Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

ԱՄՆ, Եվրոպա և Ասիա. հայկական բրենդի ժամացույցները պահանջված են աշխարհի տարբեր կողմերում

ԱՄՆ, Եվրոպա և Ասիա. հայկական բրենդի ժամացույցները պահանջված են աշխարհի 
տարբեր կողմերում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ժամագործական ավանդույթներ ունեցող Հայաստանը այսօր էլ շարունակում է «վարպետների գործը»՝ աշխարհին ներկայանալով հայկական բրենդի արտադրանքով։ Եվ եթե նախկինում հայկական արտադրանքի տարածման սահմանները պարզ էին՝ Խորհրդային Միության երկրներ, ապա այսօր հայկական արտադրության ժամացույցներ են կրում Ճապոնիայում և Հունաստանում, ԱՄՆ-ում և Իտալիայում։ Հայկական բրենդի ճանաչման և ժամագործության զարգացումների մասին «Արմենպրես»-ը զրուցել է AWI (Armeninan watch industry) ընկերության փոխնախագահ Բուրակ Քիրքորյանի հետ։

  

Հայկական արտադրանք՝  եվրոպական հումքով

 Հայկական արտադրության ժամերը եվրոպականին զիջում են իրենց բերնդով, բայց ոչ որակով։ Որակական բարձր հատականիշների շնորհիվ հայկական արտադրանքը մեծացնում է իր պահանջարկն աշխարհում։ «Ժամագործությունը Հայաստանում բավականաչափ զարգացել է»,-նշում է Քիրքորյանը և հավելում, որ ներմուծված արտադրանքի կողքին առանց մակնշման դժվար է տարբերել հայկականը։ AWI-ն ժամացույցներ է արտադրում ճապոնական Citizen, ինչպես նաեւ շվեյցարական ETA եւ Ronda ընկերությունների հումքի բազայի վրա։ Ժամացույցները նախագծվում են Հայաստանում, այնուհետեւ անհրաժեշտ դետալները պատվիրվում են այդ արտադրողներին։ Եվրոպական հումքով էլ  հայաստանյան մասնագետները հավաքում են ժամացույցները:

Ավանդականի և մոդեռնի համադրություն

AWI-ն արտադրում է ժամացույցների ավելի քան 400 մոդել` ինչպես էլեմենտներով, այնպես էլ մեխանիկական: Անցյալի ավանդույթները որոշ չափով պահպանվում են, սակայն նոր մոտեցումներն ու նորաձևությունը թելադրում են իրենց ոճը։ «Եթե չպահպանվի ավանդականը, մենք կկորցնենք մեր դեմքը, իսկ եթե չհետևենք նորաձևությանը՝ կկորցնենք շուկան։ Ընտրել ենք ոսկե միջինը՝ սինթեզելով հինն ու նորը, հայկականն ու եվրոպականը։ Փորձում ենք հաճախ թարմացնել տեսականին. նմանատիպ արտադրանքը հեշտությամբ է զիջում իր տեղը։ Դժվար է մրցակցությունը ժամագործության ոլորտում, քանի որ աշխարհին հայտնի բրենդների կողքին դեռ ճանաչված չէ հայկականը՝ հայկական մակնշմամբ»,- ասում է ընկերության փոխնախագահը։

Ժամագործությունը պետք է գովազդվի պետականորեն

«Մենք հասել ենք մի մակարդակի, երբ անհրաժեշտ է պետության միջամտությունը՝ պրոպագանդելու և տարածելու ժամագործական արտադրանքը։ Որքան էլ փորձենք գովազդել ինքներս մեզ, դա չի ունենա նույն ազեցությունը։ Հայաստանը պետք է  ճանաչվի նաև որպես ժամացույցներ արտադրող երկիր։ Հայաստան եկող զբոսաշրջիկը պետք է իմանա՝ որտեղից ձեռք բերել տեղական բրենդի ժամացույցներ։ Մեր արտադրանքը հարկավոր է ճանաչելի դարձնել ոչ միայն ներքին, այլև` արտաքին շուկաներում։ Արտադրությունը հասունացնելու համար արդեն որոշակի սարքեր ենք բերել, նոր մոդելներ նախագծել։ Մնում է մի փոքր պրոպագանդա, և Հայաստանն էլ կդառնա ժամարտադրության հայտնի կենտրոն»,- ավելացնում է Քիրքորյանը։ AWI ժամացույցներն արտահանվում են տարբեր երկրներ, որոնց թվում են անգամ ժամագործությամբ հայտնի Շվեյցարիան եւ Ճապոնիան։ Հայաստանից ներմուծող երկրների թվում են Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄՆ-ը, Կանադան, Լիբանանը, Սիրիան, Բելգիան, Իտալիան եւ Հունաստանը: Հայաստանում սպառվում է ընկերության արտադրանքի միայն 25 տոկոսը:

Հայաստանում ապրելու և աշխատելու մղումը

Չնայած դժվարություններին, ժամագործները չեն պատրաստվում հեռանալ Հայաստանից։ «Կան չլուծված հարցեր մաքսային և հարկային ոլորտներում։ Մեծ է ճնշումը ոչ այնքան մեծ ու դեռ ամբողջությամբ չկայացած ընկերությունների վրա։ Սակայն նույնիսկ այդ պարագայում գիտակցում ենք, որ մեր տեղն այստեղ է, չենք ցանկանում աշխատել այլ պետությունների, այլ ազգերի համար։ Հայաստանը ունի յուրաքանչյուրիս կարիքը»,- վստահեցնում է նա։

Ժամագործությունը՝ տնեսության գերակա ճյուղ

Հայաստանում ժամացույցի արտադրությամբ զբաղվում է 5 ընկերություն՝ ներառելով 113 մարդու։ 2013 թ. հուլիսին հաստատված Ժամագործության զարգացման ծրագրում նշված է, որ ժամացույցի հիմնական արտադրողներն են «Երեւանի ոսկերչական գործարան-1 Գնոմոնը», AWI, «Այ-Ջի-Օու-Ար» ընկերությունները, Frank Muller-ի Հայաստանի ներկայացուցչությունը: Հայաստանում արտադրվածները հիմնականում դասվում են թանկարժեք ժամացույցների դասին: 2011 թ. արտահանվել է մոտ 8 մլն դոլարի ժամացույց (ժամացույցի բաղադրիչ)։ Ժամացույցների 85 տոկոսն արտահանվել է ԱՄՆ:

Պատմական ակնարկ

Հայաստանի ժամագործության ոլորտի «պիկը» եղել է 1980 թվականներին, երբ տարեկան արտադրվում էր 4-5 միլիոն հատ ժամացույց: Հիմնական արտադրողներն էին Երեւանի ժամացույցների գործարանը՝ ներկայացնելով կենցաղային ժամացույցներ,  Երևանի գեղարվեստական ժամացույցների գործարանը՝ ձեռքի ժամացույցներով (այդ թվում՝ ոսկե): Արտադրված ժամացույցների 98 տոկոսից ավելին կազմել են զարթուցիչները: Ոսկե ժամացույցներ արտադրվել են տարեկան 30-70 հազար հատ:

 

Հարցազրույցը՝ Գոհար Ավետիսյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am