Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Պետությունը կֆինանսավորի բարձրագույն կրթություն չունենալու հիմքով աշխատանքից ազատված ուսուցիչներին կրթությունը շարունակելու համար

Պետությունը կֆինանսավորի բարձրագույն կրթություն չունենալու հիմքով  
աշխատանքից ազատված ուսուցիչներին կրթությունը շարունակելու համար

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բարձրագույն կրթություն չունենալու հիմքով  մասնագիտական գործունեությունը դադարեցված մանկավարժները կրթությունն անվճար շարունակելու հնարավորություն կունենան։ Կառավարությունը պատրաստվում է ֆինանսավորել մանկավարժների կրթության ծախսերը։ 

Օրենքի պահանջի համաձայն՝ այն ուսուցիչները, որոնք չունեն բարձրագույն կրթություն, չեն կարող շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը։ Նախորդ տարի ԿԳՄՍ նախարարությունը հնարավորություն տվեց այդ խմբի ուսուցիչներին մասնակցել կամավոր ատեստավորմանը և շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը։ Փորձը ցույց տվեց, որ ոչ բոլորը մասնակցեցին կամավոր ատեստավորմանը, իսկ մասնակցածներից ոչ բոլորը կարողացան հաղթահարել անցողիկ շեմը։ Քանի որ տարիների աշխատանքային փորձ ունեցող բազմաթիվ ուսուցիչներ զրկվել են մասնագիտական գործունեությունը շարունակելու հնարավորությունից, կառավարությունը որոշում է կայացրել իրականացնել նոր ծրագիր և ֆինանսավորել այդ խմբի ուսուցիչներին բարձրագույն կրթություն ստանալու համար։ 

 «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը նշեց, որ օժանդակությունը 2 ուղղությամբ է կատարվելու։ Առաջինն այն է, որ ուսուցիչները կարող են մասնակցել կամավոր ատեստավորմանը և ունենալ հնարավորություն մասնագիտական գործունեությունը շարունակելու համար։ Այս դեպքում պետությունը պատրաստ է աջակցել, որպեսզի մինչ ատեստավորումն այդ ուսուցիչները մասնակցեն վերապատրաստման դասընթացներին։ Դա կօգնի սահմանված շեմը հաղթահարելու հարցում։ Հաջորդ ուղղությունն արդեն բարձրագույն կրթության ֆինանսավորումն է։ 

«Այստեղ պոտենցիալ շահառուներն ունեն հետևյալ անելիքը. դիմում են այն բուհեր, որոնք տալիս են մանկավարժի որակավորում։ Ներկայացնում են անհրաժեշտ փաստաթղթերն ուսումը շարունակելու համար։ Ուզում եմ նշել, որ շահառուներից յուրաքանչյուրի համար ուսման պրոցեսը կարող է տարբերվել, որովհետև կլինեն ուսուցիչներ, որոնք միգուցե ժամանակին ընդունվել են բուհ, սակայն որոշ ժամանակ անց ինչ-ինչ պատճառներով չեն շարունակել։ Հետևաբար` անհատական մոտեցում կլինի»,-ասաց Թամարա Սարգսյանը։ 

Շահառուների դիմումներն ընդունելուց հետո արդեն բուհը տվյալները կներկայացնի նախարարություն։ Վերջինս էլ անխտիր բոլորի համար ապահովելու է առաջին կիսամյակի ուսման վարձի ֆինանսավորումը։ Արդեն հաջորդ կիսամյակից կֆինանսավորվեն այն սովորող ուսուցիչները, որոնց առաջադիմության միավորը 60 տոկոսից ավելին է։ Թամարա Սարգսյանի խոսքով՝ այս մոտեցման նպատակն է վստահ լինել, որ ուսուցիչները իրապես բարձր առաջադիմություն ունեն։ 

«Ի դեպ, այստեղ մի կարևոր հանգամանք եմ ուզում նշել։ Այն ուսուցիչները, որոնք ցանկանում են բարձրագույն կրթություն ստանալ, դպրոցներում կարող են շարունակել աշխատել միայն բուհն ավարտելու փուլում։ Եվ եթե ուզում են, որ կրթություն ստանալուն զուգահեռ նաև շարունակեն աշխատել, ապա պարտադիր պետք է մասնակցեն կամավոր ատեստավորմանը և անհրաժեշտ շեմը հաղթահարեն»,-ասաց Թամարա Սարգսյանը։ 

Նախարարություն ստացված դիմումների, նամակների, զանգերի հիման վրա, նախնական, շահառուների թիվը 160 է, սակայն Թամարա Սարգսյանը վստահեցրեց, որ պահանջարկի ավելացմանը զուգահեռ պետությունը պատրաստ է ավելացնել նաև ֆինանսավորումը։ 

Առաջիկայում նախարարության կայքում կտեղադրվի կամավոր ատեստավորման համար նախատեսված վերապատրաստման դասընթացների և բուհ դիմելու ժամկետների վերաբերյալ տեղեկություն։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am