Հայաստանում 83 անձի հետազոտության արդյունքում կորոնավիրուս չի հայտնաբերվել
ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում թեթևակի նախանշաններ ունեցող 83 անձինք անցել են կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստ, բոլորի դեպքերում պատասխանները եղել են բացասական: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը:
«Հունվարի 24-ից մոտ 2000-ից ավելի անձանց հսկել ենք, ունեցել ենք 83 հոսպիտալացում: Այսինքն՝ անձինք, որոնք Չինաստանից են եկել և ունեցել ենք անգամ թեթևակի նախանշաններ, օրինակ՝ 37 աստիճան ջերմություն, անմիջապես հոսպիտալացվել են, կազմակերպվել է զննումը, բոլորը թեստավորվել են: Բոլորի պատասխանները եղել են բացասական»,-ասաց Վանյանը:
Նա նաև նշեց, որ այս պահին կան հսկողության տակ գտնվող անձինք:
Չինաստանից ժամանակ անձանց տվյալներով լրացվում են հասցեական քարտեր՝ գրանցված հիվանդության առավելագույն գաղտնի շրջանի չափով հսկողության տակ պահելու նկատառումով։
Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի փետրվարի 24-ի նիստում որոշում է կայացվել դադարեցնել ցամաքային հաղորդակցությունը հարևան Իրանի հետ, որտեղ արդեն իսկ գրանցվել են կորոնավիրուսի հիվանդացության, ինչպես նաև մահվան դեպքեր: Իրանի հետ օդային հաղորդակցության նկատմամբ կիրառվելու են ոչ ամբողջական սահմանափակումներ: Սակայն Իրանի հետ բեռնափոխադրումները կիրականացվեն առանց սահմանափակումների՝ կիրառելով վարորդների նկատմամբ հատուկ հսկողության ռեժիմ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում