Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Բարգավաճ Հայաստան»-ը չի մասնակցելու Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով քվեարկությանը

«Բարգավաճ Հայաստան»-ը չի մասնակցելու Ծառուկյանին անձեռնմխելիությունից 
զրկելու հարցով քվեարկությանը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով քվեարկությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նաիրա Զոհրաբյանն այս մասին ասաց ԱԺ-ում Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին գլխավոր դատախազի միջնորդության ներկայացմանը:

«Այս ամենը սկսվեց, երբ ԲՀԿ քաղաքական խորհրդի հատուկ նիստում Գագիկ Ծառուկյանը ներկայացրեց երկրի իշխանությունների՝ տարբեր ոլորտների ձախողումները և ասաց՝ լրջացեք, հետևություններ արեք, երկիր ենք կորցնոմ, կորոնավիրուսը դարձել է անկառավարելի Հայաստանում»,-ասաց Զոհրաբյանն ու նկատեց՝ դրանից հետո սոցիալական ցանցերում սկսեցին հայհոյել նրան:

Անդրադառնալով իր եկամուտների հայտարարագրին՝ նշեց, որ այն բաց հրապարակային մոտ 13 տարի տեղադրվել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բաց կայքում: Նա վստահեցրեց՝ վերջին 9 տարում իր հայտարարգրում որևէ բան չի փոխվել:  Զոհրաբյանը չի հրաժարվում իր հայտարարագրից: 

Դիմելով դատախազին ասաց. «Դուք որևէ հիմք չներկայացրեցիք, թե ինչու պետք է Գագիկ Ծառուկյանին ներկայացվի մեղադրանք: Դուք չկարողացաք որևէ փաստարակ ներկայացնել, որ Գագիկ Ծառուկյանը ձեր նշած X անձին գումար է տվել՝ ինչպես Դուք եք ներկայացնում՝ ընտրակաշառք բաժանելու համար: Ձեր ներկայացրած թուղթն ընդամենը թուղթ է,  այն իրավական փաստաթուղթ չէ, իրավական որևէ ուժ չունի»:

Նա նշեց, որ իրեն օգնելու են Եվրոպական դատարանի հետ աշխատող լրջագույն փաստաբաններ, և ինքը ապացուցելու է, որ Գագիկ Ծառուկյանի հետ կատարվողը քաղաքական հաշվեհարդար է: Զոհրաբյանն անվստահություն հայտնեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև համալիր օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել բացահայտել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի խումբ անդամների կողմից, նախնական համաձայնությամբ, 2017 թ. ապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում ընտրողներին թեկնածուներից, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրողներին կաշառք տալու բազմաթիվ դեպքեր, որում ներգրավված են եղել ինչպես կուսակցության ղեկավար կազմը, այնպես էլ՝ կուսակցության անդամները: 

Հունիսի  16-ին ԱԱԾ-ն մեկ այլ հաղորդագրությամբ նշել է, որ ԱԱԾ Քննչական դեպարտամենտում նախապատրաստված նյութերով ձեռք բերված փաստական տվյալներով տեղեկություններ են ստացվել այն մասին, որ պետական պաշտոնատար անձինք, կազմակերպված հանցավոր մեխանիզմով, 2017 թ. մայիսի 14-ի Երևանի ավագանու ընտրություններին՝ ընտրությունների նշանակման օրվանից առաջ և հետո ընկած ժամանակահատվածում, համոզելու, նյութապես շահագրգռելու կամ այլ ապօրինի եղանակով, մայրաքաղաքից դուրս հաշվառված ու այլ համայնքներում ժամանակավոր կամ մշտական բնակության վայր, ինչպես նաև ընտրելու իրավունք ունեցող շուրջ 100-120 հազար ՀՀ քաղաքացիների դրդել են իրենց հաշվառման իրական վայրերից կարճ ժամանակով, ձևականորեն տեղափոխվել և ՀՀ օրենսդրությամբ ու իրավական այլ ակտերով սահմանված պահանջների խախտմամբ, ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր օգտագործելու միջոցով, հաշվառվել փաստացի նրանց համար ժամանակավոր կամ մշտական բնակության վայր չհանդիսացող՝ Երևան քաղաքի վարչական շրջանների տարբեր հասցեներում, որպիսի պայմաններում հնարավորություն են ստացել նշված անձանց ներառելու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրողների ցուցակներում և այդ կերպ Երևանի ավագանու ընտրություններին ապահովել անհրաժեշտ քանակի «կողմ» ձայներ, իսկ ընտրություններն ավարտվելուց անմիջապես հետո նշված անձանց կրկին տեղափոխել և հաշվառել են Երևան քաղաքից դուրս գտնվող՝ իրենց հաշվառման իրական վայրերում։ Վերոգրյալից բացի, նյութերի նախապատրաստմամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2004 թ. ապրիլի 30-ին հիմնադրված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները, մասնակցելով տարբեր տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում անցկացված Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, իրենց կուսակցության, թեկնածուների, հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որևէ մեկի օգտին կողմ քվեարկելու նպատակով ընտրողներին անձամբ կամ տարբեր միջնորդների միջոցով տրամադրել են կաշառք` դրամ, գույք կամ որևէ այլ առավելություն, որպիսի ապօրինի գործողություններով տարբեր ընտրություններին կամ հանրաքվեներին ստացել են իրենց համար ցանկալի արդյունքներ։ Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2020 թ. հունիսի 15-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերի, ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, ձեռնարկվում են լայնածավալ քննչական ու դատավարական այլ գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am