Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ «Ելք»-ի հեղինակած հայտարարության նախագիծը

3 րոպեի ընթերցում

 Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ «Ելք»-ի հեղինակած հայտարարության նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» հայտարարության նախագիծը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պատգամավորը հայտարարության նախագիծը ներկայացրեց մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ հրավիրված խորհրդարանական լսումների ընթացքում:

Ընդհանուր առմամբ, հայտարարության նախագիծը բաղկացած է 5 կետից: Նախագծով առաջարկվում է խստորեն դատապարտել բողոքի խաղաղ ցույցեր իրականացնող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ` 2008 թվականի մարտի 1-ին եւ լույս 2-ի գիշերը Հայաստանի Հանրապետության բիրտ ուժի գործադրումը, ինչպես նաեւ այդ դեպքերից հետո ընդդիմադիր քաղաքական գործիչների, ակտիվիստների նկատմամբ քրեական գործերի հարուցումն ու մեղադրական դատավճիռների կայացումը: Նախագծում կարևորվում է դեպքերի ամբողջական բացահայտումն ու մեղավորներին պատասխանատվության ենթարկումը:

«Անընդունելի է համարվում 2008 թվականի մարտի 1- 2-ի իրադարձություններն ուսումնասիրող Փորձագետների փաստահավաք խմբի լուծարումը, քանի որ խմբի հետագա գործունեությունը կարող էր լրջագույն բացահայտումներ անել քաղաքական գործընթացում բանակի մասնակցության, ինչպես նաեւ ընտրությունների արդյունքները վերահսկելու եւ կեղծելու համակարգված մեխանիզմների գոյության մասին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Փաշինյանը։

Նախագծով առաջարկվում է խորհրդարանին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը կոչ անել մարտի 1-2-ի գործով կալանավորված, դատապարտված ընդդիմադիր քաղաքական գործիչների, ակտիվիստների մեղադրական դատավճիռները վերանայելու գործընթաց սկսել։

Առաջարկվում է նաև մշակել օրենսդրական փաթեթ, որով արժանապատիվ փոխհատուցում կտրվի մարտի 1-2-ի իրադարձությունների զոհերի հարազատներին, հանիրավի դատապարտվածներին, ինչպես նաեւ ոստիկանության կողմից ապօրինի ուժի կիրառման արդյունքում վնասվածքներ ստացած քաղաքացիներին:

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ հայտարարության նախագիծը խորհրդարանի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովում դրական եզրակացություն չի ստացել, բայց «Ելք» խմբակցության որոշմամբ այն ճանաչվել է արտահերթ և կքննարկվի ԱԺ առաջիկա քառօրյայի առաջին նիստում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում