1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Տուրիզմի հայ փորձագետները հետկորոնավիրուսային վերականգնման հնարավոր ժամկետներ են նախանշում

 Տուրիզմի հայ փորձագետները հետկորոնավիրուսային վերականգնման հնարավոր 
ժամկետներ են նախանշում

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տուրիզմի հայկական ֆեդերացիայում լավատես են, որ կորոնավիրուսի հաղթահարումից հետո կկարողանան հնարավորինս շուտ վերացնել զբոսաշրջությանը հասցված վնասները և «ոտքի կանգնեցնել» ոլորտը։ Ոլորտի վերականգնման նախնական ժամկետն ըստ զբոսաշրջության ոլորտի փորձագետ և Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի կարող է լինել 2021-ի ապրիլ ամիսը, միևնույն ժամանակ, նա փորձեց չբացառել նաև ավելի արագ վերականգնման սցենարները։

«Այսօր, մինչև հունիս կան չեղարկումներ, հիվանդությունն էլ, ցավոք, դեռևս տարածվում է։ Հույս ունենք, որ մինչև 2021 թվականի ապրիլի վերջ կորոնավիրուսի վտանգը կվերանա։ Մենք կարող ենք տուրիստական ակտիվություն սպասել 2021 թվականի ապրիլից ոչ շուտ, սակայն, եթե իրանական շուկան ակտիվանա, ապա մենք մարտ ամսից կարող ենք զբոսաշրջիկների հոսք ունենալ հարևան երկրից։ Պետք չէ բացառել նաև այս իրավիճակից արագ վերականգնվելու հանգամանքը։ Հուսանք, որ գոնե Ամանորին Հայաստանում կունենանք զբոսաշրջիկների հոսք, քանի որ վերջին տարիներին այս միտումը բավականին ակտիվ նկատվում է»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ապրեսյանը։ Նա շեշտեց, որ տուրիստական ակտիվությունը կապված է նաև միջազգային ավիափոխադրումների  վերականգնման հետ, իսկ մինչ այդ պետք է կենտրոնանալ հետաքրքիր ու բացառիկ զբոսաշրջային փաթեթների ձևավորման, մրցունակ առաջարկների, ինչպես նաև ագրեսիվ գովազդային արշավների կազմակերպման վրա, քանի որ համավարակից հետո, հնարավոր է, շատերը ցանկանան լրացնել բաց թողնված հնարավորությունները։

«Մենք ունենք հիմնական շուկա, պարզապես պետք է ճիշտ ժամանակին, ագրեսիվ ձևով աշխարհին ներկայանանք և ցույց տանք, որ Հայաստանը որպես զբոսաշրջային ուղղություն գոյություն ունի, և շարունակում է զարգանալ, ունի ավելի լավ առաջարկներ։ Ստեղծված իրավիճակում մենք պետք է օգտվենք առիթից և համաշխարհային շուկային դեպի մեզ կանչենք»,- նշեց Ապրեսյանը։

