Դիլիջանի ոլորաններին գտնվող եգիպտացորենի վաճառքի կետերը փոխարինվել են նոր 25 փայտե տնակներով
ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շատերը դեպի Դիլիջան իրենց ուղևորությունը չեն պատկերացնում առանց ճանապարհին եգիպտացորեն համտեսելու, իսկ փայտե նոր 25 տնակները՝ հագեցած բոլոր անհրաժեշտ հարմարություններով, արդեն Դիլիջանի ոլորաններին են՝ սպասելով եգիպտացորենի բոլոր սիրահարներին:
Հաշվի առնելով տեղաբնակների և քաղաքի հյուրերի դրական վերաբերմունքը ճանապարհին եգիպտացորեն համտեսելուն՝ Դիլիջանի համայնքապետարանի հետ համատեղ Green Rock Management Group-ը բարելավել է մատուցվող ծառայության պայմանները՝ փոխարինելով տնակները էսթետիկ ու ներկայանալի տարբերակներով։
Green Rock Management Group-ի կողմից հիմնականում Դիլիջանում իրականցվող այս և մի շարք այլ նախագծերի, դրանց կարևորության, նպատակների առաջիկա ծրագրերի շուրջ «Արմենպրես»-ը զրուցել է Green Rock Management Group-ի հիմնադիր Մարետա Գևորկյանի հետ:
-Տիկին Գևորկյան, կնշե՞ք Դիլիջանում իրականացվող միջոցառման նպատակն ու կարևորությունը:
Green Rock Management Group-ը միջազգային ընկերություն է, որն իրականացնում է տարածքային զարգացման լայնածավալ ծրագրեր:
Որպես մեր գաղափարների իրականացման վայր մենք ընտրել ենք Դիլիջան քաղաքը՝ նրա յուրահատուկ մշակութային ժառանգության, ջերմ ու անմիջական վերաբերմունքի և, իհարկե, ցնցող բնության համար: Պետք է նշեմ նաև, որ այստեղ ևս մեկ փոքր հանգամանք կա, ես ինքս ծնունդով Դիլիջանից եմ ու այս քաղաքի հետ կապված բազում հուշեր ու էմոցիաներ ունեմ։
Ընկերության բիզնես նախագծերից բացի, մենք իրականացնում ենք մի շարք սոցիալական նախագծեր, որոնք միտված են Դիլիջան քաղաքի ընդհանուր իմիջի բարձրացմանը։
Շարունակելով քաղաքի տեսքի, գրավչության ու կյանքի որակի բարելավման մեր ծրագրերը ՝ այսօր մենք կյանքի կոչեցինք դրանցից ևս մեկը: Հաշվի առնելով տեղաբնակների ու քաղաքի հյուրերի դրական վերաբերմունքը ճանապարհին եգիպտացորեն համտեսելուն՝ Դիլիջանի համայնքապետարանի հետ համատեղ մենք որոշեցինք բարելավել մատուցվող ծառայության պայմանները՝ փոխարինելով տնակները էսթետիկ ու ներկայանալի տարբերակներով։ Արդյունքում մենք ձեռք բերեցինք ու բրենդավորեցինք 25 փայտե տնակներ՝ հագեցած բոլոր անհրաժեշտ հարմարություններով։ Եվ այսօր այս տնակները փոխարինեցին գոյություն ունեցող բոլոր եգիպտացորենի վաճառքի կետերին` քաղաք մուտք գործելիս այցելուների համար ապահովելով ավելի գրավիչ ու հարմարավետ գաստրոնոմիկ փորձ:
-Որո՞նք են բրենդավորված տնակների առանձնահատկությունները:
Բրենդավորված տնակները հագեցած են անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, որպեսզի ապահովեն հարմարավետ աշխատանքային պայմաններ վաճառողների համար։ Կետերի մի մասը պարզապես անկանոն սեղան-աթոռներ էին, որոնք անգամ չունեին ծածկ, ինչը բավական դժվարացնում էր աշխատանքային պայմանները հատկապես տարվա ցուրտ եղանակին։
Նոր տնակները ոչ միայն հնարավորություն են տալիս վաճառողներին պատրաստել ու վաճառել եգիպտացորենը ավելի մաքուր, հիգիենիկ ու առողջ պայմաններում, այլ նաև զգալիորեն բարելավում են աշխատանքային պայմանները հենց վաճառողների համար։ Բրենդավորված տնակներում տեղացիները կարող են իրականացնել եգիպտացորենի վաճառքը եղանակային ցանկացած պայմաններում, ինչը պետք է բարելավի նաև նրանց վաճառքի ցուցանիշները։
-Ինչպիսի՞ տեսք ունեն նոր տնակները, ի՞նչ առանձնահատկություն ունեն և ի՞նչ խնդիր են լուծելու:
Բրենդավորված տնակները ամբողջովին փայտից են ու հագեցած են անհրաժեշտ բոլոր սարքավորումներով՝ գազ, բրենդավորված ամաններ, անձեռոցիկի տուփեր։
- Տիկին Գևորկյան, կնշե՞ք ընկերությունը էլ ինչ հաջողված սոցիալական նախագծեր ունի:
2023 թվականի դեկտեմբերին իր դռները վերաբացեց Դիլիջանի միակ մարզադպրոցը։ Մենք հիմնանորոգեցինք ու կահավորեցինք այն՝ խթանելով սպորտային մշակույթը ու առողջ ապրելակերպը քաղաքում: Այժմ մարզադպրոցում շուրջ 500 երեխա զբաղվում է սպորտով։
Քաղաքի իմիջի բարձրացմանն է ուղղված նաև «Green Cab» էկոլոգիապես մաքուր մեքենաների գործարկումը որպես տաքսի ծառայություն։ Հավատարիմ լինելով ընկերության կայուն զարգացման սկզբունքներին՝ մենք Դիլիջան քաղաքին նվիրեցինք Toyota Corolla Hybrid 2023 հիբրիդային բոլորովին նոր մեքենաներ (հիբրիդային մեքենաներն աշխատում են էներգիայի երկու ձեւով՝ էլեկտրական և ջերմային, ինչի շնորհիվ ավտոմեքենան ավելի քիչ CO2 գազ է արտանետում): «Green Cab»-երի գործարկումը հենց Դիլիջանում նպատակ ունի բարելավել տեղի բնակիչների ու քաղաքի հյուրերի տեղափոխումը ինչպես քաղաքի ներսում, այնպես էլ այլ ուղղություններով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում