ՌԴ-ի ու ԱՄՆ-ի միջև կա անմիջական կոնտակտ, իսկ դա արդեն մեծ առաջընթաց է․ քաղաքագետը՝ ակնկալվող բանակցությունների հեռանկարի մասին
9 րոպեի ընթերցում

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի կարծիքով՝ ՌԴ-ից ու ԱՄՆ-ից եկող ազդակները վկայում են, որ ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ բանակցությունների դաշտն իսկապես շատ մեծ է, սակայն տեղին չէ սպասել արագ լուծումների, ու քանի որ անհամաձայնությունների կծիկը բավականին մեծ է, հետևաբար այն մեկ օրում չի բացվելու։
«Արմենպրես»-ի հետ զրույցում քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը հանգամանորեն անդրադարձավ ռուս-ուկրաինական հակամարտությանը և Թրամփ-Պուտին հեռախոսազրույցից հետո ակնկալվող բանակցությունների հեռանկարին։
«ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն անում է այն, ինչ խոստացել էր անել նախընտրական քարոզարշավի շրջանակում, և հենց այդ համատեքստում պետք է դիտարկել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցը։ Ճիշտ է՝ Թրամփը հայտարարել էր, որ հակամարտությունը կհանգուցալուծի 24 ժամվա ընթացքում, սակայն դա ավելի շատ էպոտաժային հայտարարություն էր, մինչդեռ բովանդակային մասով շեշտում էր այն, որ փորձելու է դադարեցնել պատերազմը, որը շատ թանկ է նստում ամերիկյան վարչակազմի վրա, հետևաբար, գալով իշխանության, առաջին կարևորագույն քայլերից մեկը դարձավ հայտնի հեռախոսազրույցը»,- ասաց Մաթևոսյանը։
Նրա դիտարկմամբ՝ Թրամփը փորձում է ՌԴ-ի հետ գալ ինչ-որ համաձայնության կամ գոնե սկսել դեպի համաձայնություն տանող ճանապարհը, իսկ թե կարելի՞ է այն համարել որպես նոր աշխարհակարգի ձևավորման նախանշան, քաղաքագետն ընդգծեց, որ հենց ռուս-ուկրաինական կոնֆլիկտի համատեքստում շատ ավելի կարևոր էր այն, ինչի մասին ռուսական կողմը հայտարարել էր 2021 թվականի դեկտեմբերին։
«Մինչ պատերազմի սկիզբը ՌԴ-ն, իր պատկերացմամբ, ներկայացրեց, թե ինչպիսին պետք է լինի անվտանգային ճարտարապետությունը Եվրոպայում և այդ հարցի շուրջ ցանկություն հայտնեց բանակցել ոչ թե ԵՄ-ի, այլ հենց ԱՄՆ-ի հետ։ Պատերազմական գործողություններն ու դրանց ընթացքն ուղղակի հանգեցրել են նրան, որ ռուսական կողմի պատկերացումների շրջանակում երկկողմ բանակցությունների մեկնարկը Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև այս պահի դրությամբ տրված է։ Թե ինչպիսին կլինի վերջնարդյունքը, արդյո՞ք կհաջողվի հասնել այն կետին, որի մասին կողմերը խոսում են, դժվար է ասել՝ հատկապես հաշվի առնելով ստամբուլյան բանակցությունների փորձը։ Կողմերի միջև կա անմիջական կոնտակտ, իսկ դա արդեն մեծ առաջընթաց է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մոտ երեք տարի ՌԴ-ի և ԱՄՆ-ի բարձրագույն ղեկավարները շփումներ գրեթե չեն ունեցել»,- նշեց քաղաքագետը։
Մաթևոսյանի կարծիքով՝ ռուս-ուկրաինական պատերազմը վերահաստատեց հետևյալ իրողությունը, որ դոմինանտային է ոչ թե իրավունքի ուժը, այլ ուժի իրավունքը։ Ըստ նրա՝ եթե Ռուսաստանը պարտվեր, ապա Թրամփն ընդհանրապես ցանկություն չէր ունենա զրուցել Պուտինի հետ։
«Եթե հետևենք նաև պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարություններին, ապա խոսքը ոչ թե նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացի մասին է, այլ վերաբերում է պարզապես տեղի ունեցած պրոցեսին։ Հենց ամերիկացիներն են նշում բազմաբևեռ աշխարհի գոյության մասին։ Երբ լսում ենք նաև, թե ինչպիսի տեսակետներ է հայտնում Պենտագոնի ղեկավարը, հասկանում ենք, որ ԱՄՆ-ի համար առաջնահերթությունը լինելու է ոչ թե Եվրոպայի անվտանգության ապահովումը, այլ Չինաստանին զսպելը։ Եթե դիտարկում ենք հետագա գործընթացներն այս տեսանկյունից, ապա ակնհայտ է դառնում, որ Եվրոպայում Միացյալ Նահանգներին պետք է լինելու նոր գործընկեր, որը կկարողանա նույն ուժի իրավունքով ապահովել համապարփակ անվտանգություն։ Այդ հայտը, որքան էլ ոմանց դուր չգա, ներկայացրել է հենց Ռուսաստանը»,- ասաց մեր զրուցակիցը։
