Վերլուծություն

ՌԴ-ն և ԱՄՆ-ն պատասխանատվություն են ստանձնել նոր աշխարհակարգի ձևավորման համար. միջազգայնագետի վերլուծությունը

8 րոպեի ընթերցում

ՌԴ-ն և ԱՄՆ-ն պատասխանատվություն են ստանձնել նոր աշխարհակարգի ձևավորման համար. միջազգայնագետի վերլուծությունը

Միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը կարծում է, որ 2009 թվականից հետո առաջին անգամ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները սկսեցին լսել միմյանց, ինչը շատ կարևոր է, քանզի երկու գերտերություններն իրենց վրա վերցնում են պատասխանատվություն նոր աշխարհակարգի ձևավորման և աշխարհի ապագայի հետ կապված, ունեն ընդհանուր մոտեցումներ ուկրաինական ճգնաժամն ավարտելու և խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցում։  

«Արմենպրես»-ի հետ զրույցում Գրիգոր Բալասանյանը հանգամանորեն անդրադարձավ Սաուդյան Արաբիայում նախօրեին կայացած ռուս-ամերիկյան բանակցություններին  և այդ համատեքստում հնարավոր աշխարհաքաղաքական զարգացումներին։ 

«Ըստ էության որոշակի հուսադրող քայլեր և հայտարարություններ կան, թեև ես դեռ չափավոր լավատեսություն եմ ցուցաբերում և չէի ցանկանա ամբողջ գործընթացը ներկայացնել դրական լույսի ներքո, քանի որ դեռ պահպանվում է որոշակի անորոշություն։ Այդուհանդերձ, փաստացի տեղի ունեցավ ցավալի իրողություն, ուկրաինական ճգնաժամը քննարկվեց առանց Ուկրաինայի, և ինչպես Թրամփը հայտարարեց, դա մեծ հիասթափություն էր իր համար։ Կողմերը Սաուդյան Արաբիայում պայմանավորվեցին շարունակել խորհրդակցություններն ուկրաինական թեմայով, Իրանի հարցով և Գազայի խնդրով։ Ուկրաինայի համար, ըստ էության, վատթարագույն սցենար է այն, որ ՌԴ-ն և ԱՄՆ-ն մոտ դիրքորոշումներ ունեն վերոհիշյալ ճգնաժամի ավարտի վերաբերյալ»,- ասաց Բալասանյանը։ 

Անդրադառնալով փորձագիտական շրջանակներում հնչած տեսակետին, որի համաձայն՝ ռուս-ամերիկյան բանակցային գործընթացը կարելի է դիտարկել որպես նոր աշխարհակարգի ձևավորման նախանշան, միջազգայնագետն ընդգծեց, որ ավելի շուտ խոսքն աշխարհաքաղաքական նոր իրավիճակի և անվտանգային նոր համակարգի կառուցման մասին է, որովհետև աշխարհն արդեն տևական ժամանակ միաբևեռ չէ, և գլոբալ փոփոխություններ արձանագրվել են դեռ Բայդենի կառավարման ժամանակ։

«Հիմա գործ ունենք նոր անվտանգային համակարգի ձևավորման հետ, առավել ևս, որ որոշ փորձագիտական շրջանակներ Սաուդյան Արաբիայում կայացած բանակցություններն անվանում են նաև Յալթա-2․0։ Այսինքն՝ Թրամփը և Պուտինը փորձում են պայմանավորվել խաղաղ գոյակցության այն կանոնների շուրջ, որոնք կարող են գործի դրվել, և երկու պետություններն այդ պայմաններում կարող են իրենց աշխարհաքաղաքական շահերն իրականացնել առանց իրար խանգարելու։ Էր-Ռիադի բանակցությունների գլխավոր իմաստը հենց դա էր»,- պարզաբանեց մեր զրուցակիցը։  

Խոսելով վերահիշյալ հիմնախնդրի շուրջ Եվրոպայի մոտեցումների մասին՝ Բալասանյանը նշեց, որ այլևս չկա հավաքական Արևմուտք, չկա նաև հավաքական Եվրոպական միություն, ինչը նույնպես փաստ է։  

«Նույն Եվրոպայի արևելյան հատվածի պետությունները՝ Հունգարիան և Սլովակիան, տևական ժամանակ վարելով ինքնուրույն արտաքին քաղաքականություն և կախված չլինելով ԵՄ-ի հրահանգներից, արդեն իրենք են նախատում Բրյուսելին, մասնավորապես ուկրաինական հիմնախնդրի համատեքստում վարվող քաղաքականության համար, ինչի պատճառով ԵՄ-ն կանգնել է հսկայական ճգնաժամի առջև, որից դուրս գալու ելքեր դեռ չեն տեսնում։ Թրամփն իր հերթին ցույց է տալիս, որ համաձայն չէ Բայդենի վարչակազմի ու Եվրամիության միաձույլ քաղաքականության հետ, որովհետև ԵՄ-ն, ցավոք, կորցրեց իր դեմքն այն օրվանից, երբ դարձավ Ուկրաինայում պատերազմի փաստացի կողմ, երբ Ժոզեպ Բորելը հայտարարեց, որ ուկրաինական ճգնաժամը լուծվելու է ռազմի դաշտում, մինչդեռ Միացյալ Նահանգները նման հայտարարություն չի արել, և այդ առումով Թրամփի ձեռքերն ավելի ազատ են»,- մանրամասնեց միջազգայնագետը։

