Բաքվում գյուլենականների դեմ գործողություն է իրականացվել
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետևորդների` նուրսիստների դեմ լայնամասշտաբ գործողություններ են սկսվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Գարադաղի շրջանի 33-ամյա բնակիչ Ռիզվան Գամիդովի տանը հայտնաբերվել է 159 գիրք և 9 ամսագիր, որոնց քարոզումն ու տարածումն Ադրբեջանում արգելվում է:
Լոքբաթանում ոստիկանության գործողությունների շրջանում չորս քաղաքացիների տանը հայտնաբերվել է արգելված 56 գիրք:
Այն մարդիկ, ում տանը խուզարկություն են իրականացրել Ադրբեջանի իրավապահ մարմինների ներկայացուցիչները, նուրսիստներ են եղել:
Չափավոր իսլամի քարոզիչ, «Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենը, ով 1999 թվականից որպես վտարանդի բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում, մեղադրվում է Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ ձեռնարկելու մեջ:
Գյուլենի շարժումը, որը համարվում է նաև նուրսիստների (նուրչուլար) շարժում, արդի իսլամ քարոզող հզոր շարժում է: Գյուլենական շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի և ժողովրդավարության համատեղելիություն:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում