Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պետական մարմինների կողմից մարդկանց, տնտեսավարողներին մատուցվող ծառայությունները կդառնան էլեկտրոնային

Պետական մարմինների կողմից մարդկանց, տնտեսավարողներին մատուցվող 
ծառայությունները կդառնան էլեկտրոնային

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական կառավարման ոլորտում թվայնացման ռազմավարություն է մշակվում. քաղաքացիները, տնտեսավարողները մի շարք հարցերով պետական կառավարման մարմինների հետ կառնչվեն էլեկտրոնային տարբերակով, հնարավորինս կբացառվի մարդկային գործոնը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ստեփան Ծատուրյանը:

«Պետական կառավարման ոլորտում թվայնացման ուղղությամբ շատ ակտիվ աշխատում ենք ռազմավարության մշակման վրա: Ունենք երեք հիմնասյուներ, առաջինը՝ պետական կառավարումն է, երկրորդը՝ տնտեսությունը, երրորդը՝ հասարակությունը: Ռազմավարությունում զետեղված է մեր քայլերի հաջորդականությունը, խնդիրները, դրանց լուծումները, թե ենթադրենք 5 տարի հետո ինչպիսի զարգացումներ պետք է ունենանք թվայնացման հատվածով: Ամենակարևորը մեր քաղաքացիների կյանքը հեշտացնելու և հանրությանը մատուցվող ծառայությունները էլեկտրոնայնացնելու հատվածն է, որ եթե քաղաքացին պետական ծառայությունների հետ աշխատելու խնդիր ունի, կարողանա մեկ համակարգչից, մեկ սարքից իրեն հուզող խնդիրներով էլեկտրոնային եղանակով դիմել, ստանալ պատասխանը»,-ասաց Ծատուրյանը:

Այսինքն՝ մի շարք ծառայություններ, որոնք պետությունը մատուցում է քաղաքացիներին, կդառնան էլեկտրոնային: Մատուցվող որոշ ծառայություններ արդեն քանի տարի է, ինչ էլեկտրոնային են, օրինակ՝ քաղաքացիները հնարավորություն ունեն տարբեր հարցերով գերատեսչությունների դիմումներ գրել հենց էլեկտրոնային եղանակով: Դրանց ցանկն ընդլայնելու, պետական կառավարման համակարգն ավելի թափանցիկ դարձնելու նպատակով էլ մշակվում է ռազմավարությունը: Փոխնախարարը հիշեցրեց՝ այսօր արդեն ՊԵԿ-ի ծառայություններն օնլայն են, տնտեսավարողներն իրենց հաշվետվությունները ներկայացնում են օնլայն տարբերակով: Նախկինում դա արվում էր թղթային տարբերակով, լինում էին բազմաթիվ բողոքներ, մարդկային գործոնի խնդիր կար: «Հիմա մարդկային գործոնը հասցված է մինիմալի: Պետական ռեգիստրի գործակալությունը մեծ հատվածով օնլայն ծառայություններ է մատուցում, բայց կան այլ ծառայություններ ևս, որոնք Արդարադատության նախարարությունը մտադրություն ունի դարձնել էլեկտրոնային: Սոցիալական ապահովության ծառայության հետ կապված խնդիրներ կան, բազմաթիվ գործառույթներ կան, որոնք պետք է թվայնացվեն և օնլայն հասանելիություն լինի: Կրթության ոլորտում ևս կան բազմաթիվ գործառույթներ, որոնք պետք է էլեկտրոնային դառնան»,-ասաց փոխնախարարը:

Նա վստահեցրեց՝ թվայնացման նպատակն է, որ հիմնական պահանջված ծառայությունները, որոնք քաղաքացիներին, տնտեսավարողներին անհրաժեշտ են, դառնան օնլայն, շատ տարբեր ռիսկեր նվազեցվեն, պետական կառավարման համակարգը դառնա ավելի թափանցիկ, ապահովվի հասանելիություն, օպերատիվություն, որոշումներ կայացվեն բացառապես տվյալների վրա հիմնված: Ռազմավարությունը վերջնական տեսքով հասանելի կլինի կառավարությունը հաստատումից հետո:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]