Ուկրաինական ճգնաժամում ԵՄ-ի ներգրավվածությունը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ այն հանդես է գալիս միասնական ճակատով. քաղաքագետ
5 րոպեի ընթերցում

Քաղաքագետ Նորայր Դունամալյանը կարծում է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից վարվող մեկուսացման քաղաքականությունը վերաբերում է նաև Եվրոպական միությանը և դարձել է առավել քան պրագմատիկ՝ հակասություններ առաջացնելով ԱՄՆ-ԵՄ փոխհարաբերություններում։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Նորայր Դունամալյանն անդրադարձավ երկու աշխարհաքաղաքական կենտրոնների միջև ուկրաինական ճգնաժամի առթիվ առաջացած տարբեր մոտեցումներին և հնարավոր զարգացումներին։
«Թրամփի քաղաքականությունը վկայում է այն մասին, որ ներքին խնդիրներն ավելի գերադասելի են, քան արտաքին գլոբալ առաջնորդի դերակատարությունը։ Մյուս կողմից էլ, քանի որ Եվրոպայում կամ այլ տարածաշրջաններում ԱՄՆ-ն ավելի շատ ֆինանսական կորուստներ ունի, քան օգուտներ, նոր վարչակազմը նման քաղաքականությունից հրաժարվելը դիտարկում է որպես ռացիոնալ մոտեցում։ Թրամփի նախորդ պաշտոնավարման ընթացքն այդ մոտեցման սկզբնական շրջանն էր, իսկ այսօր այն կարող է որոշ կտրուկ քայլերի առումով ունենալ նույնիսկ ավելի ծայրահեղ դրսևորումներ, ինչը կարող է ազդել ոչ միայն ԱՄՆ-ԵՄ փոխհարաբերությունների, այլև հենց Եվրամիության ներքին կառուցվածքի ու վերջինիս կշռի վրա»,- ասաց Դունամալյանը։
Նրա կարծիքով՝ ԵՄ-ն միանշանակ ցանկանում է, որպեսզի հարաբերություններն իր գլխավոր դաշնակցի հետ չխաթարվեն, որպեսզի վերջինս դուրս չգա Արևմուտք-Ռուսաստան հակամարտությունից, հետևաբար ԱՄՆ-ի նոր վարչակազմի գործողությունները դիտարկում է որպես նահանջ այն դիրքերից, որոնք առկա էին 2024 թվականին։
«Նման քաղաքականությունը Եվրամիության համար հանդիսանում է նաև սպառնալիք համաեվրոպական համախմբման և միասնության համար, որովհետև Միացյալ Նահանգները 1945 թվականից ի վեր մեծապես նպաստել է եվրոպական ինտեգրման գործընթացին, ուստի Եվրամիությունը ռազմաքաղաքական տեսանկյունից բավականին մեծ կախվածություն ունի ԱՄՆ-ից։ Ուկրաինական խնդիրը տաք պահելու հանգամանքն օգտագործվում է որպես լծակ, որպեսզի Վաշինգտոնի քայլերը կտրուկ և ծայրահեղ չլինեն, բայց որքանով կհաջողվի, դա այլ հարց է։ Ուկրաինական ճգնաժամում ԵՄ-ի ներգրավվածությունը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ եվրոպական երկրները հանդես են գալիս միասնական մեկ ճակատով, սակայն տարբեր երկրներում ներքին փոփոխությունները կարող են առաջացնել նոր խնդիրներ»,- նշեց մեր զրուցակիցը։
Անդրադառնալով Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, որ եթե եվրոպական երկրները չնպաստեն ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծմանն ու պատերազմական գործողությունների դադարեցմանը, ԱՄՆ-ն դուրս կբերի իր զորամիավորումները Հին Աշխարհամասից, Դունամալյանն ընդգծեց, որ ԱՄՆ-ի նախագահի խոսույթի զգալի մասն ավելի շուտ շանտաժի ժանրից է և նպատակ ունի բանակցությունների գինն իր համար ավելի բարձրացնել ու ստանալ ավելի շատ դիվիդենտներ, ինչը, քաղաքագետի բնորոշմամբ, տեղավորվում է Թրամփի որդեգրած բիզնես ռազմավարության տրամաբանության մեջ, որպեսզի հետագայում հակառակ կողմից լինեն ավելի շատ զիջումներ։
«Եթե հիշում եք, նա սկզբում խոսում էր Կանադայի, Պանամայի, Գրենլանդիայի վերաբերյալ ամերիկյան նկրտումների մասին, մինչդեռ այսօր այդ խոսույթի տոնայնությունը նվազել է»,- հավելեց քաղաքագետը։
Անդրադառնալով նաև այն իրողությանը, որ ԵՄ-ում առաջատարի դիրք զբաղեցնող Գերմանիայի Կանցլեր Օլաֆ Շոլցի կուսակցությունը, որը կողմ է արտահայտվել Ուկրաինային շարունակական ռազմաֆինանսական աջակցություն ցուցաբերելուն, խորհրդարանական ընտրություններում կրել է պարտություն, և որ նման սցենար կարող է լինել եվրոպական առաջատար մյուս երկրներում ևս, Դունամալյանն ասաց, որ խնդիրը պետք է դիտարկել մի քանի հարթությունում։
«Առաջինն այն է, որ հենց ԵՄ-ի ներքին քաղաքական կյանքում կան որոշակի հակասություններ, որոնք թեև ուղղակիորեն կապված չեն արտաքին քաղաքականության կամ ուկրաինական ճգնաժամի հետ, սակայն տեղի ժողովուրդներին պակաս չեն հուզում։ Գերմանիայում վերջին քսան տարիներին իշխանությունը եղել է քրիստոնեա-դեմոկրատական միության ձեռքում, մինչդեռ Շոլցի պաշտոնավարման ընթացքում շատերը կանխատեսում էին նրա պարտությունը հերթական համապետական ընտրություններում։ Իսկ եթե դիտարկում ենք ուկրաինական ճգնաժամի ազդեցությունը ժողովրդավարական գաղափարախոսության և լիբերալ հայացքների վրա, ապա այն մի կողմից դարձել է քաղաքական հիմք եվրոպական ինտեգրման համար, իսկ մյուս կողմից այդ հիմքն աստիճանաբար փլուզվում է, ինչը կարող է առաջացնել հավելյալ խնդիրներ»,- պարզաբանեց Դունամալյանը։
Քաղաքագետի կարծիքով՝ եթե աջակողմյան, պահպանողական ուժերը հաղթեն Եվրոպայում, ապա այդ հանգամանքը կարող է հանգեցնել նրան, որ եվրոինտեգրման գործընթացը գնա հակառակ ուղղությամբ, այսինքն՝ արձանագրվի դեզինտեգրացիա։