Վերլուծություն

Թրամփը փորձում է ուկրաինական հակամարտության միանձնյա հաղթող դարձնել ԱՄՆ-ին. Գուրգեն Սիմոնյան

8 րոպեի ընթերցում

Թրամփը փորձում է ուկրաինական հակամարտության միանձնյա հաղթող դարձնել ԱՄՆ-ին. Գուրգեն Սիմոնյան

Քաղաքական գիտությունների թեկնածու, քաղաքական գործիչ Գուրգեն Սիմոնյանը կարծում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ձգտում է թույլ չտալ, որպեսզի ուկրաինական հակամարտությունում որևէ հաղթող կողմ լինի՝ ի դեմս Ռուսաստանի, Ուկրանիայի կամ ԵՄ-ի. նա ցանկանում է ԱՄՆ-ի համար ապահովել միանձնյա հաղթողի կարգավիճակ։ 

Գուրգեն Սիմոնյանը նման տեսակետ հայտնեց «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործում Միացյալ Նահանգների նախաձեռնողականությանը և միջնորդական քայլերին։  

«Միացյալ Նահանգների դիրքորոշման և գործելակերպի շրջադարձն ու փոփոխությունը պայմանավորված են ոչ միայն նոր նախագահի ընտրությամբ, այլև քաղաքական վերնախավում կուսակցական փոփոխությամբ, երբ դեմոկրատներին փոխարինելու եկավ հանրապետականների իշխանությունը, և Բայդենի պաշտոնավարման օրոք դեմոկրատիայի համար առաջամարտիկ պետության հավասարակշռված մոտեցումները շրջաբերաբար փոխվեցին մերկանտիլ շահերով պայմանավորված ու առավելապաշտական մոտեցումներով առաջնորդվող հանրապետականների առաջնորդ Թրամփի իշխանությամբ»,-ասաց Սիմոնյանը։   

Նրա դիտարկմամբ՝ եթե ամբողջ արևմտյան ճակատի անվտանգային համակարգը ապահովում է միայն ԱՄՆ-ն՝ զգալի ծախսերով հանդերձ, ապա այստեղ, ելնելով այդ տրամաբանությունից և Թրամփի մոտեցումից, հաղթող պետք է լինի միայն Միացյալ Նահանգները, ուստի նրա հարձակումն Ուկրաինայի նախագահի նկատմամբ տեղի ունեցավ բացառապես այն նպատակով, որ տեղ բացի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկումները շարունակելու համատեքստում։   

«Թրամփն ու նրա գլխավորած իշխանությունը, ինչպես նաև Միացյալ Նահանգներում առկա քաղաքական հոսանքը հակառակորդ են ընդունում Չինաստանին։ Դա նաև նշված է ռազմավարություններում, որոնք ամրագրել են այդ տեսակետը։ ԱՄՆ-ի ամբողջ վերնախավն այսօր ընդունում է Չինաստանին որպես թիվ մեկ ախոյան, ուստի չոր հաշվարկների համատեքստում Վաշինգտոնին ձեռնտու է ոչ միան Եվրոպայի կարողությունների ու ներուժի օգտագործումը, որն, ի դեպ, նույնպես հաղթող չէ և կրկին լինելու է կամակատարի կարգավիճակով, այլ նաև պարտված Ուկրաինայի ու Ռուսաստանի հավաքական ներուժի օգտագործումը»,- նշեց մեր զրուցակիցը։ 

Սիմոնյանի կարծիքով՝ նման մոտեցումը, բնականաբար, չէր կարող չհուզել Չինաստանին, այդ իսկ պատճառով այնտեղից լսվեցին բազմաթիվ ուշագրավ հայտարարություններ։ Չինական կողմը ռետրոսպեկտիվ վերլուծություն անելով՝ հասկացավ ամերիկյան պլանը, հետևաբար փորձում է ռուս-ուկրաինական հակամարտության պարագայում ձևավորել ոչ թե միանձնյա հաղթողի աշխարհ, այլ բազմամակարդակ հաղթողների աշխարհ, որտեղ կլինի կամային ուժերի ու հավակնությունների բազմազանություն։

«Չինաստանը մեծ տնտեսական կապեր ունի Եվրամիության հետ։ Եթե Եվրոպան ձայնազուրկի կարգավիճակում չլինի, ապա հակաչինական մոտեցումների ագրեսիվության չափաբաժինը զգալիորեն կնվազի։ Սա է պատճառը, որ եվրոպական խոշոր երկրների ղեկավարներն ԱՄՆ-ի հետ անվտանգային համակարգին զուգահեռ միտված են նաև համաեվրոպական անվտանգային համակարգի ձևավորմանը, որպեսզի հետայսու ևս իրենց կամքը պարտադրեն հակառակորդ կողմին՝ Ռուսաստանին։ Հիմա աշխարհը շարժվում է մի ուղղությամբ, որտեղ ավանդաբար մեկը մյուսին սատարող կողմերը կարող են ժամանակավորապես փոխել իրենց դիրքորոշումները»,- պարզաբանեց մեր զրուցակիցը։     

