Տարածաշրջանային

ԵՄ-ում սպառնում են չեղարկել Վրաստանի հետ անայցագիր ռեժիմը «oտարերկրյա գործակալների» մասին օրենքի պատճառով. FT

3 րոպեի ընթերցում

ԵՄ-ում սպառնում են չեղարկել Վրաստանի հետ անայցագիր ռեժիմը «oտարերկրյա գործակալների» մասին օրենքի պատճառով. FT

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդեռլանդները, Էստոնիան, Չեխիան և Շվեդիան պահանջում են պատժամիջոցներ սահմանել Վրաստանի դեմ՝ ի պատասխան «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» վիճահարույց օրենքն ընդունելու՝ վրացական կառավարության ջանքերի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Financial Times (FT) պարբերականը։

Հնարավոր սահմանափակումների թվում են Վրաստանի և ԵՄ-ի միջև անայցագիր ռեժիմի դադարեցումը, հասցեական պատժամիջոցներն օրենքը սատարող իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամների նկատմամբ և եվրոպական հիմնադրամներից միջոցների հատկացման սառեցումը, նշում է հրատարակությունը։

Վրաստանի դեմ հնարավոր պատժամիջոցների քննարկումը տեղի կունենա մայիսի 27-ին ԵՄ պետությունների արտգործնախարարների հանդիպմանը։

FT-ն նշում է, որ Վրաստանը, լինելով Եվրամիության անդամության թեկնածու, անտեսել է Բրյուսելի նախազգուշացումները և ամիսներ տևած փողոցային բողոքները՝ շարունակելով օրենքի ընդունման ընթացակարգը:

Հրատարակության՝ խնդրից տեղյակ աղբյուրները հայտնել են, որ ԵՄ-ն դիտարկում է «Վրաստանի կառավարության վրա ճնշում գործադրելու տարբեր միջոցներ»:

Ապրիլի 25-ին Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, ըստ որի Բրյուսելը կդադարեցնի Վրաստանի հետ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, եթե «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքն ընդունվի։ Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը մայիսի 21-ին «համառորեն խորհուրդ է տվել» Թբիլիսիին հրաժարվել վիճահարույց օրենքի ընդունումից։ Եվրախորհրդի հանձնաժողովն ընդգծել է, որ «օրենքը, որն, իբր, ուղղված է թափանցիկության ապահովմանը, օբյեկտիվորեն հանգեցնում է խարանման, լռեցնելու վտանգի և արդյունքում`այն ասոցիացիաների ու ԶԼՄ-ների վերացմանը, որոնք իրենց միջոցների նույնիսկ չնչին մասը ստանում են արտասահմանից»:

Մայիսի 14-ին Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, սակայն մայիսի 18-ին երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո է դրել դրա վրա։ Նա իր որոշումը հիմնավորել է այն բանով, որ օրենքն «իր ոգով» ռուսական է, ուստի խոչընդոտում է Վրաստանի եվրոպական ուղին։ Վրաստանի խորհրդարանը, սակայն, մտադիր է հաղթահարել նախագահական վետոն։

Վրաստանում օրինագծի ընդունման պատճառով բազմահազարանոց բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, որոնք ուղեկցվել են իրավապահների հետ բախումներով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում