Քաղաքականություն

ՌԴ դեսպանը կարեւորել է բազմակողմանի հիմքերի վրա Կարեն Պետրոսյանի մահվան հետաքննությունը

2 րոպեի ընթերցում

ՌԴ դեսպանը կարեւորել է բազմակողմանի հիմքերի վրա Կարեն Պետրոսյանի մահվան հետաքննությունը

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի դիտարկմամբ, ադրբեջանական գերության մեջ սպանված Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի մահվան փաստի կապակցությամբ հետաքննությունը պետք է իրականացվի բոլոր կողմերի պայմանավորվածության հիման վրա: «Հետաքննության հարցը կախված է ոչ միայն Ռուսաստանից: Իմ կարծիքով, այն պետք է անցկացվի բազմակողմանի հիմքերի վրա, և ներգրավված պետք է լինեն բոլոր կողմերը` հնարավոր միջադեպերի ռիսկերը նվազեցնելու և հետաքննության մեխանիզմի արդյունավետ աշխատանքի համար»,- օգոստոսի 28-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՌԴ դեսպանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Ալեքսանդր Լուկաշևիչը հայտարարություն էր տարածել Չինարիի բնակիչ Կարեն Պետրոսյանի մահվան փաստի առնչությամբ` նշելով. «Մենք խորապես ցավում ենք, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի չկարգավորված լինելը ուղեկցվում է մարդկային կորուստներով և ոչ միայն զինված ընդհարումների ժամանակ: Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Կարեն Պետրոսյանի, ինչպես նաև կյանքից զրկված մյուս հայերի ու ադրբեջանցիների հարազատներին: Նման տիպի բոլոր միջադեպերի մանրակրկիտ հետաքննության անցկացումը անհրաժեշտություն է»:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացրած վարկածով` Թովուզի Աղբուլաղ գյուղում գերի ընկած Տավուշի շրջանի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը մահացել է օգոստոսի 8-ի առավոտյան` «հանկարծակի անհայտ պատճառով»: Ըստ հաղորդագրության` նախնական տվյալներով` Պետրոսյանի մահվան պատճառը «սիրտ-թոքային խիստ անբավարարությունն է, խիստ միոկարդիալ անբավարարությունը»: Սա առաջին դեպքը չէ, երբ սահմանը հատած խաղաղ քաղաքացուն Ադրբեջանում սպանում են:

Կարեն Պետրոսյանի մահվան հանգամանքների թափանցիկ հետաքննություն պահանջեցին նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրները` ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում