Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Արցախի հարցում Եվրախորհրդարանի պաշտոնական դիրքորոշումը ենթարկվել է դրական փոփոխության․Արման Եղոյան

Արցախի հարցում Եվրախորհրդարանի պաշտոնական դիրքորոշումը ենթարկվել է 
դրական փոփոխության․Արման Եղոյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրախորհրդարանը 507 կողմ 119 դեմ ձայներով հաստատել է Արևելյան Գործընկերության վերաբերյալ Եվրոպական Միության Խորհրդին, Եվրահանձնաժողովին և ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցչին ուղղված Եվրախորհրդարանի պաշտոնական առաջարկները։  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Աժ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:

«Այ հենց սա՛ է Եվրախորհրդարանի պաշտոնական դիրքորոշումը ԵՄ արտաքին քաղաքական օրակարգի Արևելյան գործընկերությանն առնչվող խնդիրների վերաբերյալ, այդ թվում՝ Արցախի հարցի կարգավորման գործընթացի վերաբերյալ, և ոչ Եվրախորհրդարանի այն երեք պատգամավորների հայտարարությունը, որ շրջանառվում էր օրեր առաջ։

Փաստաթղթի նախնական տարբերակը շրջանառության մեջ է դրվել մոտ երեք ամիս առաջ, այն մի քանի փուլով քննարկվել է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, տասնյակ փոփոխություններով մի շարք նոր ձևակերպումներ են ընդգրկվել տեքստում և հեռացվել դրանից։

Առաջարկների մեզ հետաքրքրող հատվածում Եվրախորհրդարանը ԵՄ վերը նշված ինստիտուտներին, ինչպես նաև ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցչին առաջարկում է «վերահաստատել իրենց աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և նրանց 2009 թ Հիմնարար սկզբունքներին»։

Սա անել՝ «նպատակ ունենալով հասնել խնդրի կարգավորմանը, հիմնված միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի Կանոնադրության և ԵԱՀԿ 1975 թ Հելսինկյան Եզրափակիչ ակտի նորմերի և սկզբունքների վրա»։ Եվրախորհրդարանը նաև կոչ է անում վերը նշված մարմիններին «քաջալերել բոլոր կողմերին ակտիվացնել երկխոսությունը և ձեռնպահ մնալ բորբոքիչ հռետորաբանությունից, ինչը էլ ավելի կվտանգի կարգավորման ցանկացած հեռանկար»,- գրել է Եղոյանը։

Աժ Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահը հիշեցրել է, որ 2009-ի (Լ՛Աքվիլլայի) հիմնարար սկզբունքներն են ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքը, տարածքային ամբողջականությունը և ուժի չկիրառումը։

«Արցախյան հիմնահարցի կարգավորման համատեքստում այս նույն երեք սկզբունքներն են նկատի առնվում նաև ՄԱԿ-ի Կանոնադրությանը և ԵԱՀԿ Հելսինկյան Եզրափակիչ ակտին հղում անելիս:

Այսպիսով, Արցախի հարցում Եվրախորհրդարանի պաշտոնական դիրքորոշումը մեզ համար ոչ միայն որևէ բացասական փոփոխության չի ենթարկվել, այլ նույնիսկ ենթարկվել է միայն մասնագիտական աչքի համար տեսանելի դրական փոփոխության, որոնց արձանագրումը, հասկանալի պատճառներով, կթողնեմ անկախ փորձագետներին»,- նշել է Եղոյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am