Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Հակասական հույզերի մի ամբողջ գունապնակ. Անգլիայի ազգային բալետի աներևակայելի «Ժիզել»-ը երևանյան բեմում էր

Հակասական հույզերի մի ամբողջ գունապնակ. Անգլիայի ազգային բալետի աներևակայելի «Ժիզել»-ը երևանյան բեմում էր

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիացի հանրահայտ պարող, խորեոգրաֆ Ակրամ Խանը, համադրելով դասական պարն ու նեոդասականը, յուրահատուկ և ինքնատիպ բեմադրություններ է ստեղծում, որոնք անտարբեր չեն թողնում ոչ ոքի: Նրա լայնածավալ աշխատանքներից է «Ժիզել» բալետը, որը Խանը բեմադրել է՝ համագործակցելով Անգլիայի ազգային բալետի հետ: Այն առաջին հայացքից ոչ մի առնչություն չունի դասական գործի հետ. ներկայացումը համարձակ է, զարմանալի, շատերի համար անսպասելի և հուզիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 10-ին և 11-ին «Ժիզել»-ը Երևանում էր՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Կոմպոզիտոր Ադոլֆ Ադանի «Ժիզել»-ը ողբերգական պատմություն է ներգաղթյալ և միամիտ աղջկա՝ Ժիզելի մասին, որը չի կարողանում համակերպվել դավաճանված լինելու հետ և խելագարվում է: «Ժիզել»-ը, որն առաջին անգամ բեմ է բարձրացել 1841 թվականին Փարիզում, մինչ օրս արդիական է և հրաշալի նյութ խորեոգրաֆների համար:

Անգլիայի ազգային բալետի «Ժիզել»-ը համարվում է 21-րդ դարի պարարվեստի գլուխգործոց: Բեմադրիչ Ակրամ Խանը, լինելով ներգաղթյալների ընտանիքից, ասես շատ լավ հասկացել է իր հերոսների հոգեվիճակը և իր սեփական մեկնաբանությամբ փայլուն փոխանցել այն հույզերն ու ապրումները, որ կարող են ունենալ ներգաղթյալները:

Խանը որոշ երաժշտական փոփոխություններ է արել, որոնք երբեմն սարսափ են առաջացնում, երբեմն էլ՝ թախիծ: Ներկայացման մեջ ակնհայտ են նաև Խանի անձնական պարային նախասիրությունները: Լինելով  հնդկական դասական կաթակի պարերի վարպետ՝ նա կաթակիի հետաքրքիր տարրեր է հավելել, որոնք տպավորում ու ռիթմ են հաղորդում բեմադրությանը:

«Մենք մեծ հարգանքով ենք վերաբերվում դասական բալետի ընդունված բոլոր կանոններին, սակայն մեզ համար նաև կարևոր է ավելի ցայտուն, նորարարական մոտեցումը՝ չանտեսելով արդեն իսկ ընդունված, մեծ սեր ու հարգանք վայելող դասական բալետը: «Ժիզել»-ն իմ ասածի լավագույն օրինակն է: Երկար ամիսների ընթացքում ենք իրականացրել այս ներկայացումը, որը հատուկ ստեղծվել է Անգլիայի ազգային բալետի համար: Երկար ենք աշխատել արտիստների հետ նրանց կերպարները գտնելու, զարգացնելու, նրանց հետաքրքիր հատկանիշներ տալու առումով: Խորեոգրաֆները նորարարական մոտեցումներ են ցույց տվել. համարձակ էմոցիաները, վերապրումները, որ նրանք պետք է  ստեղծեին, կարողացել են լիարժեք տեղ հասցնել»,- ավելի վաղ լրագրողների հետ հանդիպմանը նշել էր Անգլիայի ազգային բալետի գեղարվեստական ղեկավար Աարոն Վոտկինը:

Անգլիայի ազգային բալետի «Ժիզել»-ի առաջնախաղը տեղի է ունեցել 2016 թվականին Մանչեսթերում: Պրեմիերայից հետո այն հասցրել է գրավել աշխարհում ավելի քան 156 հազար արվեստասերի սիրտ, ներկայացվել է տասը երկրի տասնվեց քաղաքում:

Ազգային բալետը ներկայացմամբ ցանկանում է հանդիսատեսի հոգուն հասցնել արտառոց, բացառիկ էմոցիաները, որոնք դասականից դեպի նեոդասականություն են գնում: Ուզում է ոգեշնչել, հնարավորություն տալ ցնծալ: «Մենք էմոցիոնալ մարտահրավեր ենք նետում հանդիսատեսին, ուզում, որ բացառիկ զգացողություններ ապրի, քանի որ «Ժիզել»-ը համամարդկային թեմա է շոշափում, և Ազգային բալետը հպարտանում է այս ներկայացմամբ»,-ընդգծել էր Վոտկինը:

Վստահաբար, բալետը հասավ իր նպատակին. երևանյան դահլիճի հանդիսատեսը բուռն ծափահարություններով, «բրավո»-ներով ընդունեց նորարարական «Ժիզել»-ը՝ արտիստներին մի քանի անգամ բեմ վերադարձնելով:

Անգլիայի ազգային բալետը Հայաստանում էր Երևանի քաղաքապետարանի հրավերով: Թատերախումբը՝ գեղարվեստական, ստեղծագործական, տեխնիկական անձնակազմերը Երևան էին ժամանել հատուկ չվերթով, բերվել էին ներկայացման ռեկվիզիտները, դեկորացիաները, լուսային-ձայնային տեխնիկական հատուկ միջոցները: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հյուրախաղերին ընդառաջ իրականացվել էին հսկայածավալ աշխատանքներ՝ թատրոնի վերանորոգում, վերազինում և հատուկ կահավորում: Հյուրախաղերն իրականացվեցին Երևան քաղաքի բյուջեով նախատեսված միջոցառումների շրջանակում:  

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am