Նրա հավաստմամբ՝ Թրամփը հաշվի է առնում վերոնշյալը և հենց դրա համար էլ մեղադրում է Եվրոպային ճգնաժամը սանձազերծելու ու նաև ոչինչ չանելու համար, որպեսզի ստորագրվեր խաղաղության պայմանագիր։ Ֆրանսիայի նախագահը պարբերաբար խորհրդակցություններ է հրավիրում Գերմանիայի կանցլերի ու եվրոպական այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ, սակայն դրանք, Բալասանյանի գնահատմամբ, ուշացած հանդիպումներ են, որովհետև բոլորը, այդ թվում նաև Մակրոնը, հասկանում են, որ գնացքը գնացել է, և Ռուսաստանի նախագահը կարողացավ խաղարկել իր խաղը՝ փորձելով հարաբերություններ կառուցել նրանց տիրոջ հետ՝ ցույց տալով, որ ԵՄ-ին չի համարում միջազգային իրավունքի սուբյեկտ։ 

«Մինչդեռ, ԵՄ-ն ինքը կարող էր այս ճգնաժամը կարգավորողի առաջամարտիկը դառնալ և պատմության մեջ մտնել որպես կառույց, որը կանգնեցրեց ռազմական գործողություններն ու եղբայրասպան պատերազմը։ Հիմա սպասել, թե Եվրամիությունը որոշակի դերակատարում կունենա, այդպես չէի ասի, քանզի այդ կառույցում անհրաժեշտ են խորքային բարեփոխումներ, նոր ընտրություններ, նոր կառավարիչներ քաղաքական վերնախավում։ Միայն դրանից հետո ԵՄ-ն կկարողանա վերականգնել իր երբեմնի հեղինակությունն ու ազդեցությունը միջազգային հարաբերություններում»,- ասաց մեր զրուցակիցը։ 

Միջազգայնագետի կարծիքով՝ ռուս-ուկրաինական ճգնաժամը միանշանակ հանգուցալուծվելու է։ Ըստ նրա՝ դրա մասին է խոսում նաև Թրամփի հայտարարությունն այն մասին, որ եթե Ռուսաստանը ցանկանա, կարող է նաև 100 տոկոսով գրավել ողջ Ուկրաինան կամ առնվազն Կիևը, բայց նման բան չի ցանկանում։ Թրամփն ուզում է ցույց տալ, որ եթե իրենք բանակցությունների արդյունքում հասնեն այնպիսի դիրքորոշման, որը չի արժանանա Ուկրաինայի նախագահի հավանությանը, ապա ԱՄՆ-ն մի կողմ կքաշվի՝ Ռուսաստանին տալով ձեռքերի ազատություն։  

«Միջազգային մամուլում հրապարակված վերլուծություններում արձանագրված է այն իրողությունը, որ այն տարածքները, որոնք գտնվում են Ռուսաստանի վերահսկողության ներքո, մնալու են ՌԴ-ին։ Ինսայդերական տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմը ներկայացրել է ևս 30 տոկոս տարածք վերցնելու հայտ, իսկ նման տեղեկատվություն հենց այնպես չի տարածվում։ Դա ուղերձ է նաև Ուկրաինայի նախագահին. կամ նա կընդունի այդ պայմանները, կամ ամերիկացիները մի կողմ կքաշվեն»,- հավելեց մեր զրուցակիցը։ 

Բալասանյանը հիշեցրեց ու վկայակոչեց նմանօրինակ այն դեպքերը, երբ 2008 թվականին Ֆրանսիայի նախագահ Սարկոզին Վրաստանի նախագահ Սաակաշվիլիի հետ հանդիպման ժամանակ նշեց, որ վերջինս պետք է ընդուներ առկա պայմանները, քանզի Եվրոպան դրանից ավելի լավ բան չէր կարող առաջարկել։  

«Հիմա նույնը կրկնվում է Ուկրաինայում։ ՌԴ-ն և ԱՄՆ-ն վճռական են պատերազմը դադարեցնելու հարցում։ Այն տեղեկատվությունը, որ Ռուսաստանում Լին Թրեյսիի փոխարեն նշանակվելու է ժամանակին Խորհրդային միությունում աշխատած և երեսունհինգամյա դիվանագիտական փորձառություն ունեցող նոր դեսպան, վկայում է այն մասին, որ հետխորհրդային տարածքում լրջագույն փոփոխություններ են լինելու, որոնք վերաբերելու են ոչ միայն Ուկրաինային, այլև մեզ»,- եզրափակեց միջազգայնագետը։            

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում