Օլիմպիական խաղերում փորձելու եմ գերազանցել իմ լավագույն արդյունքը. Կատյա Գալստյան 

Armenpress 12:14, 8 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաշված ժամեր անց Փհենչհանում կվառվի ձմեռային 23-րդ Օլիմպիական խաղերի կրակը` ազդարարելով «Սպիտակ խաղերի» մեկնարկը: Հայաստանն այս տարի խաղերին մասնակցում է միայն 3 մարզիկով: Մեր երկու դահուկորդներից մեկը և միակ աղջիկը` Կատյա Գալստյանն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում Գալստյանը խոսեց նախորդ Օլիմպիական խաղերում ձեռք բերած փորձի և առաջիկա Խաղերից սպասելիքներից:

-Կատյա, պատմեք ձեր մասին, ե՞րբ եք սկսել զբաղվել դահուկասպորտով:

-Դահուկասպորտով սկսել եմ զբաղվել 15-16 տարեկանից: Միանգամից դահուկներով չեմ սկսել, այլ անվադահուկներից եմ սկսել: Ավելի լուրջ այս մարզաձևին սկսեցի վերաբերվել մոտ 10 տարի առաջ: Մոտ երկու տարի միայն սովորում էի:

-Ինչո՞ւ դահուկասպորտ:

-Ես ծնունդով Աշոցքի տարածաշրջանի Հարթաշեն գյուղից եմ և մեզ մոտ այլ մարզաձևով զբաղվելու մեծ հնարավորություն չկա: Ինձ այս մարզաձևով զբաղվելու առաջարկ է արել Գյումրու մարզադպրոցի տնօրենը: Թուրինի Օլիմպիական խաղերի ժամանակ հեռուստացույցով դիտելուց հետո, ինքս ինձ համար որոշեցի, որ ես էլ կարող եմ դահուկասպորոտով զբաղվել: Բայց մոտ 4 ամիս է, ինչ տեղափոխվել եմ Աշոցք և մարզվում եմ այստեղ:

-Մարզիկների մեծագույն երազանքն Օլիմպիական խաղերին մասնակցելն է: Ի՞նչ դասեր պետք է քաղեք ձեզ համար այս Խաղերից:

-Դեռևս Սոչիի Օլիմպիական խաղերի ժամանակ չէի կարծում, որ ես կմասնակցեմ և լավ չէի նախապատրաստվել: Սակայն այս անգամ ինքս ինձ ասել էի, որ պետք է այնպես մարզվեմ, որ ինձ ուղարկեն Փհենչհան: Դեռևս նախորդ ձմռանից սկսել էի նախապատրաստվել այս Խաղերին:  

-Սա ձեր երկրորդ Օլիմպիական խաղերն են: Ի՞նչ փորձ եք ձեռք բերել Սոչիի խաղերում, որ պետք է օգնի ձեզ:

-Ես Սոչիում կարող էի, ընդունակ էի առավել բարձր հորիզոնականում եզրափակել մրցավազքս, սակայն ես իրապես լավ չէի նախապատրաստվել: Օլիմպիական խաղերում փորձելու եմ գերազանցել իմ լավագույն արդյունքը:      

Հարցազրույցը՝ Վարվառա Հայրապետյան



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am