ԱՄՆ-ն այլևս դադարել է ՌԴ-ի թուլացումը դիտարկել որպես գերնպատակ․ փորձագետ
9 րոպեի ընթերցում

Փորձագետ Բենիամին Պողոսյանը կարծում է, որ ամերիկյան և ռուսական վերնախավերի վերջին տարաբնույթ հանդիպումները սահմանեցին ոչ միայն նոր ուղենիշներ, այլև տվեցին աշխարհաքաղաքական ազդեցության գոտիներում հնարավոր փոփոխությունների ազդակներ։
«Արմենպրես»-ի հետ զրույցում «APRI Armenia» վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ Բենիամին Պողոսյանը հանգամանորեն անդրադարձավ Թրամփ-Մակրոն, Թրամփ-Զելենսկի, Լավրով-Փեզեշքիան, Լավրով-Էրդողան հանդիպումներին և դրանցով պայմանավորված միջազգային զարգացումներին։
«Այս պահին ԱՄՆ-ն և Եվրոպան փոխհարաբերությունների բավականին բարդ փուլ են ապրում, ինչը ցույց տվեց նաև Թրամփ-Մակրոն հանդիպումը։ Եվրամիությունն ի սկզբանե պատժամիջոցներ կիրառեց Ռուսաստանի դեմ, ինչը լուրջ հարվածներ հասցրեց նաև եվրոպական տնտեսությանը, առաջին հերթին՝ Գերմանիային, որովհետև գերմանական տնտեսությունը հենվում էր ռուսական էժան էներգակիրների վրա, որպեսզի արտադրեր մրցունակ ապրանքներ և վաճառեր արտաքին շուկաներում։ Գերմանիայի պարագայում արտահանումն աճի հիմնական նախապայմանն է»,-ասաց Պողոսյանը։
Նա հավելեց, որ վերջին տարիներին Միացյալ Նահանգների ճնշմամբ ԵՄ-ն սկսեց նաև ավելի վատ հարաբերություններ ունենալ Չինաստանի հետ՝ կիրառելով որոշակի պատժամիջոցներ, հանդես գալով սուր հայտարարություններով, խոսելով մարդու իրավունքների խախտումների, և նույնիսկ ույգուրների, այսպես կոչված, ցեղասպանության մասին։ Այդ ամենն արվում էր տրանսատլանտյան միասնությունն ապահովելու, աշխարհում ժողովրդավարության և ազատության համար մղվող պայքարին աջակցելու լոզունգների ներքո։ Այդ ամենի արդյունքում ԱՄՆ-ն վերջին տարիներին արձանագրեց տնտեսական զգալի աճ, մինչդեռ ԵՄ-ում գրանցվեց տնտեսական լուրջ անկում։
«Այդ ամենը եվրոպացիներն անում էին ամերիկյան կողմի հորդորով և ճնշմամբ։ ԱՄՆ-ում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, ընտրվեց Դոնալդ Թրամփը, և պարզվեց, որ նրա համար տրանսատլանտյան միասնությունն այնքան էլ կարևոր չէ։ Նրա համար առաջին հերթին նշանակություն ունի ԱՄՆ-ի հետագա հզորացումը, այդ թվում՝ տնտեսապես, Եվրամիության հաշվին։ Չմոռանանք՝ Թրամփը հստակ հայտարարեց, որ ԵՄ-ն ստեղծվել է Միացյալ Նահանգներին հարվածելու համար, որ եվրոպացիներն ապրել են ԱՄՆ-ի հաշվին, ուստի այդ ամեն ինչի վերջը պետք է գա։ Վաշինգտոնը փորձում է զուգահեռաբար հարաբերությունները կարգավորել ՌԴ-ի հետ։ Նման պայմաններում ԵՄ-ն փորձում է հասկանալ իր հետագա անելիքը։ Առանց այդ էլ Եվրոպան արդեն կրել է հարվածներ և հիմա էլ պարզվում է, որ լուրջ խնդիրներ կան ԱՄՆ-ի հետ»,- նշեց մեր զրուցակիցը։
Պողոսյանի կարծիքով՝ Թրամփի վարչակազմը ցանկանում է դադարեցնել պատերազմն Ուկրաինայում և Ռուսաստանի հետ քիչ թե շատ նորմալ հարաբերությունների հիման վրա ավելի ու ավելի կենտրոնանալ Չինաստանի նկատմամբ վարվող իր քաղաքականության վրա, իսկ Եվրոպան կանգնել է նոր իրողություններով պայմանավորված փաստերի առջև։ Եթե ԱՄՆ-ում կա նոր նախագահ, ով հայտարարում է, թե պատասխանատու չէ իր նախորդի կատարած քայլերի համար, ապա Եվրոպայում մեծամասամբ նույն քաղաքական գործիչներն են, ովքեր չեն փոխել քաղաքական գիծը։ Ըստ այդմ՝ ՌԴ-ի հետ կամուրջներն այրված են, հարաբերությունների վերականգնման մասին այս փուլում խոսակցություններ չկան, ուստի ԵՄ-ն հայտնվել է անելանելի, փակուղային վիճակում։
Պողոսյանը հետաքրքիր հանգամանք է համարում այն, որ եվրոպական վերնախավը հավաքվել էր Մեծ Բրիտանիայում, որը տևական ժամանակ է, ինչ դուրս է եկել Եվրամիության կազմից։ Այդուհանդերձ լոնդոնյան գագաթնաժողովում որոշումներ չկայացվեցին, մարդիկ հասկանում են, որ ԵՄ-ի համար լավ ելքեր չեն նախանշվում, որ այն արդեն հայտնվել է Ուկրաինայի վիճակում։
«Մի բան հստակ է, որ առանց ԱՄՆ-ի՝ Եվրոպան ուղղակի ի վիճակի չէ երկարատև պատերազմ մղել Ռուսաստանի դեմ։ Այն, ինչ տեսանելի էր Ուկրաինայում, ավելի ու ավելի էր նմանվում պրոքսի պատերազմի, որտեղ մի կողմում Արևմուտքն էր իր ասիական դաշնակիցներով, իսկ մյուս կողմում Ռուսաստանն էր։ Եթե հավասարումից հանենք ԱՄՆ-ին, ապա գործընթացը չի հաջողի։ Այդ դեպքում պատերազմը կարող է շարունակվել վեց ամիս կամ առավելագույնը մեկ տարի, բայց ոչ հարատև»,- պարզաբանեց փորձագետը։
Խոսելով Թրամփ-Զելենսկի հանդիպման մասին՝ Պողոսյանը նշեց, որ ԱՄՆ-ի նոր վարչակազմի դիրքորոշումը միանգամայն հստակ է․ եթե Ուկրաինան ցանկանում է, որ Միացյալ Նահանգները շարունակի իրեն աջակցել, ապա պետք է սպասարկի կոնկրետ շահեր։ Նախկինում Վաշինգտոնի նպատակը ՌԴ-ի թուլացումն էր ռուս-ուկրաինական հակամարտության միջոցով՝ թեկուզ ուկրաինացիների զոհողությունների գնով, մինչդեռ այս պահին ՌԴ-ի թուլացումը ամերիկյան նոր վարչակազմը չի համարում գերակա շահ, ուստի Թրամփը փորձում է գտնել այլընտրանքային տնտեսական շահ՝ ուկրաինական կողմին առաջարկելով ստորագրել ընդերքի հանածոներն ԱՄՆ-ին տրամադրելու համաձայնագիրը։ Բայց Զելենսկին փաստացի մերժեց այդ առաջարկը՝ պնդելով, որ բացի տնտեսական շահից, պետք է լինեն նաև ամերիկյան կողմից տրամադրված անվտանգային երաշխիքներ։ Արդյունքում նյարդերը տեղի տվեցին, և Զելենսկին Սպիտակ տնից հեռացավ՝ առանց որևէ փաստաթուղթ ստորագրելու։
«Եթե այդ համաձայնագիրն էլ չկա, ուստի անտրամաբանական է ԱՄՆ-ի հետագա ներգրավվածությունը ռուս-ուկրաինական հակամարտությունում։ Չեմ բացառում, որ մոտ օրերս կկայացվեն որոշումներ, որոնք էականորեն կնվազեցնեն ամերիկյան կողմի մասնակցությունը վերոհիշյալ կոնֆլիկտում, այսինքն՝ Ուկրաինան ՌԴ-ի դեմ շարունակելու է պայքարել միայն ԵՄ-ի աջակցությամբ, որը ոչ մի տեղ տանող ճանապարհ է։ Կամ եվրոպացիները պետք է համոզեն Զելենսկուն ընդունել Թրամփի առաջարկը, կամ նրա անդրդվելիության պարագայում պետք է Ուկրաինայում ի հայտ գա նոր ղեկավար, ով կհամաձայնի նոր պայմաններին։ Հակառակ դեպքում, հակամարտությունից ԱՄՆ-ի դուրս գալու դեպքում ուկրաինական կողմը կկրի ավելի մեծ կորուստներ»,- ասաց Պողոսյանը։
Իսկ ինչ վերաբերում է ռուսական կողմի հանդիպումներին, փորձագետն ընդգծեց, որ Մոսկվան իր հերթին հասկանում է, որ Միացյալ Նահանգներն այլևս դադարել է ՌԴ-ի թուլացումը դիտարկել որպես գերնպատակ, ընդ որում՝ ոչ միայն Ուկրաինայում, այլև Հարավային Կովկասում։
«Վերջին տարիներին ԱՄՆ-ն ակտիվորեն ներգրավված էր հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում, եռանդուն ջանքեր էր գործադրում, որպեսզի կողմերի միջև կնքվեր խաղաղության պայմանագիր և այդ ամենով հանդերձ՝ թուլանար Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում։ 2025 թվականի հունվարի 20-ից հետո պատկերը փոխվել է։ Հարավային Կովկասն այլևս նախկին հետաքրքրությունը չունի Վաշինգտոնի համար։ Ստեղծված իրավիճակում Ռուսաստանը փորձում է տարածաշրջանը վերածել փակ բաժնետիրական ընկերության, որտեղ բաժնետոմսերի առնվազն 45 տոկոսը պատկանում է իրեն, 35 տոկոսը՝ Թուրքիային, 20 տոկոսը՝ Իրանին»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։
Այդ երեք պետությունները, նրա դիտարկմամբ, պետք է միասնաբար փորձեն Հարավային Կովկասում առկա տարբեր հակամարտությունները հանգուցալուծել։ ՌԴ-ն արդեն իսկ իր գործընկերների հետ պատրաստվում է այն իրավիճակին, որում կհայտնվենք բոլորս, կամ գուցե արդեն հայտնվում ենք՝ նկատի ունենալով ամերիկյան կողմի ներգրավվածության նվազումն ու Ռուսաստանի դերի բարձրացումը։
«Մոսկվան կառաջարկի «3+3» ձևաչափի կամ գուցե այլ հարթակի միջոցով կարգավորել տարածաշրջանային խնդիրները։ Հենց այս համատեքստում պետք է դիտարկել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջին այցերը Թեհրան և Անկարա»,- եզրափակեց փորձագետը։