Կարգավորել քնի գրաֆիկը, խուսափել ծանրաբեռնված աշխատանքից. մարտի 13-ը Քնի համաշխարհային օրն է
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ավելի լավ քուն, ավելի լավ կյանք, ավելի լավ մոլորակ»: Այս տարի քնի համաշխարհային օրը նշվում է վերոնշյալ կարգախոսով:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ԱՆ նյարդաբանության գծով խորհրդատու, Քնի խանգարումների հայկական ասոցիացիայի նախագահ Սամսոն Խաչատրյանն ասաց, որ քունը կարգավորելու, քնի խանգարումը կանխելու համար անհրաժեշտ է հետևել հիգիենայի որոշ կանոնների:
Նրա խոսքով` անպայման պետք է կարգավորված քնի գրաֆիկ պահպանել և հաշվի չառնել աշխատանքային օր է, թե հանգստյան: Պետք է մոտավորապես նույն ժամերին պառկել քնելու և արթնանալ նույն ժամին:
«Կոֆեին պարունակող ըմպելիքներն արգելված են քնի խանգարում ունեցող մարդկանց համար: Ժամը 16:00-17:00-ից հետո խորհուրդ չի տրվում օգտագործել կամ չարաշահել նման ըմպելիքները, քանի որ կոֆեինը խթանող, առույգացնող և քունն ընկճող նյութ է: Եթե մարդիկ երեկոյան սուրճ, թեյ կամ գազավորված ըմպելիքներ են օգտագործում, այդ դեպքում կարող են քնի խանգարում ունենալ»,-շեշտեց նա:
Խաչատրյանն ընգծեց, որ շատ կարևոր կետ է ուշ ժամին ֆիզիկական ծանրաբեռնվածությունից խուսափելը: Շատերն ուշ ժամերին գնում են մարզասրահ, ինչը ցանկալի չէ, բայց թեթև մարզանքը կամ զբոսանքը կարող են նպաստել լավ քնի որակին:
Լավ քնի համար մասնագետն էական է համարում նաև անկողնում հեռախոսով չզրուցելը, երեկոյան համակարգչով աշխատելուց խուսափելը:
Անդրադառնալով անքնության կամ վատ քնի հետևանքով առաջացած խնդիրներին` Սամսոն Խաչատրյանն ասաց, որ չափահաս մարդու համար քնի նվազագույն տևողությունը պետք է յոթ ժամ լինի: Կարճ քունը կարող է հանգեցնել սիրտանոթային խնդիրների, նյութափոխանակության խանգարումների, կարող է բերել ճարպակալման, արյան բարձր ճնշման, շաքարային դիաբետի և այլ ռիսկերի:
«Եթե երիտասարդ հասակում է անքնություն սկսվում, գուցե օրգանիզմն այն կոմպենսացնի, բայց քանի որ հաճախ անքնությունը խրոնիկ է դառնում, հետագայում լուրջ խնդիրների առաջ է կանգնեցնում մարդուն: Կան տվյալներ, որ որոշ ուռուցքների զարգացման ռիսկ է համարվում քնի կրճատումը կամ խանգարումը: Այն ազդում է նաև նյարդահոգեկան աշխարհի, հիշողության վրա: Խրոնիկ վատ քնողները կարող են նաև դեմենցիա (թուլամտություն) ունենալ»,-տեղեկացրեց Խաչատրյանը:
Մասնագետը խորհուրդ տվեց չչարաշահել կոֆեինով ըմպելիքները, ալկոհոլային, գազավորված խմիչքները, հետևել հիգիենայի կանոններին լավ քնելու և երջանիկ ապրելու համար, քանի որ լավ քունը նաև բարձրացնում է մարդու դիմադրողականությունը, ինչը չափազանց կարևոր է:
Անժելա Համբարձումյան