Անդրադառնալով Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի տեսակետներին, որոնց համաձայն՝ անհեթեթություն է կարծել, որ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը կարևոր է, սակայն այդ գործընթացը չպետք է ղեկավարի Թրամփը, կամ եթե հակամարտության կարգավորմամբ զբաղվեին դեմոկրատները, այլ ոչ թե հանրապետականները, ապա գործընթացը կհամարվեր Խաղաղության Նոբելյան մրցանակին արժանի նախաձեռնություն, Սիմոնյանն ընդգծեց, որ դրանք մանիպուլյացիա պարունակող դիտարկումներ են։  

«Այն, ինչ հիմա կոչում են խաղաղության և հաշտեցման գործընթացի մեկնարկ, այլ կողմերը կարող են վերծանել որպես երրորդ երկրի հաշվին գործելու և երրորդ երկրին լուսանցքում թողնելու միջոցով բանակցությունների վարում ուժային բևեռի հետ՝ վերջում ամբողջ պատասխանատվությունը բարդելով այդ երրորդ երկրի վրա։ Եթե ԱՄՆ-ն ՌԴ-ի հետ բանակցում է՝ կանխակալ վերաբերմունք ցուցաբերելով Ուկրաինայի նկատմամբ, ապա դժվար է նման վարքն ու քաղաքականությունն անվանել դեպի խաղաղության տանող հանգամանք։ Մի պետության հաշվին խաղաղության կերտումն ամբողջ աշխարհն արդեն ժամանակին տեսել է»,- ասաց Սիմոնյանը։ 

Նա մասնավորապես հիշեցրեց Լեհաստանի օրինակը Երկրորդ աշխարհամարտից առաջ, երբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Չեմբերլենը հասկացավ, որ պացիֆիստական մոտեցումներով պայմանավորված դիրքորոշումն ամենևին էլ խաղաղություն չէր բերելու Եվրոպային, առավել ևս, երբ Լեհաստանի պարագայում համաձայնեցին զիջումների՝ հօգուտ Երրորդ ռեյխի։    

«Հիմա կրկնում են նույնը և կանգնում են նույն փոցխի։ Դեռ քանի անգամ պետք է աշխարհն այդ աղետների միջով անցնի, որպեսզի մարդկությունն ի վերջո հասկանա, որ փոքրիկ անարդարությամբ մեծ արդարություն չես կերտի։ Փոքրիկ անարդարությունը հիմք է դառնալու ավելի մեծ անարդարությունների համար»,- նշեց մեր զրուցակիցը։ 

Սիմոնյանն անդրադարձավ նաև Զելենսկի-Թրամփ բանավեճից հետո Ուկրաինայի նախագահի հայտարարություններին, որ պատրաստ է շարունակել խաղաղությանն ուղղված բանակցություններն ու ստորագրել երկրի օգտակար հանածոներն ԱՄՆ-ին տրամադրելու համաձայնագիրը։ Քաղաքական գործչի կարծիքով՝ Զելենսկին, այդուհանդերձ, գիտակցեց, որ գործ ունի բավականին ուժեղ ու ազդեցիկ պետության ղեկավարի հետ։ 

«Առանց ԱՄՆ-ի օժանդակության Ուկրաինան կունենա մեծ դժվարություններ։ Չմոռանանք, որ ուկրաինացիները կռվում են Ռուսաստանի դեմ, այն պետության, որի անվանումն արդեն ահ ու սարսափ է ներշնչում 192 պետություններին, անգամ խոշոր տերություններին։ Միացյալ Նահանգների նման խոշոր խաղացողի կողմից ձեռքերը լվանալու հանգամանքն Ուկրաինայի համար կարող է լինել մահաբեր։ Թեև ուկրաինացի ժողովուրդը հերոսաբար մարտնչում է, իսկ Եվրոպան նրան սատարում է ամեն գնով, այնուամենայնիվ, Եվրոպան իր հերթին դեռ նոր պետք է ձևավորի ԱՄՆ-ին զուգահեռ անվտանգային համակարգ»,- ասաց Սիմոնյանը։  

Նրա դիտարկմամբ՝ եվրոպական նոր սպառազինության ստեղծումն ու մատակարարումն Ուկրաինային կպահանջի տասնյակ տարիներ, մինչդեռ ականատես կլինենք արյունալի, սարսափելի դրամատիկ, կորստաբեր պատերազմի։  

«Խորը հիասթափություն և վիրավորանք ապրելով հանդերձ՝ Զելենսկին, միևնույն է, իր ժողովրդի և պետության համար կփորձի նորից ձեռք մեկնել, ու թեև բոլորս ականատես եղանք Թրամփի հետ նրա հանդիպման ու բանավեճի որակին, այդուհանդերձ, Զելենսկու հետադարձ հայտարարությունները բացառապես պայմանավորված են Ուկրաինայի շահերն առավելագույն չափով սպասարկելու ձգտումով»,- եզրափակեց Սիմոնյանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում