Քաղաքականություն

Վարչապետ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Էստոնիա

3 րոպեի ընթերցում

Վարչապետ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Էստոնիա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով Էստոնիայում է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Էստոնիայից, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Տալլին։ 

Պատվիրակության կազմում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և այլք։ 

Վարչապետի այցի առաջին օրը նախատեսված է հանդիպում Էստոնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Այցի հաջորդ օրը նախատեսված են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումները Էստոնիայի Հանրապետության նախագահ Ալար Կալիսի, Էստոնիայի խորհրդարանի նախագահ Լաուրի Հուսարի, ինչպես նաև Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալի հետ։ Երկու երկրների վարչապետները հանդես կգան մամուլի ասուլիսով։

Հայաստանի Հանրապետության և Էստոնիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. օգոստոսի 23-ին: Այս տարիների ընթացքում երկու երկրների միջև կնքվել են 10-ից ավելի համաձայնագրեր, հուշագրեր՝ ուղղված մի շարք ոլորտներում հարաբերությունների զարգացմանը։ 

2017 թվականից գրանցված որոշակի դադարից հետո, երկրու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցերի ակտիվություն է նկատվում՝ սկսած 2023 թվականից։ Էստոնիա են այցելել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։  Էստոնիայից Հայաստան է այցելել ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան։ 

Բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումներ կայացել են նաև միջազգային տարբեր հարթակներում։ Ի թիվս երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների այլ հանդիպումների, Բուդապեշտում տեղի ունեցած Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովի շրջանակում կայացել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալի հանդիպումը։

Տարբեր հանդիպումների ընթացքում երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաններն արձանագրել են, որ Հայաստանի և Էստոնիայի միջև զարգանում է թե՛ քաղաքական երկխոսությունը, թե՛ այլ ոլորտներում համագործակցությունը։ Ընդգծվել են երկու երկրների համագործակցությունը տարբեր ոլորտներում ընդլայնելու հարցերը, ինչպես նաև մի շարք առանցքային ոլորտներում եղած ներուժն առավելագույն չափով օգտագործելու հնարավորությունները։ 

 Էստոնիան ուշագրավ ձեռքբերումներ ունի ՏՏ, թվայնացման, նորարարության, կիբեռանվտանգության ոլորտում, իսկ Հայաստանն ունի փոփոխություններ ներդնելու պատրաստակամություն ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածում, ինչն էլ փոխշահավետ համագործակցության լայն հնարավորություններ է ստեղծում։ Սա նաև վերաբերում է կրթության, զբոսաշրջության, ինչպես նաև էներգետիկայի, մշակույթի և այլ ոլորտներում համագործակցության ընդլայնմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում