Մշակույթ

Համերգ, որն ապրում է սրտում. Տիգրան Խանջարյանը՝ Շառլ Ազնավուրի հիշատակին

4 րոպեի ընթերցում

Համերգ, որն ապրում է սրտում. Տիգրան Խանջարյանը՝ Շառլ Ազնավուրի հիշատակին

Բելգիայում տեղի ունեցավ մի միջոցառում, որն անթաքույց հույզեր փոխանցեց դրան ներկա գտնվող յուրաքանչյուր անձի սրտին։ «Վեստրադ» մշակութային կենտրոնում Տիգրան Խանջարյանի և Մարսելից հատուկ ժամանած նվագախմբի մենահամերգը՝ նվիրված աշխարհահռչակ երգիչ, կոմպոզիտոր և հումանիստ Շառլ Ազնավուրի 100-ամյակին, վերածվեց ոչ միայն երաժշտական, այլև հիշողության և երախտագիտության տոնի։ Երեկոն մեկնարկեց դուդուկահար Վարդան Հովհաննիսյանի դուդուկի մեղեդիներով, որը համերգին հաղորդեց խորությամբ թաթախված ազգային երանգ։  

Բեմից հնչեցին Ազնավուրի կյանքի բովանդակությունն արտացոլող մեղեդիներ՝ բուռն զգացմունքներով և ուժեղ պատգամով։ Տիգրան Խանջարյանի վոկալի շնորհիվ հանդիսատեսը վերապրեց Ազնավուրի ապրած ցավը, սերը, կարոտը, պայքարը և հայ լինելու հպարտությունը։ Համերգին Խանջարյանի հետ զուգերգով հանդես եկավ Աննա Ուինկին, իսկ Լեյլա Պալոմբոն մարմնավորվեց Ազնավուրի կյանքի կարևորագույն կերպարներից մեկին՝ Էդիթ Պիաֆին։ 

Տիգրան Խանջարյանի համար այս համերգը պարզապես ելույթ չէր, այն երազանքի՝ իրականություն դառնալու վկայությունն էր։ 

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նա հիշեց՝ համավարակի մութ օրերին, երբ ամբողջ աշխարհը փակված էր չորս պատերի մեջ, ինքը կանգնած էր իրենց տան պատշգամբում՝ երգելով հարևանների համար։ Այդ ժամանակ առաջին անգամ հնչեց Ազնավուրի La Bohème երգը՝ դառնալով նրա ձայնային այցեքարտը և գրավելով ուշադրություն։ Կարելի է ասել՝ հենց այդ երգով սկսվեց Տիգրանի երաժշտական ուղին։ 

Այդ օրերը, սակայն, հեշտ չէին․ վնասվածքների պատճառով նա ստիպված եղավ հրաժարվել իր մանկության սիրուց՝ ֆուտբոլից, հեռանալ «Փյունիկ» ակումբից։ Այդ ծանր շրջափուլում մեծ մխիթարություն էին Ազնավուրի գիրքն ու նրա երգերը։ Դրանք դարձան ներշնչանքի աղբյուր՝ օգնելով նրան նոր ճանապարհ հարթել՝ արդեն երաժշտության աշխարհում։ 

Եվ ահա այսօր, տարիներ անց, երբ Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգի ժամանակ հնչում են նրա անմահ երգերը, Տիգրանի կատարումներում հնչում է ոչ միայն երաժշտություն, այլև երախտագիտություն, ցավ ու մեծագույն հարգանք այն մարդու նկատմամբ, որի երգերն ու խոսքերը կերտեցին նրա երկրորդ կյանքը։  

Համերգը եզրափակվեց անմոռանալի և խորհրդանշական կատարմամբ՝ «Քեզ համար, Հայաստան» երգով։ Այդ պահը վերածվեց ընդհանուր մտորումների ու հայրենիքի հետ ներքին կապի։  

Համերգին ներկա էին  Բելգիայում Հայաստանի դեսպանության ներկայացուցիչներ, ՆԱՏՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության անդամներ, օտարազգի դիվանագետներ, արվեստագետներ, Բելգիայում Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվը, ինչպես նաև Տիգրան Խանջարյանի անցած ճանապարհին կարևոր դերակատարում ունեցած անձինք՝  նրա ֆրանսերենի և վոկալի առաջին ուսուցիչները։ 

Շառլ Ազնավուրը միշտ ասում էր՝ «Ես երկու մշակույթի մեջ եմ ծնվել՝ ֆրանսիականի և հայկականի։ Դա ուժ է, ոչ թե բեռ»։
Եվ այդ ուժն էր, որ Տիգրան Խանջարյանի մեկնաբանությամբ փայլեց ողջ երեկոյի ընթացքում՝ համեստ ու խորը հարգանքով։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում