Քաղաքականություն

Շավարշ Քոչարյանն Իլհամ Ալիեւին հիշեցրել է, որ նրա հայրը ԼՂՀ-ն ճանաչել է որպես հակամարտության կողմ` նպաստելով բանակցային միակ առաջընթացին

3 րոպեի ընթերցում

Շավարշ Քոչարյանն Իլհամ Ալիեւին հիշեցրել է, որ նրա հայրը ԼՂՀ-ն ճանաչել է որպես հակամարտության կողմ` նպաստելով բանակցային միակ առաջընթացին

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հնչեցրած հայտարարությունը:

Հարց- Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` երեկվա ելույթի` ղարաբաղյան հակամարտությանն առնչվող մասը:

Պատասխան- Ադրբեջանի նախագահի պնդմանը հակառակ, Բաքուն իրականում դրել է Ադրբեջանի և ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմական հակամարտության հիմքը, այլ ոչ թե հակամարտության կարգավորման հիմքերը: Բաքուն դրեց ցեղասպանական քաղաքականության հիմքը` արտահայտված Ադրբեջանի տարածքում հայ բնակչության զանգվածային ջարդերով, Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններում և հենց Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների քաղաքականությանը` սանձազերծելով լայնամասշտաբ ռազմական ագրեսիա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ:

Ադրբեջանի կողմից հակամարտության կարգավորմանն ուղղված միակ քայլը ձեռնարկվել է 20 տարի առաջ` Հեյդար Ալիևի կողմից, ով գնաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ ուղիղ երկխոսության, 1993 թվականի սեպտեմբերի 3-ին սեփական ստորագրությամբ լիազորելով Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Ա. Ջալիլովին` «բանակցություններ վարել Ադրբեջանի և ԼՂՀ-ի բարձրագույն ղեկավարների հանդիպում կազմակերպելու համար»:

1993 թվականի սեպտեմբերի 25-ին Մոսկվայում Հ. Ալիևի և ԼՂՀ ղեկավարի միջև կայացած հանդիպումը դրեց բիշքեկյան արձանագրության և 1994 թվականի մայիսին ԼՂՀ-ի և Ադրբեջանի միջև անժամկետ զինադադարի հաստատման հիմքը, որին միացավ նաև Հայաստանը:

Ադրբեջանի այսօրվա նախագահը չի կարող չհասկանալ, որ Ադրբեջանն ի դեմս իր հոր` ԼՂՀ-ն ճանաչելով նվազագույնը որպես հակամարտության կողմ, նպաստել է բանակցային գործընթացում միակ իրական առաջընթացին:

Ակնհայտ է դառնում, որ չափազանց գովաբանելով իր հորը, իսկ ըստ էության «խաչ քաշելով» նրա ձեռնարկների վրա, Ադրբեջանի գործող նախագահը ոչ միայն տորպեդահարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, այլև ուղիղ պահանջներ հնչեցնելով Հայաստանի տարածքների նկատմամբ` սահմանում է նոր զինված հակամարտության հիմքերը:

Եվ այդ ամենը հանուն սեփական նպատակի` պահպանելու բռնատիրական և կոռումպացված հակաազգային ռեժիմը, ապարդյուն փորձերի միջոցով պետական մակարդակով ադրբեջանական հասարակությանը համախմբելով հայերի նկատմամբ ռասիստական ատելություն սերմանելու շուրջ:

Նման ռազմատենչ քաղաքականության հետևանքները լավ հայտնի են, և այդ ուղղությամբ նոր արկածախնդրությունը կունենա աղետալի հետևանքներ, առաջին հերթին, հենց Ադրբեջանի համար: Ադրբեջանի ղեկավարությունը, շարունակելով բռնանալ սեփական ժողովրդի նկատմամբ, այդպես էլ չհասկացավ, որ պետության ուժը հարևան երկրի բնակչության նկատմամբ ատելության մեջ չէ, այլ սեփական ժողովրդի հանդեպ` սիրո:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում