Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Բարեփոխումների հարցում Եվրամիությունը Հայաստանի թիվ մեկ դաշնակիցն է․ քաղաքագետը խոսել է երկկողմ հարաբերությունների զարգացման մասին

Բարեփոխումների հարցում Եվրամիությունը Հայաստանի թիվ մեկ դաշնակիցն է․ 
քաղաքագետը խոսել է երկկողմ հարաբերությունների զարգացման մասին

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ու Եվրամիության միջև հարաբերությունները հետևողականորեն  զարգանում են և այժմ ստացել են ռազմավարական բնույթ, որովհետև Եվրամիությունը բարեփոխումների օրակարգն իրականություն դարձնելու հարցում Հայաստանի թիվ մեկ դաշնակիցն է։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ զարգացող հարաբերություններին։ 

«Եվրամիության աջակցությունն անչափ կարևոր է նաև Հայաստանը եվրոպական տիպի պետություն դարձնելու առումով։ ԵՄ-ն չափազանց կարևոր դերակատարում ունի մեր անվտանգության ապահովման հարցում՝ տարածաշրջան ուղարկելով եվրոպացի դիտորդներին, ովքեր ամենօրյա առաքելություն են իրականացնում հայ-ադրբեջանական սահմանին։ Այդ առումով՝ ԵՄ-ն մեր դաշնակիցն է նաև խաղաղության օրակարգում, ուստի այդ կառույցի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացումը ձեռք է բերում կենսական նշանակություն։ Մեր երկիրն, ի վերջո, պետք է կատարի նախապատրաստական բոլոր քայլերը, որոնք հնարավորություն կստեղծեն, որպեսզի Հայաստանն ի զորու լինի լիիրավ անդամակցության հայտ ներկայացնել ԵՄ-ին՝ սկսելով բանակցություններ անդամակցության վերաբերյալ և բարեփոխումներին հաղորդելով պրոեվրոպական ուղղվածություն»,- ասաց Մեհրաբյանը։

Քաղաքագետն ընդգծեց, որ թեև անվտանգության ապահովման հարցում ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է խաղաղության աջակցության համապատասխան գործիքներ, բայցևայնպես պաշտոնական Երևանը պետք է սերտորեն աշխատի եվրոպական առանձին մայրաքաղաքների հետ՝ զուգահեռաբար հաստատելով ակտիվ փոխգործակցություն նաև այդ ոլորտում։

«Բրյուսելի դիրքորոշումն, ըստ էության, հավաքական է և ինտեգրում է բոլորի դիրքորոշումները, հետևաբար մեզ համար չափազանց կարևոր են առանցքային գործընկեր մայրաքաղաքների (հատկապես արևելաեվրոպական) հետ տարվող երկկողմ բանակցությունները, ինչպես նաև ԵՄ-ի ողնաշարը հանդիսացող մեծ եռյակի՝ Փարիզի, Բեռլինի և Հռոմի հետ անմիջական համագործակցությունը»,- նշեց մեր զրուցակիցը։

Մեհրաբյանի կարծիքով՝ ի սկզբանե Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների սերտացումը չի կարող ուղղված լինել որևէ երկրի, մասնավորապես Իրանի Իսլամական Հանրապետության դեմ։  

«Իրանի հարևանությունը Եվրամիության հետ, այն պահից սկսած, երբ Հայաստանը կդառնա ԵՄ-ի լիիրավ անդամ, օգուտից բացի, այլ բան չի բերի։ Այսօր իրանական տնտեսությունը կազմում է Թուրքիայի տնտեսության կեսը, մինչդեռ նախորդ դարի 70-ական թվականներին ռուսական տնտեսությունն էր կազմում իրանական տնտեսության յոթանասուն տոկոսը։ Դիսբալանսը, որ ստեղծվեց վերջին կես դարի ընթացքում, ձեռնտու չէ ոչ միայն Իրանին, այլև Հայաստանին։ Դիսբալանսն ուղղելու հնարավորությունը ձեռք է բերվում հենց ԵՄ-ի հետ հարևանությամբ և այդ հանգամանքի հմուտ օգտագործմամբ։ Այդ առումով Հայաստանը կարող է մեծ օգուտներ բերել Իրանին, ուստի շահերի բախումն այստեղ անհնար է։ Այդուհանդերձ, պետք է աշխատել, որովհետև կա ընկալումների հարց, էլ չխոսենք երրորդ կողմերի սադրիչ գործողությունների հնարավորության մասին, որոնք կփորձեն խոչընդոտել ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացումը։ Նման գործընթացին հակազդելու համար մեր դիվանագիտությունն իսկապես շատ անելիքներ ունի»,- ասաց Մեհրաբյանը։

Խոսելով տնտեսական դիվերսիֆիկացիայի, մասնավորապես ԵՄ-ի հետ տնտեսական փոխգործակցության և ինտեգրացիայի մասին՝ քաղաքագետը շեշտեց, որ Հայաստանը նախ պետք է իր առջև դնի նման խնդիր, դա դարձնելով ռազմավարական, համազգային նպատակ և շարժվելով այդ ուղղությամբ, սակայն մեր երկիրն այսօր պատրաստ չէ եվրոպական տնտեսությանն ինտեգրվելուն, թեև ի զորու է իր առջև նման խնդիր դնել։   

«Եվրոինտեգրացիան բոլորի համար ենթադրում է հետևողական տնային աշխատանք։ Նույնիսկ անդամակցելիս անհրաժեշտ է շարունակ զարգացնել ենթակառուցվածքները, ապահովել առնվազն միջին եվրոպական չափանիշներ։ Այդ աշխատանքը վերջ չունի։ Եթե այս պահին մենք ինչ-որ բանի պատրաստ չենք, դեռ չի նշանակում, որ պետք է քաշվենք մի կողմ և ասենք, թե դժվար է։ Այո, միշտ էլ դժվար է լինելու, բայց մենք պետք է հենց այսօրվանից մեր առջև դնենք այդ խնդիրն ու գնանք առաջ»,- ասաց մեր զրուցակիցը։

Նրա դիտարկմամբ՝ պակաս կարևոր չէ նաև ԵՄ երկրների ու Հայաստանի միջև վիզաների ազատականացման հարցը, և որքան շուտ այն դառնա իրականություն, այնքան ավելի լավ։ 

«Տվյալ գործընթացը կախված է երկու գործոնից։ Նախ՝ ինչպես կկատարենք մեր անհրաժեշտ տնային աշխատանքը, և երկրորդ՝ ինչպես դա կներկայացնի մեր դիվանագիտությունը։ Եթե լինենք մեր բարձրության վրա, այդ ամենը կդառնա իրականություն, և մեր քաղաքացիները եվրոպական երկրներ կայցելեն առանց ավելորդ թղթաբանության։ Ուրեմն անհրաժեշտ է աշխատանքներն իրականացնել այնպիսի ռեժիմով, որ վիզաների ազատականացման գործընթացը մեկնարկի հնարավորինս շուտ»,- եզրափակեց քաղաքագետը։

Մանվել Մարգարյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am