Պաշտոնական

ՀՀ նախագահը Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատի նախագահին պարգևատրել է Երախտագիտության մեդալով

3 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահը Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատի նախագահին պարգևատրել է Երախտագիտության մեդալով

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, ողջունելով հյուրերին՝ նախագահ Խաչատուրյանը մասնավորապես ասել է.«Ուրախ եմ Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը ողջունել նախագահական նստավայրում: Մենք շատ բարձր ենք գնահատում անձամբ Ձեր և Լյուքսեմբուրգի աջակցությունը Հայաստանին այս դժվարին ժամանակներում: Մեծապես զգացված ենք այն աջակցությունից, որ ցուցաբերվում է Ձեր կողմից Հայաստանի Հանրապետությանը:

Մեր երկրների հարաբերություններում շատ գնահատված է հատկապես միջխորհրդարանական համագործակցությունը»:

Ըստ աղբյուրի՝ Կլոդ Վիզլերն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել.«Մեր հարաբերությունները բավական երկար պատմություն ունեն, մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականից, որոնք արդեն 30 տարուց ավելի են ձգվում: Մենք շատ լավ համագործակցել ենք խորհրդարանական մակարդակում, ձևավորվել է լավ բարեկամական խումբ, որն արդյունավետ աշխատում է:

Փոխայցեր ենք ունեցել նույնիսկ գործադիր իշխանության մակարդակով: Ձեր արտգործնախարարը Լյուքսեմբուրգ էր այցելել մի քանի ամիս առաջ և մենք շատ լավ քննարկում ունեցանք նրա հետ: Լյուքսեմբուրգի խորհրդարանում մենք հաճախ ենք խոսում Հայաստանի մասին, քանի որ Հայաստանը կարևոր երկիր է մեզ համար»:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության հարթակում առկա սերտ համագործակցության օրակարգային հարցեր:

Կողմերը երկուստեք բարձր են գնահատել երկու երկրների հարաբերություններում խորհրդարանական դիվանագիտության կարևոր դերակատարությունը և պատգամավորական բարեկամական խմբերի ակտիվ գործակցությունը:

ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկացմամբ՝ զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել վերջին տարիներին Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին, ինչի կապակցությամբ Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանն անշեղորեն շարժվում է ժողովրդավարության ինստիտուտների և արժեքների կայացման և ամրապնդման ուղիով:

Անդրադառնալով տարածաշրջանային իրողություններին նախագահ Վահագն Խաչատուրյանը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության հստակ դիրքորոշումը հասնել կայուն և տևական խաղաղության և բոլոր հարևանների հետ առանց նախապայմանների կարգավորված և բարիդրացիական հարաբերությունների ձևավորմանը:

Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանը Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերին պարգևատրել է Երախտագիտության մեդալով՝ Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման, մարդասիրական արժեքների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

Կազմակերպություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում