգուցե, այս ճանապարհային քարտեզը ներկայացվել են Օջալանին և PKK-ին, սակայն մենք չգիտենք: Բայց կողմերի միջև վստահության բացակայությունը վերացնելու տեսակետից այս ընթացիկ գործընթացը չափազանց կարևոր է», - նշել է Աքթանն ու հավելել, որ շատ կարևոր է շեշտել այն հանգամանքը, որ իր հայտարարության մեջ Օջալանն ասել է, որ չի պահանջում անկախություն, ֆեդերացիա և վարչական ինքնավարություն, ուստի այն հնարավորություն տվեց իշխանությանը հարցը լուծել իրավաբանական և սահմանադրական կարգավորմամբ: Հետևաբար, կարելի է եզրակացնել, որ իշխանության համար քրդական հարցը լուծելու վերաբերյալ հասարակությանը համոզելու պայմաններ չկան:
«Բացի այդ, ընդդիմության մեծ մասը, հատկապես Ժողովրդահանրապետական կուսակցությունը, աջակցում է այս գործընթացին: Սա կարևոր հանգամանք է, որը մեծապես հեշտացնում է իշխանության քայլերն այս հարցում: Ուստի այս անգամ նախորդ լուծման գործընթացից շատ ավելի բարենպաստ պայմաններ կան: Նախորդ գործընթացում PKK-ի ինքնալուծումը ներկայացվել էր որպես վերջին փուլ, իսկ ներկայիս գործընթացը չի ավարտվի PKK-ի ինքնալուծմամբ, այլ կսկսվի դրանից: Սա ավելի բարդ կդարձնի գործընթացը բազմաթիվ սադրանքներով խափանելը» - ասել է Աքթանն ու կարծիք հայնտել, որ այս գործընթացի հաջողությունը շատ ավելի հավանական է, քան նախորդինը, բայց չպետք է մոռանալ, որ Մերձավոր Արևելքում ամեն բան կարող է փոփոխվել ցանկացած պահի:
Քրդական հարցի լուծման համատեքստում անպատասխան շատ հարցերի թվում է նաև քաղաքական բանտարկյալ այլ քուրդ գործիչների ազատությունը, ինչպես օրինակ Սելահաթթին Դեմիրթաշը։ Շատ փորձագետներ վստահ են, որ այս գործընթացը նրա և նրա նման շատերի բանտից դուրս գալու հավանականությունն էլ ավելի է քչացնելու։
Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանը փետրվարի 27-ին հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով PKK-ին վայր դնել զենքերը և լուծարվել՝ Թուրքիայի հետ խաղաղության հասնելու համար:
Բանտից ուղարկված իր ուղերձում Օջալանն ասել է, որ կուսակցությունը պետք է համագումար անցկացնի և որոշի լուծարվել։
«Գումարեք համագումարը և որոշում կայացրեք։ Բոլոր խմբավորումները պետք է զենքերը վայր դնեն, իսկ PKK-ն պետք է լուծարվի», - ասել է Օջալանը հայտարարության մեջ:
75-ամյա Օջալանը 1999 թվականից բանտարկված է Ստամբուլի մերձակայքում գտնվող Իմրալը կղզու բանտում: Շրջանառվում են տեղեկություններ, որ եթե գործընթացը հաջողության հասնի, ապա Օջալանը կանցնի տնային կալանքի։