Զբոսաշրջության ոլորտը համարվում է տարատեսակ ցնցումների նկատմամբ ամենազգայուններից մեկը, հատկապես, երբ, ստեղծվում է տարածաշրջանային անկայունություն, բռնկվում են պատերազմներ կամ գլուխ են բարձրացնում համաճարակները։ 
Ապրեսյանը շեշտեց, որ զբոսաշրջության համար նման վերջին հարվածը 2009 թվականի ապրիլին սկսված H1N1 վիրուսի համաճարակն էր։ 
«ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության տվյալներով այդ ընթացքում գրանցվել է զբոսաշրջային այցելությունների 4 տոկոս նվազում։ Այդ նույն տարվա վերջին եռամսյակում կամաց-կամաց սկսվեց ոլորտի վերականգնման գործընթաց։ 2010 թվականին, երբ, ըստ էության, H1N1 վիրուսի վտանգն անցել էր, արձանագրվել էր համաշխարհային զբոսաշրջային այցելությունների աննախադեպ աճ՝ 6,6 տոկոս»,- ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը։ 
Նա վստահ է, որ զբոսաշրջության ոլորտի վերականգնումը կնպաստի նաև կորոնավիրուսի պատճառով տուժած մի շարք այլ ոլորտների ճգնաժամի հաղթահարմանը։
Համավարակի պատճառով Հայաստանում տուժել են բոլոր տուրիստական ընկերությունները, հյուրանոցները, հյուրատներն ու սպասարկման ոլորտում աշխատող մի շարք այլ կազմակերպություններ։
Տուժած տուրիստական ընկերություններից մեկը “Visit Armenia” DMC & Travel-ն է, որի հիմնադիր Վլադիմիր Գևորգյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ նախնական արված բոլոր ամրագրումները չեղարկված են մինչև հուլիս։
«Վերջին տուրը պետք է լիներ մարտի 23-ին, որը չեղարկել են։ Այս պահի դրությամբ չեղարկված են բոլոր տուրերը մինչև հուլիս, քանի որ բոլոր ճանապարհները փակ են։ Նմանատիպ իրավիճակ է բոլոր այն ընկերություններում, որոնք զբաղվում են ներգնա տուրիզմով, անգամ ամառվա վերջին ամսին էլ չեղարկված ամրագրումներ կան։ Արտագնա տուրիզմի դեպքում էլ իրավիճակը մեղմ ասած բարվոք վիճակում չէ․ կորոնավիրուսի պատճառով շատերը միջոցներ չեն ունենա, ինչպես նաև չեղարկված են բոլոր չվերթները գրեթե ամբողջ աշխարհում և դեռ ոչ ոք չգիտի, թե դրանք երբ կվերականգնվեն»,- նշեց Գևորգյանը։
Նա ասաց, որ արտակարգ դրության ավարտից հետո, երբ թույլ տան վերսկսել աշխատանքները, իրենք պետք է կրկին մարքեթինգային ծախսեր անեն, PR ծրագրեր են մշակելու, ինչպես նաև մասնակցելու են միջազգային ցուցահանդեսների։ 
«Մենք պետք է քայլեր անենք ներքին տուրիզմի ոլորտում, քանի որ այդ ուղղությունն ամենահեռանկարայինն է այս պարագայում։ Մարդիկ կարող են այս տարի սկսել բացահայտել Հայաստանն ու Արցախը, սա էլ իր հերթին կբերի մարզերում տնտեսական ակտիվության։ Ներգնա տուրիզմի մասով էլ, կարծում եմ, որ մեր պետությունը պետք է մարքեթինգային ծախսեր անի երկրի թիրախային շուկաների ուղղությամբ»,- ասաց Գևորգյանը։
Նրա խոսքով, որպեսզի զբոսաշրջության ոլորտը կրկին նոր թափ առնի, պետությունը պետք է իրականացնի գովազդային արշավներ, կազմակերպվեն ինֆո տուրեր տուրօպերատորների, ինչպես նաև լրագրողների համար։
ՀՀ կառավարությունը ստեղծված իրավիճակից տնտեսական լուրջ խնդիրներից խուսափելու համար գործարկել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 14 միջոցառում։
Այդ միջոցառումներից 2-ի շահառու է հանդիսանում “Visit Armenia” DMC & Travel ընկերությունը, որի ղեկավարությունը արտակարգ դրության օրերին չի կրճատել իր աշխատողներին՝ ստանձնել է սոցիալական պատասխանատվություն։ 
«Պետությունը կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման համար միջոցառումների փաթեթներ է մշակել և մենք էլ օգտվել ենք մեզ ընձեռնված հնարավորությունից և դիմել ենք 2 ծրագրի։ 5-րդ ծրագրով մենք արդեն ստացել ենք աշխատավարձի ֆոնդի 20 տոկոսի չափով ֆինանսավորում։ 8-րդ ծրագրով մեր աշխատակիցները դիմել են և սպասում ենք պատասխանի, հույս ունենք, որ կհաստատվի»,- ընդգծեց Վլադիմիր Գևորգյանը։
Արտակարգ դրության օրերին Հայաստանում արգելվել է բոլոր սրճարանների, ռեստորանների, տուրիստական գործակալությունների և սպասարկման ոլորտի մի շարք այլ ընկերությունների գործունեությունը։
Լիլիթ Դեմուրյան

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]