Անդրադառնալով այն հարցին, որ Միացյալ Նահանգներն ուկրաինական կողմին առաջարկել է ԱՄՆ-ին տրամադրել իր ապագա օգտակար հանածոների պաշարների 50%-ը և արդյո՞ք դա գինը չէ այն աջակցության, որ Վաշինգտոնը ցուցաբերել է Կիևին, Մաթևոսյանն ընդգծեց, որ այդ առաջարկը սկզբում ամերիկյան կողմին արել է Ուկրաինայի նախագահ Զելենսկին, և երբ Թրամփն ընտրվեց ու քննարկումներ էին ընթանում, թե ինչպիսին էին լինելու երկկողմ հետագա հարաբերությունները, հենց այդ ժամանակ էլ արվեց այդ առաջարկը։
«Օգտակար հանածոների զգալի հատվածը գտնվում է ռուսական զինուժի վերահսկողության տակ անցած տարածքներում։ Զելենսկին ամերիկյան կողմին պատրաստ էր զիջել այդ տարածքները, որպեսզի ամերիկացիները գնային, վերցնեին այդ տարածքներն ու դրանց ընդերքում գտնվող հանածոները։ Իսկ ամերիկացիներն օգտվեցին այդ առաջարկից և հայտնեցին, որ խոսքն այլ տարածքների հանածոների մասին է, և որ իրենք դա չեն ուզում ի հաշիվ ապագա օգնության, այլ առաջարկում են ուկրաինացիներին նախևառաջ մարել առկա պարտքերը, որոնք գոյացել են վերջին երեք տարիների ընթացքում։ Կիևում հաշվի առան Թրամփի գործարար լինելու հանգամանքը և հանդես եկան նման առաջարկով, սակայն դա ունեցավ հակառակ էֆեկտ»,- ասաց Մաթևոսյանը։
Նրա դիտարկմամբ՝ եթե ստացվում է այնպես, որ Եվրոպայում կառուցվում է նոր ճարտարապետության համակարգ, որը խարսխվելու է նաև ռուսական ռազմական բաղադրիչի վրա, ապա դրա համար, ըստ էության, վճարելու է Ուկրաինան ոչ միայն իր տարածքներով, այլև օգտակար հանածոներով։ Բավական չէ, որ Ուկրաինան հայտնվելու է ռուսական ազդեցության գոտում, դեռ դրա դիմաց էլ վճարելու է ամերիկացիներին։ Մաթևոսյանի խոսքով՝ սա իսկապես մեծ ողբերգություն է ուկրաինացի ժողովրդի համար։
Խոսելով նաև այն մասին, որ Սաուդյան Արաբիան արդեն իսկ ներկայացրել է գալիք բանակցությունների վայր լինելու հայտ՝ քաղաքագետը նշեց, որ տասնամյակներ շարունակ տարածված էր այն տեսակետը, որ Շվեյցարիան չեզոք երկիր է, հետևաբար նման բանակցություններ անցկացնելու նախընտրելի վայր է, և շատ կոնֆլիկտային իրավիճակներ հանգուցալուծվել են հենց այնտեղ կայացած բանակցությունների շնորհիվ, սակայն ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում եվրոպացիները ոչնչացրին այն արժեքային համակարգը, որի վրա խարսխված էր հին եվրոպական դիվանագիտությունը։
«Բայց, ինչպես ասում են, սուրբ տեղը թափուր չի մնում, և այդ տեղը փորձում են զբաղեցնել այլ խաղացողներ։ Տվյալ պարագայում խոսքը Սաուդյան Արաբիայի մասին է։ Իսկ թե ինչ վերջնարդյունք կունենան բանակցությունները, ցույց կտա ժամանակը։ Առնվազն հաշվի առնելով ռուսական կողմից եկող ազդակները՝ բանակցությունների հիմնական նյութը չի սահմանափակվելու միայն ռուս-ուկրաինական հակամարտությամբ։ Խոսքը վերաբերում է ավելի լայն անվտանգային երաշխիքներին, որոնց մասին ռուսական կողմը խոսում էր դեռ 2021 թվականի դեկտեմբերին։ Դիտարկելով նաև Պենտագոնի ղեկավարի հայտարարությունը, որ իրենք կենտրոնանալու են Չինաստանին զսպելու վրա, ակնհայտ է դառնում, որ բանակցությունների դաշտն իսկապես շատ մեծ է, ուստի սպասել արագ լուծումների, տեղին չէ։ Անհամաձայնությունների կծիկը բավականին մեծ է և այն մեկ օրում չի բացվելու։ Պարզապես դրական է այն, որ հաջողվել է միջուկային պատերազմը մի փոքր գոնե հետ գցել, եթե ոչ իսպառ չեզոքացնել»,- եզրափակեց քաղաքագետը։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, անդրադառնալով փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայում ռուսական և ամերիկյան պատվիրակությունների միջև կայանալիք հանդիպմանը, հայտարարել է, որ Ուկրաինան չի ընդունելու և չի ճանաչելու որևէ համաձայնություն, որը կկայացվի առանց իր մասնակցության։ Զելենսկին նաև հայտարարել է, որ Ուկրաինան չի մասնակցելու Սաուդյան Արաբիայում կայանալիք բանակցություններին։