Թուրքագետը մեկնաբանել է Էրդողան-Զելենսկի հանդիպումը
6 րոպեի ընթերցում

Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը, խոսելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի վերջին հանդիպման մասին, կարծում է, որ և՛ Էրդողանը, և՛ Զելենսկին ունեն իրենց խնդիրները, հետևաբար ցանկանում են դրանք լուծել իրենց համար շահավետ տարբերակով, առավել ևս, որ նրանք միջազգային հանրության առջև պարզերես երևալու նպատակ ունեն։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Տիրան Լոքմագյոզյանն անդրադարձավ աշխարհաքաղաքական վերջին զարգացումներին, ռուս-ամերիկյան բանակցություններին և գլոբալ գործընթացների համատեքստում նաև թուրքական կողմի դիրքավորմանը։
«Երբ Էրդողանը եկավ իշխանության, հենց սկզբից սկսեց մի աննախադեպ քաղաքականություն վարել՝ փորձելով Թուրքիային աշխարհաքաղաքական գործընթացների կարևոր մասնակից դարձնել, վերածելով այդ պրոցեսներին տոն տվող պետության։ Նա յուրատեսակ ձեռնոց մեկնեց գերտերություններին՝ հայտարարելով, որ Թուրքիան պետք է իր խաղը վարի և ունենա կարևոր ձայնի իրավունք։ Էրդողանը մինչ օրս շարունակում է այդ քաղաքականությունը, թեև ակնհայտ է, որ Թուրքիան չի դասվում ամենահզոր ու ամենաազդեցիկ պետությունների շարքին։ Դաշնակիցները ժամանակ առ ժամանակ ազատություն են տալիս Էրդողանի ձեռքերին, սակայն մյուս կողմից էլ անհրաժեշտության դեպքում խանգարում են կամ զսպում՝ հաշվի առնելով թուրքական առաջնորդի հավակնություններն ու անսահմանորեն առաջ գնալու նկրտումները»,- ասաց Լոքմագյոզյանը։
Նրա դիտարկմամբ՝ եթե Թուրքիան միջամտում և խանգարում է մեծերի խաղին, ապա Արևմուտքը խոչընդոտներ է հարուցում նրա ճանապարհին։ Օրինակ՝ Թուրքիային դուրս թողեցին վերջին գլոբալ պրոցեսներից, անգամ ձախողեցին Սիրիայում քրդերի հետ ինչ-ինչ գործարքներ կնքելու հնարավորությունը, քանի որ ԱՄՆ-ի տեսանկյունից դեռ նման գործարքների ժամանակը չէ։
«Քանի որ Էրդողանի ձեռքերը կապեցին, թե՛ նա, թե՛ Զելենսկին հայտնվեցին անկյունում, ուստի ձգտում են իրենց խաղն առաջ տանել։ Զելենսկին, իհարկե, հայտնվել է ավելի վատթար վիճակում, և այդ պայմաններում փորձում է կառչել ցանկացած հնարավորությունից, առավել ևս, որ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները ռուս-ուկրաինական խնդրի շուրջ բանակցություններ վարեցին առանց ուկրաինական կողմի։ Երկու գերտերությունները խոսեցին Ուկրաինայի ճակատագրի մասին, բայց ոչ Ուկրաինայի հետ»,- ասաց մեր զրուցակիցը։
Լոքմագյոզյանի կարծիքով՝ ԱՄՆ-ի նախկին և ներկա իշխանությունների վարած քաղաքականությունները տրամագծորեն տարբերվում են միմյանցից։ Թրամփը նշում է, որ նախկին վարչակազմն ամեն տեղ և ամեն ոլորտում կատարել է լրջագույն սխալներ, որոնք պետք է ուղղվեն, և որոնցից մեկն էլ առնչվում է ուկրաինական հիմնախնդրին։
«Բայդենի պաշտոնավարման օրոք ամերիկացիներն աշխարհի տարբեր տարածաշրջաններում ունեին իրենց գործակալները, դրածոները, պրոքսի ուժերը և բավականին մեծ գումարներ էին ծախսում իրենց գերնպատակներն իրականացնելու և իրենց քաղաքականությունն առաջ մղելու համար։ Այժմ Թրամփն այդ ֆինանսական աղբյուրները փակեց, և ամերիկացիների նախկին աջակիցներն ու կողմնակիցները մնացին առանց միջոցների։ Հիմա տեղի են ունենում գլոբալ փոփոխություններ, որոնք հաջորդիվ անպայմանորեն ազդելու են նաև հարավկովկասյան տարածաշրջանի վրա։ Այստեղ կա մեկ ընդհանրություն. ամերիկյան նախկին և ներկա իշխանությունների քաղաքականությունն, ըստ էության, հակաիրանական է և պրոիսրայելական։ Եթե, Աստված մի արասցե, Իրանի դեմ պատերազմ սանձազերծվի, դա չափազանց բացասաբար կանդրադառնա նաև մեզ վրա»,- պարզաբանեց Լոքմագյոզյանը։
Թուրքագետը հավելեց, որ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգներն իրենց ազդեցության գոտիները հստակեցնելու խնդիր ունեն, նրանք կարգավորում են երկկողմ հարաբերությունները, հետևաբար կհանգեն կոնկրետ պայմանավորվածությունների առանձին տարածաշրջանների վերաբերյալ։
«Միացյալ Նահանգները կարող է զիջումների գնալ ուկրաինական խնդրում, ինչպես նաև Հարավային Կովկասում, որտեղից Ռուսաստանը երբեք չի հեռանա, որտեղ նրա համար շատ կարևոր նշանակություն ունի Հայաստանը։ Միակ պրոբլեմն Ադրբեջանն է, ու եթե վերջինս շարունակի հակառուսական գիծը, ապա կկանգնի լուրջ խնդիրների առջև։ Այդ ամենի փոխարեն, Միացյալ Նահանգները իր ազդեցությունը կմեծացնի Մերձավոր Արևելքում։ Ընդ որում՝ Վաշինգտոնը կկատարի ուղղակի քայլեր։ Թեև Թուրքիան, որը նախկինում ԱՄՆ-ի միջնորդավորված խաղընկերն էր և այսօր էլ ունի հեղինակավոր կշիռ ՆԱՏՕ-ում, այդուհանդերձ, Թրամփի օրոք կարող է չունենալ նախկին ազդեցությունը։ Քանի որ Թրամփը հայտարարել է, որ այլևս մեծ գումարներ չի վատնելու աշխարհաքաղաքական մեծ նախագծեր իրականացնելու վրա և այդ միջոցներն ուղղելու է ԱՄՆ-ի տնտեսության գարգացմանը, ուստի նրա համար մեծ Թուրանի գաղափարը, որով այդքան ոգևորված են Էրդողանն ու նրա զինակիցները, կարող է այդքան ակտուալ չլինել, և Թրամփն այդ հարցում չի զորակցի թուրքական կողմին»,- եզրափակեց թուրքագետը։
Փետրվարի 18-ին Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հանդիպումը։ Հանդիպումից հետո Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունն անվիճարկելի են Անկարայի համար։