Լուրջ թեմա երաժշտական մթնոլորտում. Դավիթ Աբրահամյանի «Անտեսանելին» ներկայացվեց «Արմմոնո» փառատոնին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Երիտասարդ դերասան Դավիթ Աբրահամյանի «Անտեսանելին» վավերագրական ներկայացումը բոլորիս մասին է: Այն անդրադառնում է երազանքին հասնելու բարդ ճանապարհին հանդիպող տարօրինակ դեպքերին, բարդ ընտրություններին, ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվող մարդկանց, մեր քաղաքին ու սիրուն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բեմադրությունն «Արմմոնո» 18-րդ միջազգային թատերական փառատոնի շրջանակում ներկայացվեց օգոստոսի 4-ին«Մոսկվայի տուն» մշակութային գործարար կենտրոնի բացօթյա հարթակում:

Մեզ հետ զրույցում Դավիթ Աբրահամյանն ասաց, որ ակամայից է անտեսանելի դարձել: «Այն մարդիկ, որոնք դիտել են ներկայացումը, կհասկանան, որ այդպես ստացվել է: Մեր քաղաքում շատ է անտարբերությունը, միմյանց նկատմամբ անփույթ վերաբերմունքը, այդ պատճառով ասես ես էլ եմ դարձել անտեսանելի: Երբեմն իմ վրայով անցնում են ու գնում»,-պարզաբանեց Աբրահամյանը:

Դերասանը պատմեց, որ երկու տարի առաջ ավտովթարի է ենթարկվել: Պատահարը պատճառ է դարձել, որ նա վերարժևորի կյանքը, կարևոր արժեքները: «Հենց այդ շրջանում գրեցի մի կարճ պատմվածք՝ կապված վերոնշյալ դեպքի հետ: Հետագայում կարծեցի, որ այն կարելի է ներկայացման վերածել: Իհարկե, բեմադրության մեջ վթարին շատ փոքր հատված է հատկացված, քանի որ ավելի թեթև, ուրախ մթնոլորտում է հանդիսատեսը կարող լուրջ երևույթներն ընկալել»,-շեշտեց Դավիթն ու հավելեց, որ ներկայացումը կյանքը գնահատելու, մարդկանց սեր փոխանցելու մասին է:

Դերասանն իր գրած «Անտեսանելին» ստեղծագործությունն ամբողջացնելու նպատակով ներկայացման մեջ օգտագործել է Գաբրիել Գարսիա Մարկեսի, Չարլզ Բուկովսկու և Դավիթ Մուրադյանի գործերից հատվածներ, իսկ բեմադրության մեջ ներգրավված իր գործընկերներին՝ Ալեքսանդր Գաբրիելյանին և Արամ Ավագյանին, որոնք Դավիթի մտերիմ ընկերներն են, անվանել է «խանգարողներ»: «Նրանք ներկայացման ընթացքում պարբերաբար երաժշտական կատարումներով են հանդես գալիս՝ այս կամ այն տեսարանն ամփոփելու համար: Ստացվում է, որ ինձ խանգարում են, բայց իրականում մենք միասին երգում ենք, պարում, զվարճանում հանդիսատեսի հետ՝ անցում կատարելով հաջորդ թեմային»,-եզրափակեց Դավիթ Աբրահամյանը:

«Արմմոնո» փառատոնն այս տարի նվիրված է Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 85-ամյակին:

Փառատոնի ներկայացումները անցկացվում են բացօթյա՝ խստորեն պահպանելով հակահամաճարակային կանոնները:

Բեմադրությունները ցուցադրվում են նաև առցանց՝ միաժամանակ ուղիղ հեռարձակմամբ, քանի որ հանդիսատեսի թույլատրելի քանակը սակավաթիվ է: «Արմմոնո»-ին մասնակցում են դերասաններ Նարեկ Բաղդասարյանը, Լիլյա Մուկուչյանը, Նաիրա Եդիգարյանը, Դավիթ Աբրահամյանը, ՀՀ ժող. արտիստ Հակոբ Ազիզյանը, ՀՀ վաստ. արտիստ Մայիս Սարգսյանը և այլք:

Անժելա Համբարձումյան

Հայերեն

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին արտագնա խաղում ոչ-ոքի ավարտեց հանդիպումըՉեռնոգորիայի հետ

Ադրբեջանն ու Պակիստանը համատեղ հատուկ զորավարժություններ են անցկացրել

ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են Հայաստան–Բելգիա համագործակցության զարգացման հարցերը

Հայաստանի պաշտոնյաները Սանկտ Պետերբուրգում ներկայացրել են միգրացիոն հոսքերի վերահսկման իրենց փորձը

Կամո Ցուցուլյանը Դուշանբեում ներկայացրել է ոստիկանության բարեփոխումներն ու հանցավորության դեմ պայքարի մարտահրավերները

Ռուբիոն ու Բայրամովը քննարկել են Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը

Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է

Միրզոյանն ու Փեզեշքիանը քննարկել են ենթակառուցվածքների զարգացման և էներգետիկ համագործակցության ծրագրերը

ՏԿԵ նախարարը ու Լայպցիգի քաղաքապետը քննարկել են Հայաստանի համայնքների հետ համագործակցության հնարավորությունները

ՏԿԵ նախարարը ու թուրքական պատվիրակությունը քննարկել են Գյումրի–Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման աշխատանքները