Քաղաքականություն

Փաշինյանը բացառեց ԼՂ խնդրի լուծումն առանց Արցախի ժողովրդի մասնակցության

3 րոպեի ընթերցում

Փաշինյանը բացառեց ԼՂ խնդրի լուծումն առանց Արցախի ժողովրդի մասնակցության

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առանց Արցախի ժողովրդի մասնակցության արցախյան հարցի լուծում չի լինելու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ կառավարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բոլոր աշխատանքային փաստաթղթերում արձանագրված է, որ արցախյան հարցի կարգավորման վերջնական փուլում գործընթացում պետք է լիարժեք ներգրավված լինի Արցախը»,- ասաց վարչապետը:

Նա ընդգծեց, սակայն, որ մինչ այդ կարող են լինել հարցի շուրջ քննարկումներ: «Ես հայտարարել եմ, որ պատրաստ եմ բանակցել Ադրբեջանի նախագահի հետ և հիմա էլ դա կրկնում եմ: Բանակցային նյութ կա, պետք է ծանոթանանք դրանց, վերլուծենք և բանակցենք: Բանակցությունները ևս օգտակար են, որովհետև պետք է որոշակի վստահության մթնոլորտ ստեղծվի հարցի կարգավորման համար: Առանց դրա հարցի կարգավորում հնարավոր չէ»,- ասաց Փաշինյանը՝ հերթական անգամ ընդգծելով, որ հայկական կողմը պատրաստ է ջանքեր գործադրել խնդրի կարգավորման մթնոլորտի ձևավորման համար:

Կառավարության ղեկավարը նշեց, որ Հայաստանի համար անընդունելի է այն ռազմաշունչ և ագրեսիվ հռետորաբանությունը, որը շարունակաբար վարում է Ադրբեջանը: «Մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ու միջազգային հանրությանն ասում ենք, որ պատրաստ ենք անկեղծ ջանքեր գործադրել Արցախի հարցի կարգավորման համար: Բոլորս պետք է արձանագրենք, սակայն, որ դրա համար անհրաժեշտ է կարգավորման մթնոլորտ: Դուք չեք տեսնի Հայաստանի ու հայ ժողովրդի կողմից որևէ գործողություն, որը խաթարում է այդ մթնոլորտը»,- հայտարարեց Փաշինյանը:

Նա կրկնեց ավելի վաղ ևս արտահայտած միտքն այն մասին, թե հեղափոխությունից հետո Ադրբեջանական կեցվածքի ագրեսիվության մեծացումը կապված է Ադրբեջանի իշխանությունների ունեցած մտավախության հետ, թե այդ երկրի ժողովուրդը կարող է ոգևորված լինել Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխություններով: «Նրանք կարող են մտավախություն ունենալ, որ գործընթացը կարող է տեղափոխվել Ադրբեջան, ուստի փորձում են իրենց հանրության ուշադրությունը երկրում կոռուպցիայի և ժողովրդավարության վիճակից շեղել դեպի Արցախի հարց, թշնամական հովանոցի տակ շարունակել ավանդական քաղաքականությունը»,- նշեց վարչապետը՝ ընդգծելով, որ Հայաստանում տեղի ունեցածը մաքուր ներքաղաքական գործընթաց էր:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում