Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հայ ազգի ներդրումը Հայրենական Մեծ պատերազմի և Երկրորդ համաշխարհայինի հաղթանակում․ «Ռեգնում»

Հայ ազգի ներդրումը Հայրենական Մեծ պատերազմի և Երկրորդ համաշխարհայինի հաղթանակում․ «Ռեգնում»

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկրորդ համաշխարհային պատերազմը վիթխարի փորձություն էր Խորհրդային միության բոլոր ժողովուրդների համար։ ««Ամեն ինչ ռազմաճակատի և ամեն ինչ հաղթանակի համար»․ Այս մտքով չորս տարի ապրում էին միլիոնավոր խորհրդային քաղաքացիներ՝ կրելով ծանր զրկանքներ և չխնայելով ոչինչ, ընդհուպ մինչև սեփական կյանքը։ Հայ ժողովուրդը, ի թիվս այլոց, իր զգալի ավանդն է ունեցել ընդհանուր գործում, և այդ ներդրումը կարելի է համարել հիրավի անգնահատելի», – նշվում է ռուսաստանյան «Ռեգնում» գործակալության հրապարակած հոդվածում, որի հեղինակը «Օրբելի» կենտրոնի վերլուծաբան Վլադ Վարդանյանն է։

Փոքր լեռնային պետությունը, որի բնակչությունը պատերազմից առաջ կազմում էր 1,5 մլն մարդ, ռազմաճակատ է ուղարկել բնակչության շուրջ 20 տոկոսը։ Ոչ պակաս ակտիվ էին Խորհրդային այլ պետությունների հայ քաղաքացիները, հատկապես՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչները, ինչպես նաև հայկական սփյուռքի ներկայացուցիչներն ամբողջ աշխարհից։

Այն ժամանակ Ադրբեջանական ԽՍՀ կազմի մեջ մտնող Չարդախլու հայկական հայտնի գյուղը դարձավ հայրենասիրության և ռազմական խիզախության իսկական խորհրդանիշ։ Այստեղից ռազմաճակատ մեկնեց 1200 մարտիկ։ Նրանց կեսից ավելին պարգևատրվեցին շքանշաններով ու մեդալներով, երկուսը՝ Հովհաննես Բաղրամյանը և Համազասպ Բաբաջանյանը, դարձան մարշալ, տասներկուսը գեներալի կոչումներ ստացան։ Յոթ չարդախլվեցիների շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում։

Ընդհանուր երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցել է ինչև 600 հազար հայ։ Նրանց մի մասը կենտրոնացած էր ազգային դիվիզիաներում։ Պատերազմի ընթացքում այդպիսիք վեցն էին։

Մարտերի ընթացքում ցուցաբերած սխրագործությունների համար 106 հայ զինծառայող արժանացել է «Խորհրդային Միության հերոսի» կոչման: Մարշալ Բաղրամյանը և լեգենդար օդաչու, փոխգնդապետ Նելսոն Ստեփանյանը երկու անգամ պարգևատրվել է ԽՍՀՄ հերոսի «Ոսկե աստղ» մեդալով: 26 հայ դարձել է «Փառքի շքանշանի» բոլոր երեք աստիճանների ասպետ։

Մարտի դաշտում զորքերի հրամանատար էր 68 հայ գեներալ, մեկ ծովակալ (Ի.Ս. Իսակով) և ավիացիայի մեկ մարշալ (Ս. Ա. Խուդյակով՝ հայ․ Ա․ Խամփերյանց)։ Պատերազմից հետո 86 հայի շնորհվել է գեներալի, իսկ 9-ին՝ ծովակալի կոչում։ Այսպիսով, ընդհանուր առմամբ գեներալի և ծովակալի կոչումներ են շնորհվել պատերազմի 165 հայ մասնակիցների։

1955 թ. Ի. Հ. Բաղրամյանը դարձավ Խորհրդային Միության մարշալ, իսկ Ի.Ս. Իսակովը՝ ԽՍՀՄ նավատորմի ծովակալ։ 1969 թ. Ա. Հ. Բաբաջանյանին շնորհվել է զրահատանկային զորքերի մարշալի կոչում, իսկ 1975 թ. զրահատանկային զորքերի գլխավոր մարշալի:

Մեծ հերոս որդիների հիշատակն այսօր էլ սրբորեն պատվում են նրանց հայրենիքում։ Ցավոք, Ա. Բաբաջանյանի և Ի. Բաղրամյանի հարազատ գյուղը՝ ղարաբաղյան Չարդախլուն, մնում է ադրբեջանական բռնազավթման տակ։ Տեղաբնիկ հայերին այստեղից վտարել են ավելի քան 30 տարի առաջ, իսկ հաղթող մարշալների պատվին կառուցված հուշարձաններն ու թանգարանները ավերվել են։

1943 թվականի ձմռանը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գևորգ Չորեքչյանի նախաձեռնությամբ միջոցներ հատկացվեցին «Սասունցի Դավիթ» անունը ստացած տանկային շարասյան կազմավորման համար (առաջին շարասյան մեջ եղել է 21, իսկ երկրորդում՝ 22 Տ-34 տանկ)։

Ամենանշանավոր ազգային ստորաբաժանումներից մեկը դարձավ 89-րդ Թամանյան հրաձգային դիվիզիան, որը ձևավորվել է Երևանում՝ 1941 թ․ դեկտեմբերին։ Դիվիզիայի մարտիկները պատերազմի մեջ են մտել Կովկասի նախալեռներում և մասնակցել են մի շարք կարևոր ռազմագործողությունների։ Դիվիզիան իր անվանումը ստացել է Թամանի թերակղզու ազատագրման ժամանակ։ 1945-ի հաղթական մայիսին դիվիզիայի մարտիկները մտել են Բեռլին։

Առանձին պետք է նշել սփյուռքահայերի մասնակցությունը պատերազմին։

Ոսկե տառերով իր անունը գրեց Միսակ Մանուշյանը՝ Ֆրանսիայի ազգային հերոս, Դիմադրության առաջնորդներից մեկը։ Իր ջոկատի մարտիկների հետ միասին նա ֆաշիստների կողմից մահապատժի է ենթարկվել 1943 թ․ աշնանը՝ հետմահու արժանանանլով «Պատվո լեգեոնի» շքանշանի: 1978 թվականին Փարիզի մոտակայքում Մանուշյանի պատվին կանգնեցվել է հուշարձան, որի վրա գրված է. «փառք նրան, ով զոհվել Է, որ ապրի Ֆրանսիան»։

Եվրոպայի տարածքում պարտիզանական ջոկատների կազմում, ինչպես նաև դաշնակիցների զորքերում ռազմական գործողությունների տարբեր թատերաբեմերում կռվել է ավելի քան 20 հազար հայ։ Հատուկ հիշատակման է արժանի Էռնեստ Դերվիշյանի սխրանքը, որը Իտալիայում դաժան մարտերում կարողացել է կարևոր դիրքեր գրավել և գերեվարել գերմանական ջոկատ: Այդ ժամանակ լեյտենանտ, իսկ հետագայում գնդապետ Դերվիշյանը արժանացել է ԱՄՆ բարձրագույն ռազմական պարգևին՝ Պատվո մեդալին։

«Ֆաշիզմի դեմ հաղթանակում հայերը, սկսած շարքայինից մինչև Մարշալ, անմահացրել են իրենց անունները, չխամրող քաջարի մարտիկների փառքով»։ Այս խոսքերը պատկանում են Խորհրդային Միության մարշալ Գեորգի Ժուկովին: Ավելի լավ, թերևս, չես էլ ասի։

 

Վլադ Վարդանյան, «Օրբելի» կենտրոնի վերլուծաբան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]